ԱԺ-ն քննարկում է փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությունը

Ազգային ժողովում այսօր շարունակվում է ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը։

Վարդևանյանի թեկնածության քննարկումը նախօրեին չի ավարտվել և շարունակվել է այսօր։ Պատգամավորների հարցերը վերաբերել են, մասնավորապես, քաղբանտարկյալներին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ընտրակաշառքի գործերին և թեկնածուի նախկին քաղաքական գործունեությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ չի հայտնել՝ կաջակցի՞ Վարդևանյանի թեկնածությանը, թե՞ ոչ։

Մինչ խորհրդարանում շարունակվում է Վարդևանյանի թեկնածության քննարկումը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ ժամը 16։00-ին լինելու է Վաղարշապատում՝ մասնակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով նախնական դատալսումների առաջին նիստին։

«Մենք կլինենք Վաղարշապատում ժամը 4-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ», – հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Վաղարշապատում, տեղի կունենա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը։