Չեխիան շահագրգռված է Երևանում «կանաչ» տրանսպորտի, թափոնների վերամշակման նախագծերով

Չեխիան շահագրգռված է Երևանում «կանաչ» տրանսպորտի, թափոնների վերամշակման նախագծերով
Չեխիան շահագրգռված է Երևանում «կանաչ» տրանսպորտի, թափոնների վերամշակման նախագծերով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպման ժամանակ դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական կողմը շահագրգռված է Երևանում շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող մի շարք նախագծերով, ինչպիսիք են՝ «կանաչ» տրանսպորտը, թափոնների վերամշակումը և այլն:

Նշելով, որ մայրաքաղաք Պրահան աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրային տրանսպորտի կազմակերպման և կենցաղային թափոնների վերամշակման բնագավառներում, դեսպան Միկիսկան պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու քաղաքների համագործակցությանն այս ոլորտներում:

Մարությանը նշել, որ քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք ներառում են նաև դատական համակարգի բարեփոխումը, էապես կնպաստեն Երևանում գործարար միջավայրի բարելավմանը:

Կողմերը հույս են հայտնել, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները հնարավորինս մոտ ապագայում կկարողանան փոխայցելություններ կատարել՝ խորացնելու երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերը: