Գագարինում օծվել է նորակառույց Սուրբ Խաչ մատուռը

Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Գագարինում օծվել է նորակառույց Սուրբ Խաչ մատուռը։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Սեպտեմբերի 5-ին Գագարինում տեղի է ունեցել նորակառույց Սուրբ Խաչ մատուռի բացման արարողությունը: Սրբատեղիի կառուցման մեկնարկը տրվել է 2019 թվականին:

Այն կառուցվել է բարերար, Սևանի պատվավոր քաղաքացի Դավիթ Գալստյանի միջոցներով և Գագարինի բնակիչների անմիջական աջակցությամբ:

Հոգևոր արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, պաշտոնական այլ անձինք, հյուրեր, համայնքի բնակիչներ:

Նորակառույց մատուռն օծվել է ձեռամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր առաջնորդ, հոգեշնորհ տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, այլ հոգևորականների մասնակցությամբ:

Արարողության ընթացքում ելույթ ունեցողները շնորհավորել են համայնքի բնակիչներին և միմյանց՝ նորակառույց մառուռի բացման առթիվ, խոսել եկեղեցի-ժողովուրդ կապի անհրաժեշտության ու կարևորության մասին:

Գագարինը իր ստեղծման օրից ի վեր սրբատեղի չի ունեցել և վերջապես իրականություն է դարձել Գագարինի նախկին պատասխանատու, վաղամեռիկ Սայաթ-Նովա Բադալյանի երազանքը»: