Թուրք-ադրբեջանական ցանկացած շփում, առավել ևս՝ ռազմական, վտանգ է պարունակում Հայաստանի և Արցախի համար․ փորձագետը՝ զորավարժությունների մասին

Տարոն Հովհաննիսյան
Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

Փետրվարի 1-12-ը Կարսում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժությունները ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը ուժի ցուցադրություն է համարում։ 

«Դրանք սովորական, փոքրամասշտաբ զորամավարժություններ են, որոնք պարբերաբար այդ երկրներն անցկացնում են։ Նախորդ տարիներին ևս նման զորավարժություններ այդ երկրներն անցկացրել են»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է Հովհաննիսյանը։

Նկատենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու:

Զորավարժությանը ներգրավվելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Հարցին՝ արդյոք հայկական կողմի համար վտանգ չե՞ն ներկայացնում նման զորավարժությունները, փորձագետն արձագանքեց․ 

«Այն, որ ես ասում եմ՝ սովորական, պարբերաբար անցկացվող և փոքրամասշտաբ զորավարժություններ են, չի նշանակում, թե վտանգ չկա։

Նախորդ տարիներին տեղի ունեցած զորավարժություններից բխող վտանգը, ինչպես տեսանք, իրականություն դարձավ։ Այո՛, վտանգ կա նաև այժմ, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց ագրեսիվ քաղաքականությունից չեն հրաժարվել»։

Ըստ Հովհաննիսյանի՝ թուրք-ադրբեջանական ցանկացած շփում, առավել ևս՝ ռազմական, վտանգ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար։ 

Հայկական կողմին ուղղված սպառնալիք Ալիևը հնչեցրել էր հունվարի 15-ին Շուշի կատարած այցի ժամանակ։ 

«Եթե Հայաստանում ինչ-որ մեկը մտածում է ռևանշի մասին, կրկին կտեսնի մեր երկաթյա բռունցքը։ Այդ երկաթյա բռունցքը կոտրեց նրանց ողնաշարը և ջախջախեց նրանց գլուխները։

Եթե նրանք մեր դեմ որևէ սադրանք իրականացնեն, մեր պատասխանը կլինի շատ կոշտ, նրանք կփոշմանեն և կբախվեն դառը պարտության,- հայտարարել էր Ալիևը՝ հայկական կողմին նախազգուշացնելով,- չփորձե՛ք մտածել բանակ կառուցելու և հողեր վերադարձնելու մասին»։

Ադրբեջանագետը նկատում է, որ Ալիևը իր ագրեսիվ հռետորաբանությունից չի հրաժարվում և շարունակում է նույն ոճով սպառնալ։

Այս հայտարարությանն արձագանքելով՝ այսօր Հայաստանի Ազգային ժողովում իշխանություններին ուղղված առաջարկ հնչեցվեց՝ դադարեցնել Ադրբեջանի հետ քաղաքական ցանկացած քննարկում։

Սակայն Տարոն Հովհաննիսյանն այդ առաջարկությունը տեղին չի համարում, քանզի հայկական կողմը պարտվել է, և քաղաքական քննարկումներից այժմ դուրս գալն հենց միայն ռազմագերիների վերադարձման հետ կապված Ադրբեջանը կարող է խնդիրներ առաջացնել։

«Քննարկումներից դուրս գալը հայկական կողմին որևէ բան չի տա։ Մենք պարտություն ենք կրել, և մի շարք հարցեր ու հատկապես ռազմագերիների ու այնտեղ գտնվող քաղաքացիական անձանց համար կարող են բարդություններ առաջանալ, եթե հայտարարենք, որ դուրս ենք գալիս քննարկումներից»,- ընդգծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ հայկական կողմն այս պահին պետք է ակտիվորեն աշխատի Ռուսաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների հետ՝ առաջ մղելու Արցախի ճանաչման հարցը։

Ինչ վերաբերում է Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը հաջորդած տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների բացման մասին հայտարարություններին ադրբեջանական արձագանքներին, ապա, ըստ Հովհաննիսյանի, Ադրբեջանի իշխանամերձ շրջանակները բավական դրական են արձագանքել այդ հայտարարությանը։ 

«Իշխանական խմբերը այդ հանգամանքը համարել են իրենց համար հերթական լուրջ հաջողությունը պատերազմում հաղթանակի հասնելուց հետո։

Որոշակի ընդդիմադիր խմբեր և հասարակական օգտատերերի տարբեր այլ խմբեր, որոնք ունեն որոշ դժգոհություններ, քննադատել են, թե վերջնականապես ձեռք չի բերվել պայմանավորվածություն, որ Արցախի մնացած հատվածը ևս հանձնվում է Ադրբեջանին»,- նշում է փորձագետը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am