Յուղ ու մեղր ուտողները․ Հայաստանը մեկ միլիոն դոլար է փոխանցել աղքատ երկրներին օգնելու համար 

Այսօր Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ասոցիացիայի` ՄԶԱ-ի (The International Development Association (IDA)) դոնոր երկիր և մեկ միլիոն դոլար է փոխանցել աղքատ երկրներին աջակցելու համար:

Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ:

Հատկանշական է, որ Հայաստանը ընդամենը չորս տարի առաջ է դասակարգվել որպես միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր և այժմ միանգամից համալրել է դոնոր երկրների ցանկը:

«Կարծում ենք՝ ժամանակն է, որ Հայաստանը սկսի օգնել աջակցության կարիք ունեցող երկրներին։ Սա հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար օգնելու ցածր եկամուտ ունեցող երկրներին»,- միջոցառման ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

Իշխանությունները այս նորությունը, բնականաբար, կներկայացնեն որպես հերթական աննախադեպ և աշխարհացունցը, սակայն այն միայն առաջին հայացքից է խոսում Հայաստանի տնտեսական աճի մասին։ Երբ ծանոթանում ենք ՄԶԱ դոնոր երկրների ցանկին, զարմանքով հայտնաբերում ենք, որ այնտեղ միայն 2-3 տասնյակ գերզարգացած երկրներ են (օրինակ՝ ԱՄՆ, Սինգապուր, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ճապոնիա, Սաուդյան Արաբիա և այլն), որոնց ՀՆԱ-ն բազմակի անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն: 

Հատկանշական է, որ ՄԶԱ դոնոր երկրների կազմում չեն ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը, ոչ Ղազախստանը, ոչ էլ նույնիսկ մի շարք զարգացած երկրներ, ուստի զարմանալի չէ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի սոցիալական ցանցերում հրապարակումը, որում նա հպարտությամբ շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը դոնոր երկիր դառնալու կապակցությամբ:

Թերևս տիկին Գեգինատի համար նույնպես զարմանալի է, թե ինչպես է Հայաստանի պես մեկ բնակչի հաշվով ընդամենը 5-6 հազար ԱՄՆ դոլար ՀՆԱ ունեցող երկիր, որը ունի անվտանգային ու աղքատության հսկայական խնդիրներ, տասնյակ հազարավոր նոր փախստականներ, սահմանների կահավորման ահռելի ֆինանսական ռեսուրսների պահանջ, հանկարծ որոշում է, որ պետք է դառնա աշխարհի հատուկենտ գերզարգացած երկրներից մեկը, որը ֆինանսական աջակցություն է ցույց տալու աղքատ երկրներին:

Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի վիճակագրական ազգային ծառայության՝ Հայաստանում աղքատ է բնակչության շուրջ մեկ երրորդը, այսինքն, ամեն երրորդ քաղաքացին, ընդ որում՝ վերջին 10-15 տարիների ընթացքում աղքատության մակարդակը էական փոփոխությունների չի ենթարկվել, ինչպես եղել են հարյուր հազարավոր աղքատներ, այնպես էլ կան, և այսօր Հայաստանի կողմից դոնոր երկրների ցանկին միանալը ավելի շատ նման է ժողովրդական այն ասացվածքին, որ աղքատը յուղն ու մեղրը քսում է բեղերին, որ ցույց տա, որ ամբողջ օրը յուղ ու մեղր է ուտում:

Մարի Ներսեսյան

MediaLab.am