«Կներեք, չենք կարող սպասարկել, առանց QR կոդի չի լինի». ուժի մեջ է մտել ԱՆ նոր սահմանափակումը

«Կներեք, չենք կարող սպասարկել, առանց QR կոդի չի լինի». հանրային սննդի կետերում ու սրճարաններում այսպես են պատասխանում այն այցելուներին, որոնք չունեն քովիդի դեմ պատվաստված լինելը հաստատող փաստաթուղթ կամ ՊՇՌ բացասական թեստ:

Հիշեցնենք` այսօրվանից ուժի մեջ է մտել առողջապահության նախարարության նոր սահմանափակումը, որի չպահպանման դեպքում տնտեսվարողները կստանան նախազգուշացում կամ կենթարկվեն վարչական տուգանքի՝ 100-300 հազար դրամի չափով, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ 150-500 հազար դրամ:

«Առավոտյան եմ մտել «Ջազզվե», հարցրին՝ ունե՞մ QR կոդ, ցույց տվեցի, որից հետո միայն սպասարկեցին»,- «Մեդիալաբին» ասում է Գևորգ Խաչատրյանը: Լա՞վ որոշում է, թե՞ վատ՝ Գևորգը դժվարանում է պատասխանել, ուղղակի վստահ չէ, որ այս սահմանափակումը կարող է ստիպել մարդկանց գնան պատվաստվեն:

«Կպատվաստվեմ այն ժամանակ, երբ երկրից գնալու անհրաժեշտություն առաջանա, չեմ պատվաստվել, չեմ էլ պատվաստվի, ինչ է թե՝ սրճարան այցելեմ»,- «Մեդիալաբին» ասում է Մարիամ Շաբոյանը: Մարիամն անկեղծանում է, որ ներքին վախի պատճառով չի պատվաստվում, չնայած ամուսինն ու մայրը պատվաստվել են, բայց, ինչպես ասում է, ներքին վախը չի կարողանում հաղթահարել ու դիմել այդ քայլին:

«Վայն թայմ» գինու բար-խանութի աշխատակցուհին էլ «Մեդիալաբին» ասում է, որ սկսել են աշխատել նոր սահմանափակման կանոններով, բայց, նրա խոսքով՝ սա սահմանափակելու է այցելուների թիվը:

«Ինչպես բոլորը, այնպես էլ մենք աշխատելու ենք ըստ օրենքի: Բայց ինձ համար այս սահմանափակումը վիճելի է, բացի այդ էլ՝ պատճառ է դառնալու, որ քիչ թվով այցելուներ ունենանք, տեղից էլ քիչ են»,- «Մեդիալաբին» ասում է բար-խանութի աշխատակցուհին:

«Տաշիր պիցցա» հանրային սննդի մասնաճյուղերից մեկի մատուցողը «Մեդիալաբին» ասում է՝ առավոտյան արդեն հասցրել է որոշ այցելուների չսպասարկել, քանի որ նրանք չեն ունեցել ո՛չ QR կոդ, ո՛չ ՊՇՌ բացասական արդյունքով թեստ:

«Մոտենում եմ հաճախորդին, հարցնում՝ ունե՞ք QR կոդը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ: Տեսնելուց հետո միայն գրանցում եմ պատվերը, հակառակ դեպքում ասում եմ՝ չենք կարող սպասարկել»,- «Մեդիալաբին» ասում է մատուցողը:

Նրա խոսքով՝ դեռ չի հասցրել շատ մարդկանց դուրս հրավիրել, որովհետև այցելուները հիմնականում տեղյակ են նոր սահմանափակմանը ու QR կոդ են ներկայացնում:

Հավելենք, որ այսօրվանից գործող սահմանափակման նպատակը, ըստ առողջապահության նախարարության, համավարակի շղթան կոտրելն է, պատվաստման աճին նպաստելը, քանի որ պայմանավորված «Օմիկրոն» շտամով, որը տարածվում է ինտենսիվորեն և ունի բարձր վարակելիության աստիճան, Հայաստանում կրկին ավելացել են օրական արձանագրվող նոր դեպքերի թիվը, և մեր երկիրը, Եվրամիության չափանիշներով, արդեն կարմիր գոտում է:

Այսօրվա տվյալներով՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 940 նոր դեպք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am