«Դու չի Դուք ա»․ վիճաբանություն՝ ԱԺ-ում. Տեսանյութ

«Դու չի Դուք ա»․ վիճաբանություն՝ ԱԺ-ում. Տեսանյութ
«Դու չի Դուք ա»․ վիճաբանություն՝ ԱԺ-ում. Տեսանյութ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «սիրուն աղջիկ» անվանելը խորհրդարանում այսօր կրքեր բորբոքեց:

Գրում է Factor.am-ը: Նախ՝ իշխանական պատգամավորները Մարուքյանին խորհուրդ տվեցին հիշել, որ ինքը պատգամավոր է և մնալ կլասիկ պատգամավորի դիրքում, ապա «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ իշխանական պատգամավորներին կոչ արեց ռեպլիկներ չանել Մարուքյանի հնչեցրած առաջարկների հետևից և չնեղվել «սիրուն աղջիկ» ձևակերպումից։

Պատգամավորների վիճաբանությանը միջամտեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և Անի Սամսոնյանին խորհուրդ տվեց դահլիճում տեղից չարձագանքել և չընդհատել ամբիոնից ելույթ ունեցողների խոսքը։ «Էս ի՞նչ խոսելու ձև ա, խոսում եք ինչ-որ բաներից, ամեն ինչ ստեղից է սկսում, երբ ծաղրում  և հեգնում են․ էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա։ Պետրոսյան Գևորգը գալիս ստեղից ասում է՝ ավելի լավ է տղեն տղուն կոմպլիմենտ չանի»,- ասաց  Սիմոնյանը՝  և տեղից արձագանքող  Գևորգ Պետրոսյանին ասաց. «Դու չի, Դուք ա»։

ԱԺ փոխնախագահը նաև հավելեց, որ  իրենց կողմից նման երևույթները ստանալու են կոշտ արձագանք։ «Արձագանքը լինելու ա տասնապատիկ ավելի ուժեղ․ այն եղել է, երբ մենք իշխանություն չենք եղել ու որևիցե մեկից չենք վախեցել, իսկ հիմա պատկերացրեք, թե դա ոնց ա լինելու»,- ասաց  Սիմոնյանը։