Տան տանիքում ենք մնացել, քարանձավի պես տեղում, փորձությունը ցուրտն էր, ուտելիքն էլ քիչ է եղել, բայց բավարար էր. Ռուսլան Թումանյանը` 70 օրյա անհայտությունից՝ տուն

Ռուսլան Թումանյանը և հրաշքով փրկված ևս հինգ հայ զինծառայողները 2-3 ամիս էր՝ ինչ ծառայության էին մեկնել, հակառակորդի սանձազերծած պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանությունը իրականացնում էին Հադրութի շրջանում։ Ադրբեջանցիների շրջափակման մեջ հայտնվելուց հետո 100 զինվորից բաղկացած խմբից ողջ են մնում 20-ը, որոնք բաժանվում են երեք խմբի՝ փորձելով գտնել փրկության ուղիներ։

«Մոտ 6 նռնակ են գցել մեզ վրա, 100 հոգուց համարյա կեսն է մնացել։ Ինչ-որ ժամանակ հետո էդ 20 հոգանոց խումբը բաժանվել է 3 հոգանոց թիմի։ Ամեն մեկը տարբեր տարբերակ է տեսել փրկվելու։

Ցրվել են ընդհանուր տարբեր տեղեր։ Հիմնականում այդ մարդիկ անհայտ կորած են։ Մի խումբը շատ ռիսկային տարբերակ էր մտածել՝ որոշել էին Ստեփանակերտ գնալ, մենք մտածեցինք սպասել։ Մենք վեց հոգով մնացել ենք վիրավորների հետ օգնության սպասելու, օգնություն էդպես էլ չի եկել, չնայած կապվել են պետերի հետ, կոնկրետ տեղը բացատրել ենք, բայց սկզբում օգնություն չի եկել»,- պատմում է Թումանյանը։

Օգնություն չստանալուց հետո, Թումանյանի խոսքով՝ հաջորդ պլանը եղել է դեպի Իրան գնալը։ Ճանապարհ են ընկել գիշերով, եթե ապահով է եղել՝ նաև ցերեկով։ Անցել են մեքենայի ճանապարհով, սար ու ձորերով են քայլել՝ մոտ 60 կմ։ Մի քանի շաբաթ անցկացրել են Հադրութի շրջանի Վանք գյուղում, այնուհետև՝ Ցոր գյուղում։

«70 օր վեցով ենք եղել։ Վանք գյուղում տան տանիքում ենք մնացել։ Ցոր գյուղում քարանձավի պես տեղ էր, էնտեղ ենք մնացել։ Հիմնական փորձությունը ցուրտն է եղել, ուտելիքն էլ քիչ է եղել, բայց բավարար է եղել։

Սկզբում Վանք գյուղում ընդհանրապես ջուր չի եղել, կամպոտներ ենք խմել, հետո որ մի քիչ հարավ ենք իջել, Ցոր գյուղն է, էնտեղ արդեն ջուր ենք գտել, ճանապարհներին հիմնականում առվակներից ենք ջուր վերցրել»,- ասում է Թումանյանը։

Նշում է, որ մշտապես փորձել են զգույշ լինել, շշուկով խոսել, որպեսզի ապահով լինեն և հակառակորդի կողմից չնկատվեն:

«Սուս ենք եղել, էնքան ենք շշուկով խոսացել, որ մի օր անձրև եկավ, բարձր խոսացինք, ոնց որ ձայներս հելիումով քաշած լիներ, ծիծաղելի էր։

Մի անգամ էլ Վանք գյուղում՝ տանիքում նստած էինք, ադրբեջանցիները եկան, տակը քայլում էին, բայց մենք բավականին սուս ենք եղել, նշաններ ցույց չենք տվել, չեն նկատել»,- նկարագրում է Թումանյանը։

Տղաները 70 օրվա ընթացքում փորձել են կապի դուրս գալ, որպեսզի իրենց կոորդինատները փոխանցեն, կարողանան փրկվել, սակայն մշտապես կապի խնդիր է եղել։ Հեռախոսը լիցքավորելու համար տներից մեկում էլեմենտ են գտել, լիցքավորել են, սակայն կապ հնարավոր է հաստատել եղել միայն վերջերս։

«Ճանապարհին էլեմենտով փորձել ենք զարյադկա դնել, անընդհատ ստուգել ենք կապը, կապ չի եղել, հետո իմացել ենք, որ ադրբեջանական կապ եղել է, բայց հայկական կապով չի աշխատել։ Հետո որ հասել ենք հարավ, դա միակ կետն է եղել, որ կապ է եղել։

Մեր տղերքից մեկն է զանգել, հենց իր եղբորն է զանգել, պայմանավորված գաղտնաբառ ունեինք։ Կողմնորոշիչներով բացատրեցինք, ու երբ խաղաղապահները եկան, երկու հայ, որ տարածքին լավ են տիրապետում, ու Կարմիր խաչը, գաղտնաբառն ասեցին, գաղտնաբառով հասկացանք, որ իրենք են, ու դուրս հանեցին։

Եթե զանգը չստացվեր, օգնություն չլիներ, Իրան էինք գնում, իհարկե դա իդեալական տարբերակ չէր, էդ հատվածը հատելը էնքան էլ հեշտ չէր, բայց դա էր մեր պլանը։

Բախտներս բերեց, կապ եղավ ու դուրս եկանք»,- պատմում է Թումանյանը։

Թումանյանն ասում է՝ այժմ միակ խնդիրը ոտքերի ցրտահարությունն է, որի համար բուժում պետք է ստանան մոտ մեկ ամիս, իսկ այս ընթացքում ամբողջ օրն անցկացնում են անհայտ կորած զինվորների ծնողների հետ տեսակցություններ ունենալով և նրանց տղաների վերաբերյալ իրենց ունեցած ինֆորմացիան փոխանցելով:

Տղաներն ունեն միայն ոտքերի ցրտահարություն, սար ու ձորերով քայլելու ընթացքում, սաստիկ ցրտի պարագայում անգամ հազ չեն ունեցել․ Թումանյանը ընդգծում է՝ օրգանիզմը էքստրեմալ պայմաններում բավական դիմացկուն է դառնում և օգնում հաղթահարելու դժվարությունները։

«Հիմա մեր օրն անցնում է էսպես՝ ծնողների հետ ենք հանդիպում, իրենց երեխեքը անհետ կորած են, փորձում ենք օգնել, իրենց երեխեքին գտնենք»,- ասում է Ռուսլան Թումանյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am