Պարզ հարց․ ստուգվելո՞ւ են արդյոք ադրբեջանցիները 

Արդեն մի քանի շաբաթ է, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ ներկայացուցիչ չեն կարողանում հստակ ու պարզ պատասխան տալ մեկ հասարակ հարցի․ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանցիներին և նրանց բեռները մաքսային զննման ենթարկելո՞ւ է, երբ նրանք անցնեն Հայաստանի տարածքով, թե՞ ոչ։

Խոսքն այն ճանապարհի մասին չէ, որն ըստ Վաշինգտոնյան հռչակագրի պետք է կառավարվի ամերիկյան կառույցի կողմից, այլ վերաբերում է Հայաստանի պետական սահմանին՝ մուտքի և ելքի սահմանային կետերին։

Փաշինյանի կառավարությունը չի կարողանում հստակ ասել՝ մեր սահմանին Ադրբեջանի քաղաքացիները և բեռները անցնելու են նո՞ւյն ընթացակարգով, ինչ մյուս օտարերկրացիները, թե՞ բացառություն է արվելու։ Իսկ եթե չեն ստուգվելու՝ արդյոք փոխադարձաբար ՀՀ քաղաքացիները նույնպե՞ս չեն ստուգվելու Նախիջևանի տարածքով անցնելիս կամ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան մեկնելիս։

Սա վերջին շաբաթների ընթացքում լրագրողների կողմից ամենահաճախ հնչեցվող հարցերից մեկն է։ Սակայն ուղիղ պատասխանի փոխարեն վարչապետի ելույթները և իշխանական խոսնակների մեկնաբանությունները հիմնականում տեղափոխվում են տեխնիկական դաշտ, խոսվում է կենսաչափական անձնագրերի կամ ապագա թվային վերահսկողության հնարավոր համակարգերի մասին, որոնք համեմվում են մշտական ձևակերպումներով՝ «ամեն ինչ լինելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով»։

Սակայն ՔՊ-ականները թերևս մոռանում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը արտաքին սահմանների մասով արդեն սահմանափակված է ԵԱՏՄ անդամակցությամբ։ Մեր սահմանները ոչ միայն Հայաստանի սահմաններն են, այլ նաև ԵԱՏՄ արտաքին սահմանները՝ վերահսկվող վերազգային օրենսդրությամբ, որը պարտադիր է բոլոր անդամ երկրների համար։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը միայնակ չի կարող որոշել՝ այս մեկին մաքսային զննում անեմ, մյուսին՝ ոչ, եթե իհարկե չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն:

Միգուցե Հայաստանի իշխանությունները արդեն իրենց ծրագրերում որոշել են դուրս գալ ԵԱՏՄ-ից, որպեսզի ի թիվս այլ հարցերի նաև կարողանան ապահովել Ադրբեջանի անխոչընդոտ մուտքն ու ելքը, սակայն հատկանշական է, որ մինչ օրս Բաքվից նույնիսկ որևէ կիսահայտարարություն չի հնչել, թե Բաքուն նույնպես պատրաստ է նմանատիպ արտոնություններ սահմանել ՀՀ քաղաքացիների համար։ 

Ընդհակառակը՝ վաշինգտոնյան այցից հետո իր առաջին հրապարակային ելույթում Իլհամ Ալիևը, թերևս ի պատասխան ՀՀ Կառավարության ներկայացուցիչների հայտարարության, թե Հայաստանում մյուս տարի ռազմական ծախսերը կսահմանափակվեն, ընդգծեց, որ Ադրբեջանը ոչ միայն չի կրճատում, այլև ընդլայնում է իր ռազմական հնարավորությունները, արդեն գնել են ժամանակակից անօդաչու թռչող սարքեր և նոր հրետանային համակարգեր, կնքվել են պայմանագրեր մարտական նոր ինքնաթիռներ ձեռք բերելու համար, և Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ է պատերազմի՝ հընթացս հերթական սպառնալիքները հնչեցնելով Հայաստանի հասցեին:

Ինչ խոսք, ՀՀ իշխանությունները, որոնք նաև ամեն օր սաղմոս են կարդում ու աղոթում, առնվազն կարող են հայտարարել, որ «Մենք քրիստոնյա, հավատավոր, սաղմոսներ կարդացող ազգ ենք, պետք է հանդուրժող լինենք, և, ինչպես Ավետարանում է գրված․ 

«Բայց դուք սիրեցե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք։ Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ»: (Ղուկաս 6:35)

Մարի Ներսեսյան

MediaLab.am