«Իրավական անարդարությունը արտագաղթ ծրագրավորող ամենախոշոր երևույթն է». Հրանուշ Խառատյան

«Իրավական անարդարությունը արտագաղթ ծրագրավորող ամենախոշոր երևույթն է». Հրանուշ Խառատյան
«Իրավական անարդարությունը արտագաղթ ծրագրավորող ամենախոշոր երևույթն է». Հրանուշ Խառատյան

Գազի թանկացման, արտագաղթի եւ վերջին ժամանակներում ստեղծված իրավիճակի մասին  «Մեդիալաբը» զրուցեց ազգագրագետ, քաղաքացիական ակտիվիստ Հրանուշ Խառատյանի հետ:

– Տիկի´ն Խառատյան, գազի գնի բարձրացումը, ըստ Ձեզ, լրացուցիչ կհանգեցնի՞ արտագաղթի ծավալների աճին, և, ընդհանրապես, ի՞նչ իրավիճակ կստեղծվի անտառներին մոտ գտնվող բնակավայրերում:

– Կարծում եմ` անտառամերձ շրջաններից արտագաղթը կավելանա: Այդ շրջանները գազիֆիկացրեցին, որ իբր անտառի հանդեպ ճնշումը նվազի, բայց արդեն մոտ 2-3 տարի առաջ անտառամերձ բնակավայրերում մարդիկ գազը մեծ ծավալներով չէին օգտագործում: Եվ արդեն իսկ անտառի վրա ճնշումը կա, բացի չորուկները հավաքելուց, նաև ծառերի կտրատում կա: Մենք երկու տարի առաջ էինք հետազոտություն անում և կանխատեսումներ արեցինք: Արդեն ակնհայտ էր, որ սպառողների թիվը նվազում է: Դա ոչ միայն արտագաղթի հետևանքով էր նվազում, այլ նաև գազ օգտագործելուց հրաժարվելու: Ակնհայտ է, որ գազի թանկացման հետ կապված լրացուցիչ այլ թանկացումներ էլ կլինեն: Եթե այն ժամանակ գազի գինն էր, հիմա դրա հետ կապված լրացուցիչ թանկացումներն ակնհայտ կխթանեն արտագաղթը: Առանց այն էլ մեր երկրում համախառն ներքին արդյունքի մեջ մեծ մասնաբաժին ունի ֆինանսական ոլորտը, հիմնականում՝ բանկային: Այսինքն՝ նորմալ տնտեսություն չկա: Հասկանալի է, որ հիմա տնտեսական մնացած հնարավորությունները կա´մ նվազելու են, կա´մ գների վրա են ազդելու: Իսկ դա նշանակում է աշխատատեղերի կրճատում կամ աշխատողներին չձևակերպել՝ մեծացնելով ստվերը: Այս ամենն ակնհայտ երևում է: Բնական է, արտագաղթի վրա պետք է ազդի և բնակչության ընդհանուր կենսամակարդակը:

Առաջիկայում նվազագույն աշխատավարձը բարձրանալու է 10 հազար դրամով, սակայն դրան զուգահեռ հերթական գնաճի ալիքն է սպասվում: Այսինքն՝ ստացվում է, որ բարձրացումը որևէ նշանակություն չի՞ ունենալու ազգաբնակչության համար:

– Այդ բարձրացումն ընդհանրապես որևէ ազդեցություն չի ունենալու: Գազի գնի բարձրացումը և երկրում ընդհանուր գնաճը այնքան էական են ազդում կենսամակարդակի վրա, որ աշխատավարձի բարձրացման ազդեցության մասին ընդհանրապես անիմաստ է խոսել: Դա ոչ մի ազդեցություն չի ունենա, նույնիսկ 50 տոկոսով չի հավասարակշռի կենսամակարդակում առաջացող նոր խոռոչները:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից՝ բարձր աշխատավարձի հետևի՞ց են գնում, ինչպես երկրի ղեկավարությունն է պնդում, թե՞ աշխատատեղերի պակասի ու անարդարության պատճառով:

– Ոչ միայն սոցիալական, այլ նաև իրավական անարդարության պատճառով են մարդիկ հեռանում: Սոցիալական անարդարությունն այն է, որ մարդը ոտնահարված է իրեն զգում, իսկ իրավական անարդարությունը՝ որ ինքը չի կարողանում իր իրավունքն իրացնել: Սա շատ լուրջ խնդիր է, ես խնդրում եմ հատուկ շեշտել: Իրավական անարդարությունը մեզ համար արտագաղթ ծրագրավորող ամենախոշոր երևույթն է: Եթե իրավական անարդարություն չլիներ, մարդիկ նույնիսկ այս պայմաններում կկարողանային լուծումներ գտնել և իրենց անհատական տնտեսական ծրագրերն իրականացնել և իրացնել: Օրինակ՝ Նոր Նորքի շուկայի վաճառողներն այս օրերին բողոքում են, պատրաստվում են երկրից մեկնելու, բայց ոչ ոք չի էլ մտածում: Տարիներով այդտեղ առևտրով ընտանիք պահողներ են նրանք: Սուպերմարքեթի պատճառով այդ տարածքը պետք է վերանա, բայց տարածքում հարյուրավոր մարդիկ են աշխատում, նրանք բոլորը զրկվում են այդ վայրից, որտեղ տասնյակ տարիներ իրենց ապրուստի խնդիրները լուծել են: Ես կոնկրետ օրինակ եմ բերում, բայց նման դեպքերը Հայաստանում բազմաթիվ են: Էլ չենք խոսում այն մասին, որ սուպերմարքեթների գոյությունը հարվածում է փոքր խանութներին: Եթե մեկը փորձի մի տեղ ուզել քաղաքապետարանից՝ իր տնտեսական նախաձեռնությունն իրականացնելու համար, հազար ու մի պրոբլեմի մեջ է ընկնում: Այսինքն՝ իրավական անարդարությունն ամենաշատն է նպաստում արտագաղթի ծավալների մեծացմանը: Ցավոք, մարդիկ գիտեն, որ ոչ մի հարց Հայաստանում դատարանով չեն կարող լուծել: 

Մարի Ներսեսյան 

Լուսանկարը` civilnet.am

© Medialab.am