2018 թվականի հոկտեմբերի 28-ին կայացավ Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլը, իսկ նոյեմբերի 28-ին՝ երկրորդը։ Դեկտեմբերի 9-ին էլ կայացան ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Երկու ընտրություններն էլ մշտադիտարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության կողմից (այսուհետ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ կամ Առաքելություն)։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն արդեն իսկ հրապարակել է իր նախնական դիտարկումները` Վրաստանում կայացած ընտրությունների երկու փուլերի և Հայաստանում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Այս դիտարկումները իրարից որոշակի տարբերություններ ունեն։
Վարչական ռեսուրսի չարաշահում
Վրաստանի նախագահական երկու ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտարկումներն էլ շեշտում են վարչական ռեսուրսի չարաշահումների բացասական ազդեցությունը ընտրական գործընթացների վրա։ Այսպես, օրինակ, ըստ հոկտեմբերի 28-ի ընտրությունների վերաբերյալ արված դիտարկումների՝ առաջին փուլի ընթացքում եղել են վարչական ռեսուրսի չարաշահումների դեպքեր։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր է հիշատակում նաև Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ արված իրդիտարկումներում։ Մինչդեռ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից արված դիտարկումներում չեն արձանագրվել։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն երկու երկրների դեպքում էլ հիշատակում է, որ կառավարությունների կողմից արվել են քայլեր՝ վարչական ռեսուրսի չարաշահման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով։
Հիմնարար ազատություններ
Վրաստանում կայացած ընտրությունների առաջին փուլում, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտարկումների, հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել էին, սակայն Առաքելությունը արձանագրել է քարոզչական միջոցառումների համար որոշ խոչընդոտներ, ինչպես նաև կուսակցությունների գրասենյակների և քարոզչական նյութերի հանդեպ վանդալիզմի դեպքեր։ Երկրորդ փուլի դիտարկումների համաձայն՝ հիմնարար ազատությունները պահպանվել են, և մասնակիցները կարողացել են ազատորեն անցկացնել քարոզարշավ, սակայն «Վրացական երազանք» և «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների ակտիվիստների միջև տեղի են ունեցել առանձին բախումներ։ Հայաստանի դեպքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն նշում է․ «Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ», այնուհետև հավելում․ «Մրցակիցները կարողացել են ազատորեն իրականացնել իրենց քարոզարշավները. քարոզարշավի ընթացքում լիովին պահպանվել են միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտվելու և տեղաշարժի հիմնարար ազատությունները»։
Ընտրության օրվա մասին
Վրաստանում կայացած ընտրությունների առաջին փուլի քվեարկության օրը, ըստ Առաքելությանդիտարկումների, անցել է ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ և թափանցիկ։ Այնուամենայնիվ, ընտրատեղամասերի մոտակայքում կուսակցությունների մեծաթիվ կողմնակիցների հաճախակի ներկայությունը, ովքեր երբեմն նաև ընտրացուցակներ ունեին և նշում էին, թե ով է գալիս քվեարկությանը, մտահոգություն է առաջացնում ընտրողների վրա հնարավոր ճնշումների վերաբերյալ և կասկած առաջացնում առանց հետագա հատուցման վախի նրանց ազատ ընտրելու հնարավորության վերաբերյալ: Առաքելությունը նաև խնդիրներ էր արձանագրել ձայների հաշվարկի ընթացքում։ Երկրորդ փուլի քվեարկության օրը ևս կուսակցությունների կողմնակիցները ներկա են գտնվելընտրատեղամասերի մոտակայքում, ինչպես նաև հաշվարկի ընթացքում քաղաքացի դիտորդները և լրագրողները միջամտել են՝ հօգուտ կուսակցությունների։ Մինչդեռ, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտարկումների, Հայաստանում «ընտրությունների օրն անցել է հանգիստ, խախաղ, առանց ընտրողների հանդեպ ճնշումների և ահաբեկումների, և դրական է գնահատվել ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտորդների կողմից»։ Նախնական դիտարկումներում նաև նշվում է, որ ձայների հաշվարկն իրականացվել է առանց էական ընթացակարգային խախտումների:
Փաստորեն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտարկումները Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ անհամեմատ ավելի դրական են, քան Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների երկու փուլերի դիտարկումները։
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»