Չեմ տեսնում, չեմ լսում. Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը չի արձանագրում Նուբարաշենի վտանգավոր արտանետումները

Լուսանկարը՝ «Ազատություն»

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալներով աղբավայրում հրդեհի օրերին՝ օգոստոսի 3-10-ը, ազոտի երկօքսիդի գերազանցումներ չեն գրանցվել, իսկ ծծմբի երկօքսիդինը գերազանցել է միայն մեկ դիտակետում՝ 1.2 անգամ։

Այս լուրը կարդալով երևանցիների համար անհասկանալի է մնում՝ ինչպե՛ս կարող են գերազանցումներ չլինել, երբ այրման գիշերը երևում էին աղբավայրի հրդեհի ծավալները, առավոտյան քաղաքը պատված էր սմոգով, օդում զգացվում էր ծանր և թունավոր հոտը, իսկ բազմաթիվ նոր ավտոմեքենաների սեփականատերեր, որոնց մեքենաները ունեն ներկառուցված օդի որակի սենսորներ, արձանագրում էին, որ օդի աղտոտվածության ցուցանիշները տասնյակ անգամներով գերազանցում էին սովորական օրվա մակարդակները։

Խնդիրն այն է, որ Նուբարաշենի աղբավայրի մշտական հրդեհների և ինքնայրումների պայմաններում գործող մթնոլորտային օդի մոնիթորինգային համակարգը չի չափում աղբավայրին բնորոշ վտանգավոր արտանետումները, իսկ ստանդարտ աղտոտիչները չափելուց էլ օգտագործում է միջինացնող մեթոդաբանություն, որը կարճատև և բարձր ինտենսիվության արտանետումները չի կարող արձանագրել։

Աղբավայրի տարածքում և անմիջապես հարակից գոտում ստացիոնար դիտակայան չկա, ուստի աղբյուրի մոտ ամենաբարձր և թունավոր արտանետումները չեն չափվում ընդհանրապես։ Քաղաքի այլ շրջաններում գործող մշտական դիտակետերը ֆիքսում են արդեն «նոսրացած» աղտոտվածության մակարդակը՝ կախված քամու ուղղությունից, տեղանքի առանձնահատկություններից և եղանակային պայմաններից, այն էլ սովորաբար սահմանափակվում են PM10-ի, ազոտի և ծծմբի երկօքսիդների, երբեմն էլ՝ գետնամերձ օզոնի տվյալներով։ 

Նուբարաշենի աղբավայրի մոտ կիրառվում են միայն պասիվ նմուշառիչներ, որոնք հաշվարկում են շաբաթական միջին արժեք, ինչի հետևանքով կարճատև, բայց չափազանց վտանգավոր արտանետումները պարզապես չեն արձանագրվում։ Եթե մեկ օրում արտանետումները բազմապատկվեն կամ տասնապատկվեն, իսկ մնացած օրերին մնան համեմատաբար ցածր, միջինացված թիվը կարող է ստեղծել թույլատրելի չափաքանակների մոտ գտնվող պատկերի կեղծ տպավորություն։

Սրան գումարվում է ևս մեկ լուրջ խնդիր․ մոնիթորինգի համակարգը չի չափում աղբավայրում հրդեհների ժամանակ առաջացող ամենավտանգավոր բաղադրիչները, ինչպիսիք են PM2.5 կախված մասնիկները, ածխածնի մոնօքսիդը, ցնդելի օրգանական միացությունները (VOC), ինչպես նաև քաղցկեղածին դիօքսինները և ֆուրանները:

Ավելի պարզ լեզվով ասած, սա նշանակում է, որ համակարգը չի կարող չափել այն ամենավտանգավոր գազերն ու մասնիկները, որոնք հրդեհի ժամանակ տարածվում են օդում և հեշտությամբ ներթափանցում են մարդու թոքերը։ Այդ նյութերը կարող են առաջացնել շնչառական ծանր հիվանդություններ, թուլացնել սիրտ-անոթային համակարգը և տարիներ անց նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ։

Բարձր PM2.5 մակարդակները և այրման ընթացքում առաջացող գազերը անմիջական և լուրջ ազդեցություն են ունենում առողջության վրա։ Դրանք խորանում են թոքերում, հասնում արյան շրջանառություն և առաջացնում օքսիդատիվ սթրես, բորբոքում և անոթների վնասում։ Ի հետևանք՝ կտրուկ աճում է սրտամկանի ինֆարկտի, կաթվածի և սրտի ռիթմի խանգարումների ռիսկը։ Ասթմայով և քրոնիկական շնչառական հիվանդություններով մարդկանց մոտ նման օդը հրահրում է սուր նոպաներ, շնչառության դժվարացում և հաճախակի հոսպիտալացումներ։ 

Իսկ դիօքսիններն ու ֆուրանները, լինելով հաստատված քաղցկեղածիններ, երկարաժամկետ ազդեցության դեպքում մեծացնում են քաղցկեղի, հորմոնային խանգարումների և իմունային համակարգի թուլացման հավանականությունը։

Նուբարաշենի աղբավայրի հարցը հեռավոր ապագայի լուծման հարց չէ. ավելի քան մեկ միլիոն մարդ Նուբարաշենի աղբավայրի պատճառով լուրջ առողջական խնդիրների առաջ է կանգնած, իսկ անհապաղ քայլերը՝ աղբավայրի օջախային մոնիթորինգի, իրական ժամանակի տվյալների, ինչպես նաև առողջապահական արտակարգ արձագանքման համակարգի ներդրման ուղղությամբ պետք է իրականացվեն այսօր ևեթ։

Մարի Ներսեսյան

MediaLab.am