Եթե ամիսներ առաջ սիրիահայերի` Ղարաբաղում հաստատվելու մասին խոսակցությունները շատերի համար անհավանական ու մտացածին էին թվում, ապա այսօր արդեն ցանկացողների թիվն աստիճանաբար ավելանում է, կյանքը` աշխուժանում:
«Վերջին ամիսների ընթացքում Քաշաթաղում հաստատվել են ընդհանուր առմամբ 29 սիրիահայ ընտանիքներ,- «Մեդիալաբին» ասում է Քաշաթաղի վարչական շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը: – Շատ սիրիահայեր կան, որ ուզում են գալ, Երևանում են, բայց դեռ աշխատանք չունեն: Զանգում են, հետաքրքվում` կարո՞ղ են տեղափոխվել այստեղ»:
Մաթևոսյանն ասում է, որ Քաշաթաղ տեղափոխված սիրիահայ ընտանիքներից առնվազն կեսն արդեն իսկ ապահովված է բնակարանով, մյուսներն էլ «այդ ճանապարհին են»:
Սիրիահայերի թիվը, ըստ Մաթևոսյանի, մոտ 90 է: Նա նշում է, որ նրանք զբաղվում են հողագործությամբ, հաշվապահությամբ, աշխատում են որպես շարժիչագործ, ներգրավված են առողջապահության ոլորտում` բուժկետերում, հիվանդանոցներում:
«Ոմանք իրենց մասնագիտությամբ են աշխատում, ոմանք` հողագործությամբ զբաղվում: Այն ընտանիքները, որոնք եկել են, բոլորն էլ մնացել են, ոչ մեկը չի հեռացել կամ տեղափոխվել ուրիշ տեղ»,- նշում է նա:
Յուրաքանչյուր ընտանիքի 50 հա-ից ավելի հողատարածք են հատկացրել: Սիրիահայերը հիմնականում զբաղվում են հացահատիկային կուլտուրաներով, ցանում են գարի ու ցորեն և վաճառում տարբեր ընկերությունների` իրենց ապրուստը հոգալու համար:
Սիրիահայ Մուշեղ Արոյանն ասում է, որ դեռևս երկուսուկես տարի առաջ երազում էր Ղարաբաղ այցելելու և հատկապես Քաշաթաղը տեսնելու մասին, սակայն երբեք մտքով չէր անցնում, որ բնակություն կհաստատի այստեղ: Նա ասում է, որ չնայած դժվարություններին` չի մտածում տեղափոխվելու մասին:
«Չէի պատկերացնի, որ կապրեմ այստեղ»,- ասում է նա, սակայն հավելում, որ շատ գոհ է իր ընտրության համար:
«Այստեղ հնարավորությունները սահմանափակ են, բայց ես շնորհակալ եմ… հող ունեմ, տուն, աշխատանք»,- «Մեդիալաբին» ասում է Արոյանը:
55-ամյա Արոյանը մասնագիտությամբ բժիշկ է` թերապևտ: Հազարավոր սիրիահայերի նման նա ևս Սիրիայում սկիզբ առած պատերազմական իրավիճակի հետևանքով լքել է երկիրը, սակայն Երևանում հաստատվելու փոխարեն նախապատվությունը տվել է Քաշաթաղին, որի բնակավայրերում հաճախ բացակայում են տարրական կենցաղային պայմանները:
«Հայրենասիրությունից մղված եմ եկել: Մեր հողի վրա պիտի մենք ապրենք»,- հավատացնում է նա:
Արոյանը պատմում է, որ դեռ Սիրիայում հայկական հեռուստաալիքով տեսնելով, որ Քաշաթաղում սիրիահայերին բնակարան են տալիս, աշխատանքով ապահովում, անմիջապես զանգել է Ղարաբաղ ու տեղեկացրել, որ ուզում է տեղափոխվել:
Արդեն հինգ ամիս է, ինչ Սիրիայի Ղամիշլի քաղաքից Կովսական է տեղափոխվել կնոջ և չափահաս երեխաների հետ: Պատմում է, որ Ղամիշլիում 21 հազար մշտական հաճախորդ է ունեցել, ապրել է անհամեմատ լավ պայմաններում, սակայն միևնույն ժամանակ չի բողոքում:
«Ես և կինս սեպտեմբերից աշխատում ենք Կովսականի հիվանդանոցում` ես թերապևտ, նա` համաճարակաբան: Ընտանիքներ եղան, որ հետևեցին մեզ, իրենք էլ եկան Կովսականում ապրելու, քանի որ տարիներ շարունակ նրանց ընտանեկան բժիշկն էի,- պատմում է նա` նշելով, որ սկզբում Կովսականում ապրելու համար նվազագույն պայմաններ`ջուր, կենցաղային հարմարություններ չկային, սակայն քիչ-քիչ ստեղծեցին: – Ամեն ինչ չպետք է պահանջել պետությունից, եթե մի բան ինքդ էլ կարող ես անել, ուրեմն արա»:
Սիրիայի նույն քաղաքից մոտ երեք ամիս առաջ երիտասարդ ընտանիքի հետ Քաշաթաղի շրջանի Բերձոր տեղափոխված 29-ամյա Վարդան Պողոսյանը նույնպես հայրենասիրության մասին է խոսում:
«Ես ընտրեցի Բերձոր, ու վերջացավ, այստեղ ապրելու եմ»,- վստահ ասում է նա:
Նա պատմում է, որ դեռ Սիրիայի պատերազմից առաջ երազանք է ունեցել Ղարաբաղում ապրել: Իսկ երբ վիճակը փոխվել է, միանգամից ճանապարհ է բռնել այդ ուղղությամբ: Վարդանն ու կինը` Լուսվարդը, արդեն մոտ երկու ամիս է, աշխատանք ունեն` հաշվապահ են: Նրանց հետ է նաև մեկամյա դուստրը` Տարիքը:
«Այստեղ ամեն ինչ նորմալ պայմաններ են ապրելու, պարզապես աշխատավարձը շատ քիչ է, հազիվ է հերիքում ընտանիքի կարիքները բավարարելուն, բայց կարծում եմ, որ լավ կըլլա, կողքից նաև հողագործությամբ եմ զբաղվում: Մի քանի հեկտար հող ունեմ, վերջերս ցորեն, գարի ցանեցինք, վերջացրեցինք: Ես միշտ զբաղվել եմ հողագործությամբ ու հիմա էլ եմ զբաղվում»,- ասում է Պողոսյանը, ում ընտանիքը դեռ ապրում է ժամանակավոր կացարանում:
Կացարաններում պայմանները թեև բավականին լավն են, սակայն, ինչպես նշում է Ռոբերտ Մելքոնյանը, հարցի լուծման ուղղությամբ ակտիվ քայլեր են կատարվում: Նա նշում է, որ ներկայումս Կովսականում 12, Բերձորում 6, իսկ Իշխանաձորում 4 բնակարանով շենք է կառուցվում և 10 առանձնատուն:
«Մենք նույնիսկ ավելի ենք կառուցում, որովհետև ամեն պահ կարող են նոր սիրիահայեր գալ, շատերը Երևանում են, դեռ աշխատանք չունեն, մտածում են` միգուցե տեղափոխվեն այստեղ: Մենք փորձում ենք պատրաստ լինել նրանց գալուն, որ միանգամից ապահովենք բնակարանով»,- նշում է Մաթևոսյանը:
Բնակարաշինությանը նաև աջակցում է սեպտեմբերի 18-ին ստեղծված «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ոչ միայն զբաղվում է հումանիտար օգնություն Սիրիա ուղարկելով, այլև դրամական միջոցներ հավաքելով Քաշաթաղում բնակարանաշինության համար:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության հաշվեհամարը շարունակում է համալրվել նոր և խոշոր դրամական միջոցներով»,- նշել է նախաձեռնության անդամ, նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը` հույս հայտնելով, որ 2012-ին մեկնարկած գործը այս տարի ևս շարունակություն կունենա:
Սակայն, ի տարբերություն տարբեր նախաձեռնությունների, Հայաստանի իշխանությունները փորձում են շրջանցել սիրիահայերի` Քաշաթաղում հաստատվելու թեման:
Ըստ սփյուռքի նախարարության` «Մեդիալաբին» տրամադրած տվյալների, Հայաստանում ներկայումս ավելի քան 6000 սիրիահայեր կան, որոնց խնդիրներին «փորձում են ամեն կերպ աջակցել»:
«Սիրիահայերի աջակցության ծրագրերը նոր թափ են ստանում, փորձում ենք աջակցել աշխատանքի, տան, իրավական, բարոյական, հոգեբանական առումներով, բայց Ղարաբաղ տեղափոխվող հայերի հետ մենք որևէ առնչություն չունենք ու չենք էլ ուզում անդրադառնալ, քանի որ դրան քաղաքական երանգներ պիտի տրվեն»,- «Մեդիալաբին» ասում են սփյուռքի նախարարությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, պաշտոնական Բաքուն հարցի կապակցությամբ բողոքի նոտա էր հղել: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն հայտարարել էր, որ իրենք մտահոգված են եւ ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայերին Ղարաբաղում բնակեցման հարցը: Նա նշել էր, որ հարցը բարձրացրել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում :
«Վերաբնակվողների թիվը կարող է եւ մեծ չլինել, բայց, ամեն դեպքում, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում այս հարցը», – ըստ «Ազատություն» ռադիոկայանի ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Ադրբեջանի նման արձագանքը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «բնական» է համարում: Ըստ Սահակյան, «այն ժողովրդավարությունը, որ այսօր կա անկախ Լեռնային Ղարաբաղում նախանձելի է Ադրբեջանի համար», ինչը պատգամավորը համարում է հավաստացումն այն բանի, որ Արցախը ճիշտ ուղու վրա է:
«Եթե Ադրբեջանը սովոր է բիրտ մեթոդների, բռնի վերաբնակեցնելու կամ տեղահանելու, ապա մեզ մոտ դա սիրիահայերի ցանկությամբ է, իրենք են ուզում տեղափոխվել, ապրել, աշխատել այդ հողում: Ես շատ ողջունում եմ եւ դրական համարում այդ քայլը: Իսկ Ադրբեջանի ինչ որ պաշտոնյայի ասածը մեզ մտահոգիչ չի թվում»,-«Մեդիալաբին» ասում է Հովհաննես Սահակյանը:
© Medialab.am