Կարճ փեշեր, ավանդականից դուրս գույներ. հայ հարսնացուները դեռ պատրաստ չեն համարձակ լուծումների

Կարճ փեշեր, ավանդականից դուրս գույներ. հայ հարսնացուները դեռ պատրաստ չեն համարձակ լուծումների
Կարճ փեշեր, ավանդականից դուրս գույներ. հայ հարսնացուները դեռ պատրաստ չեն համարձակ լուծումների

Ըստ մասնագետների՝ հայ հարսնացուները դեռ պատրաստ չեն հարսանյաց զգեստի համարձակ լուծումների, նրանց երբեմն հետ են պահում ավանդույթները, երբեմն՝ միջոցների սղությունը:

Նելլի Գևորգյանը հարսի շոր ընտրելու համար մի քանի օր շրջում է քաղաքի հարսանյաց սրահներում. հերթական սրահում նա արդեն չորրորդ զգեստն էր փորձում.

«Մի քիչ դժվար է ընտրություն անելը, որովհետև հարմար գինն ու հավանած շորը չեն համընկնում, դրա համար էլ ստիպված ենք այսքան երկար ման գալ»:

Հարսանյաց զգեստը հագած` հարսիկը երկմտում է, սկեսուրը՝ փորձում օգնել ընտրության հարցում. «Առաջին հագածդ ավելի շատ էր քեզ սազում, համ էլ, ինչ ուզում ես ասա՝ հարսի շորը պիտի սպիտակ լինի»:

Չգրված օրենքով ու նախապաշարումներով հայտնի անհարսանիք մայիս ամսից հետո հունիսից սկսվում է հարսանեկան բուռն ամառը ու շարունակվում մինչև ուշ աշուն: Աշխուժանում է նաև հարսանյաց սրահների աշխատանքը:

Տարիների ու հարյուրամյակների ընթացքում հարսանեկան տոնակատարությունները փոփոխվել են, ծեսերն արդիական երանգներ են ստացել: Հիմա հարսանեկան իրարանցման գլխավոր իրադարձություններից է հարսանյաց զգեստի ընտրությունը, ինչի համար լայն հնարավորություն են ընձեռնում մայրաքաղաքում օրեցօր ավելացող հարսանյաց սրահները:

«Հիմնականում հարսիկները, արդեն շորի ձևն ու տեսքը որոշած, գծագրած, մտքում պատկերացրած, գալիս են,- ասում է «Հարսենի» սրահի աշխատակից, դիզայներ Օֆելյա Պարոնիկյանը,- բայց ամսագրում տեսած ու հավանած շորը կարող է չհամապատասխանել կազմվածքին, հասակին և գումարի չափին, երբեմն նաև սկեսուրների կամ փեսայի ու հարսի կարծիքների տարբերությունները դժվարացնում են թե´ մեր, թե´ նրանց գործը»:

Խանութ-սրահներում վաճառվում են թե´ բրենդային, թե´ անհայտ ընկերությունների զգեստներ 50.000-ից մինչև 900.000 և ավելի դրամով` կախված մոդելից, բրենդից և հագած-չհագած լինելու հանգամանքից:

«Հարսանիք ասվածը մեզ մոտ մի փոքր աղավաղված է, մարդիկ հասկանում են միայն լավ ուտել-խմել, դրա համար էլ կարող են միլիոնանոց հարսանիք անել, բայց հարսի զգեստին չնչին գումար հատկացնել,- ասում է Պարոնիկյանը,- և ի հետևանք տուժում են հարսիկները, որովհետև նրանց համար օրը կարևորվում է նաև հարսի զգեստով ու իրենց տեսքով»:

Համաշխարհային նորաձևության բնագավառում ամենապահպանողականը հարսանյաց զգեստների մոդելավորումն է, և չնայած արտերկրում դրա փոփոխությունների միտումներին, Հայաստանում հարսիկները դեռ պատրաստ չեն համարձակ փոփոխությունների:

Հայ հարսի զգեստը հնում եղել է հատուկ այդ օրվա համար կարված տարազը: Եվրոպացիներն առաջինն էին, որ հարսի կերպարը ներկայացրին ճերմակ, երկար հարսանյաց զգեստով: Եվրոպական նորաձևությունն անցյալ դարում եկավ նաև Հայաստան՝ ազգային որոշ նրբություններով՝ սպիտակի խորհրդանիշը կապելով մաքրության, անարատության հետ, և դարձավ հարսանիքի անբաժան մասը:

«Երբևէ չի եղել, որ հարսանյաց սրահ մտնեն և սպիտակ կամ կաթնագույն շորից բացի, այլ գույնի շոր հարցնեն: Կարող է ուզեն գունային ինչ-որ առանձնահատկություն մտցնել, բայց դա լինում է կամ զգեստի գոտու, կամ տարոսիկների ու ծաղիկների տեսքով»,- «Մեդիալաբին» ասում է «Մարենա» հարսանյաց սրահի տնօրեն Մարգարիտա Թումանյանը:

80-ականներին նորաձև գունավոր հարսանյաց զգեստները մեծ տարածում չունեցան, և վերջին տարիներին նորաձևությունը կրկին վերադարձել է սպիտակին, մասնավորապես` շամպայն, կաթնագույն, փղոսկրյա կամ, ինչպես ընդունված է, այվրի, սպիտակ` կարմիր ծաղիկներով և այլն:

«Այսօր նորաձև են համարվում այվրի կամ կաթնագույն, ոչ շատ ուռուցիկ` նստեցրած, շղարշով և ժանյակով զարդարված զգեստները,- «Մեդիալաբին» ասում է «Կարոզա» հարսանյաց սրահի տնօրեն Ալինա Հակոբյանը: – Բայց միանշանակ ասել, թե հայ հարսիկները հետևում են դրան, չեմ կարող, որովհետև դեռ կան աղջիկներ, որոնք այն համոզմանն են, որ զգեստը պետք է ճեփ-ճերմակ լինի»:

Հարսանյաց զգեստների ձևն ի սկզբանե եղել է երկար, իսկ նորաձևության միտումները` թե´ գույների և թե´ «փեշի կարճության» իմաստով չկարողացան հաղթել:

Օֆելյա Պարոնիկյանի խոսքով` սակավաթիվ մարդիկ են կարճ զգեստ ընտրում, նրանք հիմնականում փորձում են նմանակել դերասաններին կամ մոդելներին, կամ էլ՝ ավելի համարձակ ու յուրօրինակ երևալ.

«Հատկապես լինում են դեպքեր, երբ հարսիկները ցանկանում են իրենց հարսանիքին ներկայանալ երկու տարբեր ոճերով,- ասում է նա: – Ուզում են երկար զգեստ, որը կարճանալու հնարավորություն ունի, որը իրենք տեսել են ֆիլմում կամ ամսագրում»:

Անի Եղիազարյան

© Medialab.am