«174%-ով քովիդ նոր դեպքերի աճ կա․ Եվրամիության չափանիշներով արդեն կարմիր գոտում ենք»․ Ռոմելլա Աբովյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը 

– Տիկի՛ն Աբովյան, վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվողների թվի կտրուկ աճ։ Ինչո՞վ եք պայմանավորում այդ աճը։

– Աճը, ըստ երևույթին, պայմանավորված է շրջանառվող «Օմիկրոն» շտամով, որովհետև օրական կտրվածքով աննախադեպ աճ է գրանցվում։ Եթե 14 օրվա ընթացքում արձանագրված դեպքերը համեմատում ենք նախորդ 14 օրվա հետ, ապա նկատելի է, որ 174%-ով դեպքերի աճ կա։ Դրական թեստերի մասնաբաժինը 1,6-ից դարձել է 5,1%, վարակի վերարտադրողական ցուցանիշը բավականին բարձր է, ու մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում ունենք նոր դեպքերի հնգապատիկ աճ։ Շեշտակի աճ ունենք միանշանակ, Եվրամիության չափանիշներով արդեն կարմիր գոտում ենք։

– «Օմիկրոն» շտամին դիմակայելու համար առողջապահական համակարգն ի՞նչ քայլեր է պատրաստվում անել։

– Հունվարի 22-ից ուժի մեջ կմտնի նոր սահմանափակումը, որի համաձայն ժամանցի վայրեր կարող են հաճախել միայն նրանք, ովքեր կա՛մ պատվաստված են, կա՛մ ունեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ Ուսումնասիրվել են նաև աշխարհի փորձն ու այս շտամի շրջանառությունն այլ երկրներում, բնականաբար, գիտեինք, որ Հայաստանում ևս լինելու էին այս շտամով վարակվածության դեպքեր։

Բացի այս նոր սահմանափակումից, արդեն իսկ առկա կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումները շարունակում են գործել։ Կախված շտամի վարակելիության բարձր կամ ցածր լինելուց՝ սահմանափակումները համապատասխանաբար խստացվում են կամ մեղմվում։

– Տիկի՛ն Աբովյան, իսկ նախարարությունը չի՞ պատրաստվում հորդորել վերահսկողություն իրականացնող մարմիններին առավել խստացված վերահսկողություն իրականացնել հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված, հաշվի առնելով, որ նոր դեպքերի կտրուկ աճ կա։

– Միանշանակ, վերահսկողության մասով արդեն քննարկումներ եղել են լիազոր մարմինների հետ։ Նոր կարգավորման նկատմամբ լուրջ և շատ խիստ վերահսկողություն է իրականացվելու։ ԶԼՄ-ների միջոցով նաև իրազեկում ենք քաղաքացիներին, որ խստորեն պահպանեն հակահամաճարակային կանոնները, ախտանշանների ի հայտ գալու դեպքում պարտադիր դիմեն բժշկի։ Ընթացակարգային այդ աշխատանքները մշտապես իրականացվել ու իրականացվում են։

– Կարծո՞ւմ եք, որ այդ նոր սահմանափակումը կմեղմի՞ իրավիճակը։ Նոր սահմանափակումներ նախատեսվո՞ւմ են։

– Ցանկացած սահմանափակում իր ազդեցությունը, բնականաբար, ունենալու է։ Նախարարությունը մշտապես գործել ու շարունակում է գործել ըստ իրավիճակի, իրավիճակից է կախված, թե ինչ նոր կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն։

– Տիկի՛ն Աբովյան, իսկ հիվանդանոցներում ի՞նչ իրավիճակ է՝ թվերի աճի պարագայում։ Քովիդ նոր բաժանմունքների բացման անհրաժեշտություն կա՞ այսօր։

– Այսօր առողջապահական համակարգը դեռևս դիմակայում է, բայց ոչինչ չենք բացառում՝ հաշվի առնելով օրական գրանցվող դեպքերի թիվը։ Վերլուծություններ իրականացվում են ամենօրյա կտրվածքով՝ հիվանդության զարգացման միտումները գնահատելու համար։ Նոր կենտրոններ չենք բացում, որովհետև դեռ ունենք ազատ մահճակալներ թե՛ հիվանդասենյակներում, թե՛ վերակենդանացման բաժանմունքներում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am