Ի՞նչ սահմանափակումներ կան չպատվաստված անձանց համար այլ երկրներում.Fip.am

Fip.am-ը գրում է.

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն կորոնավիրուսի համավարակի դեմ կանխարգելիչ նոր միջոցառումները: Մասնավորապես, գործատուներն աշխատակիցներից պարտավոր են պահանջել կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք:

Նշենք, որ օրեր առաջ Հայաստանը հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային առումով վտանգավոր՝ «կարմիր» գոտում և այլևս ապահով երկիր չի համարվում: Միաժամանակ, Հայաստանը զիջում է տարածաշրջանի երկրներին պատվաստումների ցուցանիշներով: Սեպտեմբերի 13-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 215 հազար մարդ, երկրորդ դեղաչափը` 120 հազար: 

Քանի որ հանրության շրջանում սպասվող կանխարգելիչ պահանջները միանշանակ չեն ընդունվել, «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե ինչ սահմանափակումներ և պահանջներ կան տարբեր երկրներում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի 8-ին քաղաքացիներին ուղղված ելույթում նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ նոր սահմանափակումներ են մտցվելու երկրում՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար: Ըստ այդ սահմանափակումների՝ ցանկացած հիմնարկում, որտեղ աշխատում է 100-ից ավելի մարդ, աշխատողները պետք է պատվաստվեն կամ ամեն շաբաթ ներկայացնեն ստուգման բացասական արդյունքով տեղեկանք:

Բայդենը դժգոհել է, որ չնայած պատվաստման աննախադեպ և հաջողված ծրագրին, որի շրջանակում պատվաստումը անվճար է և 80 հազար պատվաստման կենտրոն կա, դեռևս 80 միլիոն ամերիկացի չի պատվաստվել: Բազմաթիվ չպատվաստված մարդիկ մահվան եզրին են:

«Սա չպատվաստվածների համավարակ է… Չպատվաստվածները գերծանրաբեռնում են վերակենդանացման սենյակները՝ տեղ չթողնելով սրտի կաթված ստացած կամ քաղցկեղ ունեցող մարդկանց համար»,— հայտարարել է Բայդենը:

ԱՄՆ-ում նախորդ մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի օրական նոր դեպքերի միջինը կազմում է 153,246 մարդ՝ ըստ ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի: 

Սեպտեմբերի 12-ին 35,450 նոր դեպք  է գրանցվել, իսկ մահացել է 251 մարդ: Շաբաթ առ շաբաթ այս թիվն աճում է: Կորոնավիրուսի բոլոր նոր շտամերը երկրում տարածված են: Պատվաստվել է բնակչության 57.9 տոկոսը:

Ռուսաստան

Ռուսաստանի առանձին մարզեր և քաղաքներ լուրջ սահմանափակումներ են մտցրել չպատվաստված քաղաքացիների համար: Սպասարկման ոլորտների ընկերությունների անձնակազմերի 60 տոկոսը պետք է պատվաստված լինեին մինչև օգոստոսի 15-ը: Եթե աշխատակիցները հրաժարվեն պատվաստվել, ընկերությանը սպառնում է տուգանք, իսկ աշխատակիցներին՝ հեռացում:

Թեև սահմանափակումներ և կանոններ մտցնելու պարտականությունը թողնված է տեղական իշխանություններին, պաշտոնական Կրեմլը հստակ արտահայտել է վերաբերմունքը պատվաստման մասին: Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չպատվաստվածների նկատմամբ խտրականությունն անխուսափելի է:

Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն էր, որ պաշտոնապես հաստատեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Սակայն մինչև օրս պատվաստումների քանակը շարունակում է ցածր մնալ, իսկ համաճարակը երրորդ անգամ գագաթնակետին է հասել:

Այնտեղ օրական միջինը 18,256 դեպք է գրանցվել վերջին շաբաթների ընթացքում: Օգոստոսից մինչև այժմ ամեն օր ավելի քան 700 մարդ է մահանում: Ըստ ՌԴ առողջապահության նախարարության՝ հիվանդանոցում հայտնված քաղաքացիների 98 տոկոսը պատվաստված չէ:

Ռուսաստանում սեպտեմբերի 13-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի 18,178 նոր դեպք: Մահացել է 719 մարդ: Պատվաստվել է բնակչության 29.5 տոկոսը: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում