ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը հունիսի 9-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր մի փաստաթուղթ՝ կից գրառմամբ նշելով, որ քննարկվում է ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցի վրա գտնվող «Սև շենքի» վաճառքի հարցը, և որ ըստ տեղեկությունների՝ օտարված տարածքում գնորդը պատրաստվում է հյուրանոց կառուցել:
Կցված փաստաթուղթը Պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանն էր Հեքիմյանի գրավոր հարցմանը, որում նշվում էր, որ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքը հանդիսանում է պետական սեփականությունը և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին, սակայն ներկայում, ներդրումային ծրագրի համաձայն, քննարկվում է նշված գույքը ձեռք բերելու կոնկրետ առաջարկ:
Գրառումը տարածվել էր սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում, այդ թվում՝ yerkir.am, 168.am, mamul.am, hy.armradio.am, armeniatoday.news և այլ կայքերում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, սակայն, հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ ԵՊՀ «Սև շենքը» չի վաճառվում և չի օտարվում:
Բարձրացված աղմուկից հետո պարզաբանում է տարածել նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ նշելով, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, թե պետական գույքի կառավարման կոմիտեն պատրաստվում է օտարել ԵՊՀ֊ի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող «Սև շենքը», չի համապատասխանում իրականությանը։
«ԵՊՀ «Սև շենքի» օտարման հարցը Կոմիտեում երբևէ չի քննարկվել։ Իրականում խոսքը գնում է նույն հասցեում գտնվող հողամասի՝ կից հրապարակված հողամասի հատակագծում, բաժանման սխեմայում նշագրումով առանձնացված 197.27 քառ. մետր մակերեսով հատվածի մասին, որը, ինչպես երևում է կից հրապարակված լուսանկարում, գլխավորապես ծառայում է որպես ավտոկայանատեղի և այլ նպատակով չի օգտագործվում»,- նշված է պարզաբանման մեջ։
Կոմիտեն հրապարակել է նաև Կարեն Հեքիմյանի կողմից ուղարկված հարցումը՝ պնդելով, որ այն բացառապես վերաբերվել է Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ-ի մասնաշենքին կից ավտոկայանատեղիին, այլ ոչ թե՝ «Սև շենքին»։
«Ի պատասխան հայտնել ենք, որ տվյալ հատվածի օտարման նպատակահարմարության հարցը պարզելու համար աշխատանքային կարգով քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Ընդգծում ենք, որ քննարկումը չի ենթադրում տվյալ հատվածի օտարման մասին որոշման կայացում»,- նշվել էր պարզաբանման մեջ։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ տեղեկությունը, թե ԵՊՀ-ի «Սև շենքը» օտարվում է, իրականությանը չի համապատասխանում։ Քննարկումներ են ընթանում ԵՊՀ մասնաշենքին կից ավտոկայանատեղիի օտարման շուրջ։ «Փաստերի ստուգման հարթակը» կփորձի պարզել՝ ինչ ներդրումային ծրագրի մասին է խոսքը, և ինչ է այն ենթադրում։