Դատարաններն արգելափակելու հետևանքով սահմանադրական կարգը չի խախտվել. Fip

«Հանուն անկախ դատարանի» ակցիան ոմանք փորձում են ներկայացնել իբրև սահմանադրական կարգի տապալում, այնինչ Քրեական օրենսգրքի՝ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածի խախտումներ չեն արձանագրվել։

Մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես եկավ կոչով՝ մայիսի 20-ի առավոտյան արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը և թույլ չտալ դատավորներին և դատարանի աշխատակիցներին մուտք գործել դատարանի շենք։ Հայտարարությունից հետո մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ և ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ ահազանգեցին, որ Փաշինյանը «նախաձեռնել է սահմանադրական կարգի տապալում»։

Վարչապետի կոչով սկսված ակցիան տևեց շուրջ հինգ ժամ, ինչից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին և տեղեկացրեց ակցիան դադարեցնելու մասին։

Նշենք, որ ըստ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի,  սահմանադրական կարգը տապալելը նշանակում է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ։

Հոդված 1 — Այս հոդվածում նշվում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, իրավական, սոցիալական պետություն է։ Դատարանների մուտքերը շրջափակելով ՀՀ-ն չի դադարում լինել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն։ Այսինքն՝ այս նորմի խախտում փաստացի չունենք։

Հոդված 2 — Այստեղ նշվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և այդ իշխանությունն իրականցվում է ընտրությունների, հանրաքվեների կամ սահմանադրությամբ նախատեսված պետական և ՏԻՄ ու պաշտոնատար անձանց միջոցով։ Մայիսի 20-ին տեղի ունեցած գործողություններն այս հոդվածի խախտում ևս չեն հանդիսանում։

Հոդված 3 — Այստեղ նշված դրույթները նույնպես դատարանները արգելափակելու գործողությունների հետ աղերսներ չունեն։ Այս հոդվածի նորմի խախտում կդիտվեին, օրինակ, ընտրությունների ժամանակ ընտրողների ազատ կամքի արտահայտմանն ուղղված գործողությունները։

Հոդված 4 — Այս հոդվածի նորմի խախտում կլիներ այն դեպքում, եթե պետությունը ընդուներ այնպիսի օրենքների նախագծեր կամ կատարեր այնպիսի գործողություններ, որոնցով անձի իրավունքներն ու ազատությունները մասսայականորեն կսահմանափակվեին։

Հոդված 5 — Անդրադառնալով այս նորմին՝ պետք է նշենք, որ գործադիրի ղեկավարի նախաձեռնությամբ մարտի 20-ին իրականացվել են գործողություններ, որոնց արդյունքում իշխանության մյուս՝ դատական ճյուղի համար առաջացել է բնականոն գործընթացների խաթարման պոտենցիալ ռիսկ, քանի որ, անկախ այդ ակցիան իրականացնելու պատճառներից, փաստացի լեգիտիմորեն ձևավորված իշխանությունը փորձել է ժողովրդի միջոցով ներազդել դատական իշխանության վրա։ Սակայն թե ինչքանո՞վ են այս գործողությունները հանգեցրել սահմանադրական կարգի տապալման, կախված է արդյունքներից և հետևանքներից։ Այսինքն՝ եթե այդ գործողություններով պետությանը հասցվեին նյութական և ոչ նյութական վնասներ, տեղի ունենար դատական իշխանության գործընթացի տևական կասեցում,  պետական այս ինստիտուտի աշխատանքի ամբողջապես խաթարում, ապա նոր կարելի էր գործողությունները ներկայացնել սահմանադրական կարգի տապալման կոնտեքստում։

Հոդված  6 — Այս կետով սահմանվում է օրենքի գերակայությունը։ Նշենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով արգելվում է այն հավաքը, որն անցկացվելու է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը (հոդված 19 , կետ 3 )։ Սակայն սույն կարգը խախտելը վարչական իրավախախտում է (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենք, 180․3 ), այլ ոչ թե քրեական պատասխանատվության ենթակա արարք, առավել ևս՝ սահմանադրական կարգի տապալում։

Այստեղ պետք է նշենք նաև, որ ակցիայի ընթացքում դատավորներ Դավիթ Բալայանին քաշքշելը և դատարաններից մեկի ապակիները կոտրելը, որը դեռևս ապացուցված չէ, մասնավոր դեպքեր են և ենթակա պատասխանատվության։ Սակայն մասնավոր անձանց հարաբերակցությունը սահմանադրական կարգի տապալում չէ։

Ըստ էության

Այս ամենից եզրակացնում ենք, որ դատարանների արգելափակման  գործողություններով ստեղծվել է մի իրավիճակ, որը չի ունեցել շարունակականություն, ինչը կարող էր պետությանը հասցնել վնաս, և չեն խախտվել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով սահմանված նորմերը։

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am