Զելենսկու ադրբեջանական լռությունն ու հայկական աղմուկը․ ինչու Գաբալայում չասվեց այն, ինչ ասվեց Երևանում

Վերջին շաբաթներին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելեց և՛ Ադրբեջան, և՛ Հայաստան։ Ադրբեջանում նրա այցը նշանավորվեց անվտանգության, էներգետիկայի և պաշտպանական համագործակցության շուրջ պայմանավորվածություններով, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի դեմ կոշտ հայտարարություններով։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Զելենսկին Գաբալայում հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, և ստորագրեցին վեց երկկողմ փաստաթղթեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Զելենսկին Ադրբեջանի հետ համագործակցության առաջնահերթ ուղղություն էր անվանել անվտանգությունն ու համատեղ արտադրությունը, իսկ Ալիևը խոսել էր երկու պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության ներուժի մասին։

Այսինքն քննարկվում էին հենց այն ոլորտները, որոնք Ուկրաինայի համար ուղիղ կապ ունեն Ռուսաստանի դեմ պատերազմի հետ՝ անվտանգություն, պաշտպանական արդյունաբերություն, համատեղ արտադրություն։ 

Ըստ բաց աղբյուրների՝ Ալիևը խոսել է «համատեղ արտադրության լավ հնարավորությունների» մասին, իսկ Զելենսկին վեց համաձայնագրից առաջնայինը համարել է անվտանգությունը, այսինքն՝ այցի բովանդակությունը իր բնույթով առավել քան հակառուսական էր՝ առանց հակառուսական բացահայտ հռետորաբանություն։ 

Ակնհայտ է, որ Ալիևը շատ պարզ կարմիր գծեր էր քաշել Զելենսկու համար․ դու իմ հյուրն ես, իմ երկրից իմ հարևանի դեմ ելույթներ չես ունենում, առավել ևս՝ Մայիսի 9-ի հետ կապված, ու Բաքուն Մոսկվայի հետ ավելորդ հրապարակային բախման մեջ չի մտնում։

Երևանում պատկերը հակառակն էր. Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Զելենսկին ուղիղ հայտարարեց, որ Ռուսաստանը տարիների ընթացքում առաջին անգամ Մայիսի 9-ի զորահանդեսին չի կարողանալու զինտեխնիկա ցուցադրել, քանի որ վախենում է, որ ուկրաինական դրոնները կարող են «բզզալ» Կարմիր հրապարակի վերևում։ Տպավորություն էր, որ Զելենսկին Երևան էր այցելել հենց այս արտահայտությունն անելու համար: 

Մոսկվայում այս խոսքերը, բնականաբար, ընկալվեցին որպես սպառնալիք Ռուսաստանի Հաղթանակի օրվա միջոցառումների հասցեին, իսկ թե ի՛նչ նշանակություն ունի Մայիսի 9-ը Ռուսաստանի և ռուսաստանցիների համար, առանձնապես պարզաբանելու կարիք չկա։ Արձագանքը չուշացավ․ մայիսի 7-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հրավիրվեց Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվեց, որ Մոսկվայի համար «բացարձակ անընդունելի» է Հայաստանի տարածքը որպես հարթակ տրամադրել Զելենսկուն՝ Ռուսաստանի դեմ «ահաբեկչական սպառնալիքներ» հնչեցնելու համար։

Հիմա հայ հասարակությունը տարակուսում է. ինչո՛ւ այդ դեպքում նոտա չի հղվել նույն Ադրբեջանին, որը ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլև շատ ավելի առարկայական՝ պաշտպանական համագործակցություն է սկսում իրենց ոխերիմ թշնամի Զելենսկու հետ։ 

էությունը այն է, որ թեև Ադրբեջանում Զելենսկու այցը իր բովանդակությամբ հակառուսական էր, սակայն Ալիևը կարողացել էր այն կազմակերպել առանց Մոսկվայի դեմ բարձրաձայն հռետորաբանության, իսկ Հայաստանում՝ լրիվ հակառակը։

Հյուրը կարող է ունենալ իր պատերազմը և իր օրակարգը, բայց արտահայտվելուց առաջ պարտավոր է հաշվի նստել տանտիրոջ իրողությունների հետ և այս դեպքում Հայաստանը չվերածել իր պատերազմի գործողությունների ազդարարման բարձրախոսի, հատկապես երբ դրա դիմաց Երևանը չի ստանում ոչ հստակ քաղաքական շահ, ոչ անվտանգային երաշխիք, ոչ էլ նույնիսկ նվազագույն դիվանագիտական պաշտպանություն հնարավոր հետևանքներից։

Մարի Ներսեսյան

MediaLab.am