«Ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններ հաճախ կլինեն, քանի դեռ քաղաքական դեմքեր չեն նշանակվել այդ պաշտոններին»․ Վարդան Հարությունյան

Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարության փոփոխություններ շատ հաճախ կլինեն, քանի դեռ իշխանությունները չեն հանգել այն վերջնական եզրակացության, որ այդ կառույցների ղեկավարները չպետք է լինեն այդ կառույցների ներկայացուցիչներ։ Նրանք պետք է լինեն քաղաքական դեմքեր։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Երբ այդ կառույցների ղեկավարները կլինեն քաղաքական դեմքեր, այդ ժամանակ արդեն այդ կառույցները կաշխատեն այնպես, ինչպես պետք է աշխատեն, և կծառայեն ոչ թե կառույցին, այլ կառույցն աշխատեցնելու գործին։ Դրանք տարբեր են, երբ ԱԱԾ կամ Ոստիկանության ներկայացուցիչն է դառնում ոստիկանապետ կամ ԱԱԾ տնօրեն, նա ծառայում է համակարգին, որովհետև համակարգի մարդ է, համակարգի պատիվն է պահում։ Բայց նա պետք է աշխատեցնի այդ համակարգը, ոչ թե ծառայի այդ համակարգին»,- ասում է Վարդան Հարությունյանը։

Հարցին, թե այդ համակարգերի ղեկավարների առաջ այսօր նման խնդիր դրվա՞ծ է՝ չծառայել համակարգին, նա պատասխանեց. 

«Չգիտեմ՝ նման խնդիր դրված է, թե ոչ, բայց չեմ կարծում, որ նրանք նման խնդիր կարողանան ի կատար ածել, որովհետև նրանք բոլորն էլ համակարգի մարդիկ են, քաղաքական դեմքեր չեն»։

Վարդան Հարությունյանը նշեց, որ իշխանությունները նորից պետք է վերադառնան այն խնդրին, որ օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն, Սահմանադրությունում էլ պետք է փոփոխություն կատարվի, որպեսզի այդ համակարգերի ղեկավարները լինեն քաղաքական գործիչներ։

«Ավելի արդյունավետ է դառնալու այդ դեպքում, համակարգն աշխատելու է, ոչ թե ծառայելու է ինքն իրեն։ Մեկ օրինակ բերեմ՝ մի քանի օր առաջ նախկին ոստիկանապետին լրագրողներն ասում էին, որ ոստիկանները նույնպես դիմակ չեն կրում փողոցում։ Դուք տեսա՞ք նրա ռեակցիան, անմիջապես սկսեց պաշտպանել ոստիկաններին։ Ես դեմ չեմ, այո, աստիկաններին նույնպես պետք է պաշտպանել, բայց այն անմիջականությունը, որով նաև նետվում է պաշտպանելու ոստիկանին ու ոստիկանին տարանջատում է քաղաքացուց, դրա մասին է իմ խոսքը։ Պետք է լինի ոստիկանապետ, ով խնդիր չունենա ոստիկանին ու համակարգին ծառայելու»,- հավելում է նա։

Հիշեցնենք, որ օրերս վարչապետի որոշմամբ պաշտոնանակ արվեցին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու ոստիկանության պետ Արման Սարգսյանը։ 


ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվեց գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ Արգիշտի Քյարամյանը, իսկ ոստիկանության պետի պաշտոնում՝ Վահե Ղազարյանը։

Այս պաշտոնանակությունները հաջորդեցին մամուլում հայտնված այն տեղեկատվությանը, որ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն իր առանձնատանը արտակարգ դրության պայմաններում որդու հարսանեկան խնջույքն էր կազմակերպել։

Պաշտոնանկությունների որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ առաջին հերթին հենց բարձրաստիճան պետական պաշտոնյաները պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը: «Բայց, ցավոք սրտի, մենք հանդիպում ենք դեպքեր, որ այդպես տեղի չի ունենում։ Չի կարող լինել մի այնպիսի իրավիճակ, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հանրության շրջանում քննարկման թեմա է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, քանի որ նա բավական երիտասարդ է։ 29-ամյա Քյարամյանը նախ ղեկավարում էր Պետական վերահսկողական ծառայությունը, այնուհետև վերջերս մեկ օրով նշանակվեց Քննչական կոմիտեի փոխնախագահ, ստացավ գնդապետի կոչում ու տեղափոխվեց ԱԱԾ՝ որպես տնօրենի տեղակալ։ Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկությունից հետո վարչապետը հենց նրա թեկնածությունն առաջադրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար։

Վարդան Հարությունյանի խոսքով՝ դեռ վաղ է ասել, թե ինչ արդյունավետությամբ կաշխատի Արգիշտի Քյարամյանը։ Տարիքը, իհարկե, նշանակություն ունի, բայց որոշիչ չէ։

«Շատ մարդիկ կան, որ երիտասարդ տարիքում կարող են անել ավելին, քան մի շարք տարեց մարդիկ։ Ժամանակը ցույց կտա։ Ինձ, ինչպես շատերին, դուր չի գալիս նրա կտրուկ աճը։ Իհարկե, արհեստականություն է նկատվում այդ ամենում, հստակ երևացող արհեստականություն է»,- ասում է Հարությունյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am