«Մշակույթի նախարարությունը պարզապես չի տեսնում ազատ դաշտում ստեղծագործող արվեստագետներին». Վահան Արծրունի

«Մշակույթի նախարարությունը պարզապես չի տեսնում ազատ դաշտում ստեղծագործող արվեստագետներին». Վահան Արծրունի
«Մշակույթի նախարարությունը պարզապես չի տեսնում ազատ դաշտում ստեղծագործող արվեստագետներին». Վահան Արծրունի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգահան, երաժիշտ Վահան Արծրունին:

-Ինչո՞ւ հանվեց Ձեր` Զվարթնոց հուշարձանի տարածքում կայանալիք համերգը: Դա կոնկրետ Ձեր հանդեպ վերբերմո՞ւնք է, ուղե՞րձ Ձեզ ուղղված:

– ՊՈԱԿ-ի պաշտոնական վարկածն այն է, որ պայմանագիր չի կնքվել կազմակերպչի և ՊՈԱԿ-ի միջև, Շարմ Հոլդինգի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ համերգի ժամանակավորապես հետաձգելու պատճառն այն է, որ բարենպաստ եղանակ չէ և փոխադրվելու է մեկ այլ օր: Ես չեմ, դուք եք, ի՞նչ հետևություն կարելի է անել: Այս ամենը մեզ ազատություն է տալիս ցանկացած կերպ մեկնաբանել իրավիճակը, որովհետև երկու կողմի պատասխաներն էլ սպառիչ չեն, ընդհակառակը, ևս մեկ պտույտ են ավելացնում հարցականների պարույրի մեջ: Այս հարցերի շրջանակը իմ պատասխանատվության գործառույթների դաշտից դուրս է: Այսինքն՝ ըստ մեր պայմանավորվածության՝ ես զբաղվում եմ միայն ստեղծագործական հարցերով, մնացած հարցերով կազմակերպիչը: Երբ պատրաստվում եք համերգի, չի ենթադրում ստեղծագործողի ներկայությունը այդ տիրույթներում, որովհետև դրանք ստեղծագործական տիրույթից դուրս են:

– Մեկ ամսվա ընթացքում նախ` արգելվեց Թումանյանի տուն-թանգարանի կազմակերպած ցուցահանդեսը, որին դուք շատ խիստ արձագանքեցիք, հիմա էլ Զվարթնոց հուշարձանի տարածքում կայանալիք ձեր համերգն է արգելվում։Ձեր կարծիքով` սա ընդհանուր մշակութային ռազմավարության մա՞ս է կազմում, դաշտը բաժանված է յուրայինների և ոչ յուրայինների՞։

– Ես իմ վրդովմունքն եմ արտահայտել ու վերաբերմունքն ունեցել ոչ միայն վերոնշյալ իրադարձությունների նկատմամբ, այլև այն ժամանակ, երբ Օպերային թատրոնից մեկ օրվա ընթացքում հեռացվեց երեք փոխտնօրեն, և թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա կազմակերպեց ու տապալեց «Գայանե» բալետը, և երբ դրան հաջորդեցին «ռազբորկաներ» Օպերային թատրոնում, մանավանդ մինչ այդ տեղի ունեցած բուռն քննարկումների ֆոնին՝ կապված սաունաների, ռեստորանների հետ: Ես այն ժամանակ էլ իմ դիրքորոշումն արտահայտեցի, ասելով, որ սա անընդունելի է, և ոչ մի ստալինյան տրոյկաներ, ոչ ոք իրավունք չունեն անել մի կոլեկտիվում, որն արդեն ինքնադրսևորվել է։ Այստեղից պետք է պարզապես հետևություններ անել և ճշգրտել մեր երկրի քաղաքականությունը մշակութային ոլորտում։

Ես արձագանքեցի նաև այն ժամանակ, երբ տեղի ունեցավ դահլիճների սակագների բարձրացում։ Երբ կամայական որոշմամբ կրկնակի բարձրացվում են բոլոր բեմերի վարձակալության պայմանները, սա նշանակում է, որ ինձ պես ազատ արվեստագետն այլևս չի կարող իրեն թույլ տալ որևէ դահլիճ վարձակալել, որովհետև այդ բարձր գինը ջարդվելու է հանդիսատեսի գլխին, որովհետև ես ստիպված գնում եմ տոմսի գինը բարձրացնելուն, որպեսզի փակեմ ծախսերը։ Իսկ այս պարագայում իրատեսական սահմաններ կան։ Եթե նկատել եք, արդեն որերորդ ամիսն է` մեր քաղաքում, բացի հաստիքային համերգներից, որևէ այլ համերգ չկա։ Իսկ դրա պատճառն այն է, որ բոլորը հրաժարվել են դահլիճներ վարձակալելու մտքից։ Սա՞ էլ է նախարարության նորամուծություններից մեկը։

– Այսինքն՝ համերգ կազմակերպելը ձեռնտու է միայն նրանց, որոնք համերգներով շատ մեծ գումարներ են վաստակում, հարսանիքների՞ են երգում։

– Նրանց էլ ձեռք չի տալիս, ոչ ոքի դա ձեռք չի տալիս։ Նման քաղաքականությունը միտված է ոչ թե բյուջեն լցնելուն, այլ դաշտը ամայացնելուն, քանի որ արդեն համերգ տալու ցանկությունը բացակայում է։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է բյուջեն լցնեն։ Իսկ հաստիքային գործիչները պարտավոր են համերգների մասնակցել առանց հոնորարի և անգամ առանց օրապահիկի, որի օրինակները շատ են։ Նրանք ոչինչ չեն կարող հայտնել, որովհետև հաստիքային են և անմիջապես աշխատանքից կհեռացվեն։ Եվ այդ ոլորտում ազատ դաշտի մեջ միակ արտահայտվողը եղել եմ ես։ Ուրիշ որևէ մեկը այդ խնդիրները չի կարող բարձրացնել, որովհետև ոլորտում գրեթե բոլորը որոշակի կախման մեջ են մշակույթի նախարարությունից։ Մենք տեսնում ենք, որ թվարկած բոլոր նախաձեռնությունները մի տրամաբանության մեջ են, որը ձևավորում է որոշակի քաղաքականություն` հիմար քաղաքականություն։ Այսինքն՝ գործում է ԽՍՀՄ ժամանակների համակարգը, երբ ով մոտ էր նախարարությանը, ստանում էր հատկացումներ, երաշխավորված հյուրախաղեր, իսկ ով դուրս էր այդ համակարգից, դառնում էր անտեսանելի մշակույթի նախարարության համար։ Մշակույթի նախարարությունը պարզապես չէր տեսնում ազատ դաշտում ստեղծագործող արվեստագետներին։ Խոսքը ոչ միայն երաժշտարվեստի մասին է, այլև կերպարվեստի, կինոյի, թատրոնի, որոնք հարգի ոլորտներ են։ Ընդհանրապես արվեստի այս կամ այն ոլորտը պահողը ոչ թե հաստիքայիններն են, այլ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, ազատ ստեղծագործողները։ Դրա համար ողջ աշխարհում կա պրակտիկա` նախևառաջ խրախուսելու, պայմաններ ստեղծելու այդ զանգվածի համար։ Մեր պարագայում այդ հատվածը կարծես գոյություն չունի, գոյություն ունի հաստիքային դաշտ, որտեղ ոնց ուզում` վերահաշվումներ են կատարում։ Սրան գումարվեց վերջին նորարարությունը, ըստ որի բոլոր թատրոնները, բոլոր համերգային կազմակերպությունները, դահլիճները պետք է 30 տոկոսով բյուջետային հատկացումներ անեն, հաստիքային անձնակազմը պետք է կրճատվի 10 տոկոսով, իսկ նրանց ֆինանսական պարտավորություններն աճել են 30 տոկոսով։ Սա կործանարար քաղաքականություն է։ Այսինքն` դու քո ստեղծագործական ռեսուրսը նվազեցնում ես, ֆինանսավորումը նվազեցնում ես և պահանջում, որ այդ հաստատությունները 30 տոկոսով ավելի եկամուտ տան։ Սա, ըստ էության, թաքնված ոլորտ է, որի մասին տեղյակ են միայն ներսի արվեստագետները։ Ես շնորհակալ եմ, որ առիթ ունեցա նորից բարձրաձայնելու այս մասին։ Իհարկե, սա քաղաքականություն է, իհարկե, որևէ պատահականություն այս դաշտում, այս փուլում, այս զարգացումների ընթացքում չկա։ Սրանք բոլորն օրինաչափություններ են։

– Այս վիճակն ինչի՞ կհանգեցնի` արվեստագետները կքչացնե՞ն համերգները, դահլիճները եկամուտ չե՞ն ստանա:

– Խնդիրը նախևառաջ ոչ թե արվեստագետինն է, որովհետև արվեստագետը, ով ունի համբավ, շատ հանգիստ ճամպրուկները հավաքել և իր խնդիրները լուծել է՝ մեկնելով այնտեղ, որտեղ իր արվեստը պահանջված է։ Խնդիրը հանրությանն է, որը խեղդվում է այն հաստատության ձեռամբ, որը, ըստ Սահմանադրության, պարտավոր է զբաղվել մշակույթի ոլորտով՝ ներկայացնելով արվեստը ներսում և դրսում։ Ի հետևանք` հանրությունը զրկվում է այդ ամենից, նրան բաժին է հասնում այն հաստիքային ցուցակը, որը հաստատվել է դեռևս Հասմիկ Պողոսյանի կողմից և փոխանցվել ներկայիս նախարարին` այսպես ասած, տիրություն անելու համար։ Այսինքն՝ հաստիքային սեգմենտում որևէ տեղաբաշխում և բացասական շարժ տեղի չեն ունենում։ Փառատոների ու հյուրախաղերի քանակն է աճում, որոնց նույն արտիստներն ու կոլեկտիվներն են մասնակցում։ Աստված նրանց հետ, նրանք, իհարկե, պետք է առաջին հերթին իրենց շահերը պաշտպանեն, բայց ես այս երկրի քաղաքացի եմ և, ի վերջո, հանդիսատես եմ։ Ջազն արդեն հայտնվել է անհասկանալի վիճակում։ Նա չի կարող ակումբների կախարդական շրջանից դուրս գալ, և եթե նկատել եք, ինչքան գինու գործարան կա` ջազի փառատոն է կազմակերպում։ Անուն հանած համաշխարհային երաժիշտները ստիպված են գնալ տարբեր գործարանների պատերի անկյուններում ձևեր թափել, իբր ջազի փառատոն են անցկացնում։ Սրա պատասխան տվողն ո՞վ է։ Ջազն ընդամենը մի օրինակն է, կարող ենք նման օրինակներ բերել նաև արվեստի այլ ոլորտներից։ Կինոյի, թատրոնի ոլորտներում ևս աղետալի վիճակ է ստեղծվել։

– Այսինքն՝ իրենք ամեն բան հարմարեցնում են իրե՞նց։

– Իհարկե, սա մեծ համակարգ է, սկսած բյուջեի բաշխումից, հյուրախաղերի կազմակերպումից և ընտրելուց, թե ովքեր են գնալու այդ հյուրախաղերին, վերջացրած այն բարիքներով, որոնք իրենք իրար մեջ բաշխում են, սկսած աստղաբաշխական հոնորարներից, որ որոշ մարդիկ այդ ոլորտում ստանում են, ի տարբերություն մնացածների, որոնք կոպեկներով են օրվա հացի խնդիրները լուծում, վերջացրած կոչումների բաշխմամբ, որը բոլորիս աչքի առջև է։ Ամեն տարի կոչումների բաշխման ժամանակ լրագրողները նույն հարցն են տալիս՝ ինչպե՞ս եք մեկնաբանում։ Իսկ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել տասնամյակներ ձգվող այդ պրոցեսը, որը վկայում է վարվող քաղաքականության մասին։

Մանե Հարությունյան

MediaLab.am