Եթե փոխանակում, ապա միայն բոլոր հայ ռազմագերիների դիմաց. Էդմոն Մարուքյանը՝ Ջամիլ Բաբաևին տեսակցած Մուրադովի այցի մասին

Ռուսաստանցի խաղաղապահների «Տելեգրամի» ալիքը հայտնում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է Մարտակերտում հայտնաբերված և իրավապահ մարմինների կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևին:

«Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների և ընտանիքի անդամների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ ու հանդիպումից լուսանկար է հրապարակված: «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մուրադովի այցին:

«Եթե փոխանակում, ապա միայն ԲՈԼՈՐ հայ ռազմագերիների դիմաց. Ադրբեջանցուն պետք է փոխանակել «Բոլորին բոլորի դիմաց սկզբունքով». դա նշանակում է, որ այս պահին Ադրբեջանական բանտերում գտնվող ԲՈԼՈՐ հայ ռազմագերիների հետ պետք է փոխանակումը տեղի ունենա:

Մյուս բոլոր ֆորմատները փոխանակման, երբ մեր ԲՈԼՈՐ ռազմագերիները չեն փոխանակվում, չպետք է իրականացվի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը:

Ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Մարտակերտի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, նա բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն։

Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Արցախի Քննչական կոմիտեն գործն ընդունել էր վարույթ։ Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է: