Գորիս-Կապան լծակը պետք է վերցնել Ադրբեջանի ձեռքից՝ այլընտրանքային ճանապարհը հնարավորինս արագ ապահովելով. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը 

– Պարո՛ն Բադալյան, Ադրբեջանի վերջին գործողությունները՝ Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների ստուգումները, ի՞նչ նպատակ ունեն, և դա ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի համար:

– Ադրբեջանի նպատակը Հայաստանի համար առավելագույն խնդիրներ առաջացնելն է ու այդ միջոցով իր համար ցանկալի քաղաքական օրակարգը դաշտ բերելը, իհարկե, զուգահեռ փորձում են այդ միջոցով քաղաքական այլ խնդիրներ ևս լուծել Ռուսաստանի, Իրանի հետ: Այստեղ պետք չէ բացառել այն, որ Ադրբեջանի այդ գործողությունները խրախուսվում են, գուցե ոչ ամբողջությամբ, բայց խրախուսվում են Թուրքիայի կողմից, քանի որ Անկարան ևս տարածաշրջանային այս նոր իրողությունների ֆոնին փորձում է քաղաքական որոշակի խնդիրներ լուծել:

Հետևանքների մասով. մեր տարածաշրջանում որևէ ապակառուցողական ու սադրիչ քաղաքական կամ ռազմական գործողություն, առավել ևս՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դեպքում, բացառել հնարավոր չէ, և այդ տեսանկյունից պետք է այս երկու երկրից ցանկացած պահի սպասել ապակառուցողական, սադրիչ գործողություն: Մենք պետք է առաջնորդվենք  հենց ամեն ինչ սպասելու կանխավարկածով և պատրաստ լինենք դիմագրավելու այդ ամենին՝ նաև այլընտրանքային միջոցներ ստեղծելով:

– Կոնկրետ այս պարագայում ի՞նչ այլընտրանք կարող է գտնել Հայաստանը:

 – Կոնկրետ ճանապարհի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ երկու հանգամանք. այս իրավիճակը պարզապես աղաղակող վկայություն է, թե մոտ երեք տասնամյակ Հայաստանում ինչ ապառազմավարական մտածողություն է գերակայել, որովհետև եթե անգամ ստատուս քվոն այնպիսին էր, որ Գորիս-Կապան և փաստացի Հայաստան-Իրան միջպետական այդ ճանապարհը անհասանելի էր հակառակորդի կամ թշնամու համար, միևնույն է, այդ տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բանակցել է մի առարկայի շուրջ, որը ենթադրում էր ստատուս քվոյի այնպիսի փոփոխություն, երբ ադրբեջանցիները կարող էին հայտնվել այնտեղ, որտեղ հայտնվեցին պատերազմի հետևանքով:

Եվ այս իրավիճակում երեք տասնամյակում չապահովել Հայաստանի համար կենսական տարածաշրջանի ու միջպետական կենսական նշանակություն ունեցող ճանապարհի այլընտրանք՝ պարզապես չի կարող տեղավորվել որևէ պատերազմող պետության ռազմավարության կամ պետական մտածողության շրջանակում: 

Հիմա մենք կանգնել ենք երեք տասնամյակ բաց թողնված կարևորագույն խնդրի առաջ, և հնարավորինս արագ պետք է ձևավորել այլընտրանքային ճանապարհ:

Այստեղ երկու հանգամանք կա. մեկը՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհն է, որը պետք է լինի հիմնական զարկերակը Հայաստանի տնտեսության ու նույնիսկ աշխարհաքաղաքականության, ինչի կառուցումը պահանջելու է իհարկե շատ ժամանակ ու ջանք: 

Բայց հիմա պետք է աշխատել Տաթևի ուղղությամբ այդ այլընտրանքային ճանապարհը հնարավորինս արագ շահագործելու ու այնպես շահագործել, որ դրանով կարողանան երթևեկել նաև մեծ կցորդիչով բեռնատարներ, որովհետև այդ ճանապարհն այսօր գրեթե պատրաստ է, բայց այնտեղ կան ոլորանների խնդիրներ, որոնք բավական նեղ են մեծ բեռնատարների համար, ու հավելյալ աշխատանք է պահանջվելու այդ ուղղությամբ ավելի մեծ բեռնատարների  երթևեկությունը կազմակերպելու համար: 

Այդ ամենը պետք է անել հնարավորինս արագ, պետք է մոբիլիզացնել հնարավորինս մեծ ռեսուրս, որովհետև սա այսօր ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն այն իմաստով, որ Հայաստանի տնտեսության ընթացքը կանգ չառնի, և խնդիրներ չառաջանան, այլև որպեսզի Ադրբեջանն էլ զրկվի այդ ճանապարհային դիվերսիայի միջոցով քաղաքական ճնշումներ գործադրելու հնարավորությունից:

– Պարո՛ն Բադալյան, եթե ձեր ասած ճանապարհային այլընտրանքը կարճ ժամանակում հաջողվի շահագործել, Ադրբեջանն այդ ճանապարհին չի՞ կարողանալու նմանատիպ սադրանքներ իրականացնել, երաշխիքը ո՞րն է, որ այն անվտանգ կլինի:

 – Ադրբեջանը հիմա իր գործողություններն իրականացնում է այն հատվածներում, որոնք անցնում են Ադրբեջանի տարածքով, ըստ խորհրդային որոշ բաժանումների, որոնցով կանգնել են կողմերը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ընդ որում՝ այդ մասով բանավոր պայմանավորվածությունից հետո:

Այս իմաստով, եթե կա այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Հայաստանի սահմանով, Ադրբեջանն այստեղ խնդիր կարող է առաջացնել միայն ռազմական ագրեսիայի միջոցով, ինչն արդեն բոլորովին այլ տիրույթ ու հարց է:

Ճանապարհային այլընտրանքի հարցը պետք է կարողանանք լուծել հնարավորինս արագ, որպեսզի կարողանանք ապահովել Գորիս-Կապան ճանապարհին լիարժեք փոխարինող ճանապարհ, որից հետո մեծ տեմպով պետք է իրականացնել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը:

– Այլընտրանքային ճանապարհի՝ հնարավորինս արագ շահագործմանը միտված քայլեր  տեսանելի՞ են ձեզ համար այժմ:

– Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը փաստացի արդեն պատրաստ է ու նոյեմբերին կհանձնվի շահագործման, այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ աշխատանք կատարվում է ու կատարվում է վաղուց, ուղղակի այնտեղ կա խնդիր, որ Տաթևի հատվածում ոլորանները բավական նեղ են ու մեծ կցորդիչով բեռնատարները այդ ոլորաններն անցնելու մեծ դժվարություն կունենան, ու, ըստ մասնագետների, կարիք կլինի մոտավորապես 18-կիլոմետրանոց լրացուցիչ այլընտրանքային հատված նորոգել Տաթևից Սիսիան ուղղությամբ, որպեսզի այդ ուղղությամբ մեծ կցորդիչներով մեքենաները կարողանան երթևեկել: 

Ես որքան տեղյակ եմ, այդ աշխատանքը նախատեսվում է կատարել 2022 թվականին, հիմա սկսված է նախագծային աշխատանքը, բայց եթե կա հնարավորությունը, կրկնում եմ, պետք է մոբիլիզացնել առավելագույն ջանք՝ հնարավորինս արագ այդ խնդիրը լուծելու համար, որովհետև իրանական բեռնատարների հետ կապված իրավիճակը կարող է կարգավորվել, բայց կասկած չկա, որ Ադրբեջանը անընդհատ փորձելու է իր այդ լծակն օգտագործել տարբեր խնդիրներ առաջացնելու համար բոլոր ուղղություններով:

Հետևաբար այդ լծակը պետք է վերցնել Ադրբեջանի ձեռքից՝ այլընտրանքային ճանապարհը հնարավորինս արագ ապահովելով:

– Իսկ Իրանը պատրա՞ստ է դիմելու լուրջ քայլերի՝ ստեղծված խնդիրները հարթելու համար:

– Իրանը փորձելու է խնդիրը լուծել Ադրբեջանի հետ բանակցության միջոցով, որևէ այլ տարբերակ չեմ տեսնում, ու Իրանն այսօր որևէ կերպ պատրաստ չէ ու ցանկություն էլ չունի Ադրբեջանի հետ  գնալ կոնֆլիկտային երկխոսության:

Ամբողջ հարցն այն է, թե այդ բանակցությունը ինչ բովանդակություն կունենա, դա կլինի Իրան-Ադրբեջան տիրույթո՞ւմ, թե՞  Հայաստանը, Ռուսաստանը որևէ ներգրավվածություն կունենան, թե՞ կձևավորվի Ռուսաստան-Իրան-Թուրքիա  ինչ-որ խոսակցություն այդ թեմայով: Կոնֆիգուրացիաները կարող են բազմաթիվ լինել, որովհետև, կրկնում եմ, Ադրբեջանի այս գործողություններն ինքնին չէին կարող լինել առանց Թուրքիայի կա՛մ խրախուսման, կա՛մ հենց ուղղակի թելադրմամբ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am