«Ընձառյուծի առկայությունը խոսում է ամբողջ էկոհամակարգի հավասարակշռության և կայուն սննդային շղթաների առկայության մասին». Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մի քանի օր առաջ ֆոտոխցիկները հերթական անգամ կովկասյան ընձառյուծ են նկարել Զանգեզուր կենսոլորտային համալիրում:

Ընձառյուծի առկայությունը կարևոր է նաև սննդային շղթաների տեսակետից, որոնք բավական բարդ են: Դրանցից շատերը հատվում են և առաջացնում խճճված սննդային շղթաներ, որոնցով փոխկապված են բոլոր կենդանիները և բույսերը:

Ապօրինի անտառհատումների, որսագողության, բնադրավայրերի կորստի և այլ մարդածին ազդեցությունների հետևանքով սննդային շղթաներում առաջանում են խզումներ, որոնք ազդում է բոլոր կենդանիների և բույսերի վրա:

Եվս մեկ անգամ շեշտեմ՝ ընձառյուծը սննդային շղթայի գագաթն է և վերջինիս առկայությունը խոսում է ամբողջ էկոհամակարգի հավասարակշռության, վերականգնման և կայուն սննդային շղթաների առկայության մասին»: