Ինչպե՞ս նվազեցնել տոներին ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու վտանգը.Unicef

Unicef.org-ը գրում է.

Պլանավորո՞ւմ եք տարեվերջյան տոնակատարություն կամ ճամփորդություն։ Շատերի համար տարվա այս շրջանն ասոցացվում է ընտանիքով և ընկերներով հավաքույթների հետ, սակայն դեռևս շարունակվող ՔՈՎԻԴ-19 համավարակը և վերջինիս նոր Օմիկրոն ենթատեսակը անհանգստություն են առաջացնում:

Ինչ էլ որ պլանավորել եք գալիք շաբաթների համար, հուսով ենք, որ այս խորհուրդները կօգնեն ձեզ և ձեր ընտանիքին առողջ տոներ անցկացնել։

Հիշեք վտանգների մասին

ՔՈՎԻԴ-19-ի պատվաստումների ցածր ծածկույթով վայրերում չպատվաստված մարդկանց, այդ թվում՝ երեխաների համար վարակվելու ռիսկերը բարձր են։ Վարակվելու ռիսկերը համեմատաբար ցածր են ամբողջությամբ պատվաստված մարդկանց համար։

Ցանկացած հավաքույթի դեպքում հաշվի առեք, թե արդյոք խմբի մյուս անդամները պատվաստված են, արդյոք նրանք հետևում են կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև՝ որտեղ և որքան ժամանակով եք մասնակցելու հավաքույթին։ Հաշվի առեք․ որ դրսում և ավելի կարճ ժամանակով հանդիպումներն ավելի քիչ վտանգ են պարունակում:

Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում շարունակել հետևել սահմանված կանխարգելիչ կանոններին՝ բազմամարդ վայրերում կրել դիմակ, պահպանել ֆիզիկական հեռավորություն և հաճախակի լվանալ ձեռքերը:

Պատվաստվեք

ԱՀԿ-ի կողմից հաստատված ՔՈՎԻԴ-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և բարձր արդյունավետությամբ պաշտպանում են ՔՈՎԻԴ-19-ի ծանր դեպքերից և մահից: Պատվաստանյութերը նաև օգնում են պաշտպանել ձեզ շրջապատող մարդկանց: Այնուամենայնիվ, ոչ մի պատվաստանյութ չի ապահովում 100 տոկոսանոց պաշտպանություն, ուստի կարևոր է նույնիսկ պատվաստվելուց հետո շարունակել հետևել կանխարգելիչ միջոցառումներին (դիմակ կրելը, ֆիզիկական հեռավորություն պահպանելը և ձեռքերը հաճախակի լվանալը)՝ ինքներդ ձեզ և մտերիմներին պաշտպանելու համար:

Եթե վատառողջ եք, մնացեք տանը

Մի մասնակցեք կամ կազմակերպեք հավաքույթներ, եթե Դուք կամ Ձեր ընտանիքից որևէ մեկը հիվանդ է կամ ՔՈՎԻԴ-19-ի ախտանշաններ ունի: Մնացեք տանը, դիմեք բժշկի և օգնեք կանխարգելել ՔՈՎԻԴ-19-ի տարածումը։

Ցանկացած ճամփորդություն պլանավորեք ամենայն մանրամասնությամբ

Բոլոր ճամփորդությունները կապված են ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու կամ այն տարածելու որոշակի վտանգի հետ: Ճամփորդելուց առաջ ստուգեք՝ արդյո՞ք ՔՈՎԻԴ-19-ը տարածվում է ձեր տարածքում և այն վայրերում, ուր ցանկանում եք ճամփորդել։

Մի ճամփորդեք, եթե Դուք կամ Ձեր ընտանիքի որևէ անդամ հիվանդ է, ունեք ՔՈՎԻԴ-19-ի որևէ ախտանշան կամ վերջին 14 օրվա ընթացքում եղել եք ՔՈՎԻԴ-19-ով հիվանդի կողքին: Ընտանիքի չպատվաստված անդամները, ովքեր գտնվում են ռիսկի խմբերում (ընտանիքի տարեց անդամներ, ուղեկցող հիվանդություններ ունեցող անդամներ), հնարավորության դեպքում պետք է հետաձգեն ճամփորդությունները՝ մինչև լիովին պատվաստվելը:

Եթե ճամփորդելու եք, փորձեք խուսափել պիկ ժամերին ճամփորդելուց: Ստուգեք ճամփորդական սահմանափակումները, մեկուսանալու և թեստավորման պահանջները Ձեր երկրում և բոլոր այն վայրերում, որոնք նախատեսում եք այցելել: Նկատի ունեցեք, որ այդ սահմանափակումները կարող են փոփոխվել և վաղաժամ չծանուցվել, ինչի հետևանքով ձեր ճամփորդական ծրագրերը կարող են խախտվել: Եթե ճամփորդում եք օդանավով, ուշադիր ստուգեք ընտրված ավիաընկերության ճամփորդական պահանջները:

Ճամփորդությունից տուն վերադառնալիս, հետևեք կառավարության կողմից սահմանված կարգավորումներին և շարունակեք հետևել բոլոր կանխարգելիչ միջոցառումներին։ Բացի այդ, առաջիկա օրերին հետևեք Ձեր առողջական վիճակին և ՔՈՎԻԴ-19-ին բնորոշ որևէ ախտանշանի ի հայտ գալուն պես` անհապաղ դիմեք բժիշկի:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում