Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը` ղեկավար Սթիվեն Բայերին, բժշկական թիմի ղեկավար Միլթոն Դանիել Շիդերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլոք:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին գնահատելի օգնության և փորձի փոխանակման համար: Նա հավելել է նաև, որ համավարակի հաղթահարման զարգացած երկրների փորձը հնարավոր կլինի ուղղել դեպի զարգացող երկրների առողջապահական համակարգերի բարելավմանը:
Իր հերթին դեսպան Բանցհաֆն իր գոհունակությունն է հայտնել նախարարին` առաքելության կատարած աշխատանքի գնահատման և արդյունքների վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար, ընդգծելով, որ համավարակի մասին ստացված գիտելիքները կօգնեն առավել դյուրին կերպով հաղթահարել բարդությունները: Դեսպանն ընդգծել է, որ թիմն ավարտել է առաքելությունը և Գերմանիա է վերադառնում մասնագիտական նոր համագործակցությունների ակնկալիքով:
Սթիվեն Բայերը կիսվել է հայ բուժաշխատողների և մասնագետների բարձր պատրաստակամության վերաբերյալ իր տպավորություններով, պատմել այս ընթացքում նրանց հետ անցկացրած քննարկումների, դասընթացների մասին: Այնուհետև նա ներկայացրել է բուժման ընթացակարգի այն հարցերը, որոնց ուղղությամբ աշխատանքները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:
Հանդիպման վերջում առողջապահության նախարարության կողմից շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել առաքելության անդամներին:
Նշենք, որ գերմանական բժշկական թիմի այցը կազմակերպվել է Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Գերմանիայի կառավարության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Եվրամիության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով։ Աջակցել են նաև Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը, Առողջապահության դաշնային նախարարությունը և գերմանական օդուժը: Թիմն իր հետ բերել էր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներ, նյութեր (PPE, դեղեր)։ Բժիշկներն աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնում և Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում:
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։