Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին

Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավուքների եվրոպական դատարանի Պալատի վճռի մինչև օրինական ուժի մեջ մտնելը բողոքարկվել է Մեծ Պալատին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ: 

Եվրոպական դատարանը գտավ, որ դաժան հանցագործին ներում շնորհելով Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը և արձանագրեց հայերի հանդեպ էթնիկ խտրականության Ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը:

Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը ինքնին Գուրգեն Մարգարյանի սպանությունը և Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով Հունգարական դատավճռի այն հետևություն վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով: Եվրոպական դատարանը նաև պատասխանատվությունից ազատեց Հունգարիային:

Նկատի ունենալով այս գործի իրակավան կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքությունը՝ տեղեկացնում ենք, որ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին։