ԱՄՆ 50-ից ավելի կոնգրեսականներ Բայդենի վարչակազմին կոչ են արել դադարեցնել F- 16-երի վաճառքը Թուրքիային

ԱՄՆ-ի ավելի քան 50 կոնգրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակելու չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը  Թուրքիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Փետրվարի 4-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակում ասվում է.  «Մենք խստորեն կոչ ենք անում մերժել Թուրքիայի խնդրանքը՝  նոր F-16-երի և արդիականացման սարքավորումների վերաբերյալ, և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Էրդողանի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար: Միացյալ Նահանգները չպետք է հետագայում որևէ աջակցություն ցուցաբերի Թուրքիայի զինված ուժերին, քանի դեռ նախագահ Էրդողանը շոշափելի քայլեր չի ձեռնարկել՝ դադարեցնելու իր ապակայունացնող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները երկրում և արտերկրում»:

Նամակում շեշտվել է՝ նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանը չի փոխի իր վարքագիծը, քանի դեռ ԱՄՆ-ն չի օգտագործել իր դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ տնտեսական նպատակային պատժամիջոցները:

Բայդենի վարչակազմին ուղղված նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջեյք Օչինկլոսը, Թոնի Կարդենասը, Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլին, Ջիմ Կոստան և այլք: