«Այն, ինչ արվել է Վրաստանում, ճիշտ է, մեզ համար ևս առանձնապես ընդունելի չէ, բայց Ադրբեջանը խեղաթյուրել է». Շիրակ Թորոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը

– Պարոն Թորոսյան, Վրաստանում գտնվող Ալիևը բարձր ընդունելության արժանացավ։ Նա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ այցելել է «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդես, այսպես կոչված, պատմական ադրբեջանական մոտիվներով: Այսինքն՝ բարձր մակարդակով տուրք տրվեց ադրբեջանական պատմագիտական կեղծ պնդումներին: Ինչո՞ւ հայկական կողմը դրան չի արձագանքում որևէ կերպ:

– Նախ, այդ իրադարձությունը նոր է տեղի ունեցել, երբ Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով այցելեց Վրաստան: Հետո այստեղ մենք ունենք տեսակետների տարբերություն, թե ինչպես է այդ այցը մեկնաբանում ադրբեջանական կողմը, և ինչպես է մեկնաբանում վրացական կողմը: Բարձր մակարդակի հանդիպումը մեր խնդիրը չէ, իրենք ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցում են, և բնական է, որ այդ ընդունելությունը բարձր կարող է լինել փոխադարձաբար:

Մեզ հետաքրքրողը Մցխեթի թանգարանում տեղի ունեցածն է, որտեղ մենք էլի որոշակի հակասություն ենք տեսնում: Նախ՝ տեղեկատվությունը տարածվեց Ադրբեջանի նախագահի կայքի միջոցով, որին հետևեց Վրաստանի վարչապետի աշխատակազմի պաշտոնական հայտարարությունը:

Վրաստանը դա ներկայացնում է որպես 18-19-րդ դարերի, նաև 20-րդ դարասկզբի ադրբեջանական մշակույթին առնչվող ցուցադրություն, Ադրբեջանը դա ներկայացնում է այլ վերնագրի ներքո՝ «Ղարաբաղի խանության ժառանգությունը» վերնագրով և ներկայացրել է «Ղարաբաղի խանությունը. պատմամշակութային ինքնություն» գիրքը: Սրանք բոլորովին տարբեր բաներ են:

Ընդ որում, երբ մենք նայում ենք ադրբեջանական կողմի ներկայացրածը, որը որևէ կերպ չի համապատասխանում իրենց իսկ վերնագրածին, մենք այստեղ տեսնում ենք ակնհայտ կողմնակալություն և կողմնապաշտություն: Այսինքն՝ նրանք ներկայացնում են, իբր, ազերի-թաթարական մշակութային արժեքներ, մինչդեռ եթե մենք դիտարկում ենք խնդիրը իսլամական մշակույթի տեսանկյունից, ապա դա ամբողջովին իրանական մշակույթ է, որովհետև այդ ժամանակներում Ղարաբաղը, Ղարաբաղի խանություն կոչվածը իրանական պետության տիրապետության ներքո է եղել:

Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ և՛ վրացական, և՛ ադրբեջանական կողմերի ներկայացրածում շրջանցված է հայկական մշակութային ինքնությունը, մինչդեռ Շուշիում և, ընդհանրապես, Ղարաբաղում ակնհայտորեն խորքային դարերից եկող հայկական մշակույթի ակնհայտ ներկայություն կա, հուշարձաններ կան, եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, դպրոցներ, մշակութային այլ դրսևորումներ և այլն:

Անկեղծ ասած, ես համարում եմ, որ Մցխեթում տեղի ունեցածը բավականին տխուր իրողություն է: Ադրբեջանի կողմից խեղաթյուրելով իրողությունը և ներկայացնելով բոլորովին այլ բան՝ փորձ է արվում սեպ խրել հայ-վրացական հարաբերությունների մեջ, որոնք հատկապես վերջին տարիներին բավական իրատեսական հենքի վրա են գտնվում: Դրանք ֆորմալ հայոս-քարթլոսական իրավիճակից դուրս են եկել և իրատեսական ռեալ պոլիտիկի միջավայրում են գտնվում:

Այստեղ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի և Թուրքիայի ահռելի ֆինանսական, տնտեսական ներկայությունը Վրաստանում, Վրաստանի որոշակի էական կախվածությունը այս երկու երկրներից  և՛ էներգակիրների, և՛ տնտեսական այլ բաղադրատարրերի առումով, և ունենք այն, ինչ ունենք:

Փաստն այն է, որ եղել է այդ թանգարանային ցուցադրությունը: Վրացական կողմը դա փորձել է ներկայացնել բավական մեղմ, իսկ ադրբեջանական կողմը, անցնելով նույնիսկ դիվանագիտական էթիկետի սահմանները, ներկայացրել է այնպես, ինչպես ինքն է ուզել:

Կարծում եմ՝ ադրբեջանական կողմից կա նաև որոշակի արհամարհական վերաբերմունք Վրաստանի նկատմամբ: Փաստն այն է, որ երկու երկրների ղեկավարները մասնակցել են այդ ցուցադրությանը, և Ղարաբաղի մասին խոսելով՝ շրջանցվել են հայկական մշակույթը, հայի ինքնությունը, հայի բնիկությունն Արցախում:

Մինչդեռ, օրինակ՝ Վրաստանի թագավորները, հատկապես մատնանշեմ 18-րդ դարի երկրորդ կեսին Վրաստանի շատ ազդեցիկ թագավոր Հերակլ Երկրորդին, շատ լավ գիտեին՝ ովքեր են արցախցիները, ովքեր են Արցախի մելիքները, ինչպես է Վրաստանի Հերակլ Երկրորդ թագավորը, նրան հաջորդող Գեորգ 12-րդ թագավորը համագործակցել Արցախի մելիքների հետ ռազմաքաղաքական ոլորտում, տնտեսական ոլորտում:

Վրաստանի գիտական հանրույթը շատ լավ գիտի Արցախի մելիքությունների, Արցախ-Վրաստան բարձր մակարդակի փոխհարաբերությունների մասին: Հետևաբար, կարծում եմ՝ չի կարելի պատմության խեղաթյուրում թույլ տալ՝ երկու բարեկամ, գործընկեր, հարևան պետությունների հարաբերությունների վրա ստվեր չնետելու առումով: Սա է պատմական իրականությունը, և ինչքան էլ ուզում է ադրբեջանական կողմը խեղաթյուրել պատմությունը, միևնույն է, Վրաստանում գոնե գիտական հանրույթը փայլուն գիտի Արցախը, Արցախի մելիքությունները և Արցախ-Վրաստան փոխհարաբերությունները բոլոր ժամանակներում:

– Ալիևը Թբիլիսիում նաև առաջարկել է Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հարթակ ստեղծել: Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախաձեռնությանը, և որքանո՞վ է իրատեսական այդպիսի հարթակի կյանքի կոչումը:

– Նույն տարածաշրջանում մի շարք հարթակների առաջարկներ են եղել: Մասնավորապես, «3+3» հարթակի մասին հիշում եք՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան: Այս հարթակը, կարելի է ասել, գոնե այս պահին չի կայացել, որովհետև նախ՝ Վրաստանը հրաժարվեց այդ հարթակին մասնակցելուց, հետո մյուս 5 երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով շփումներ եղան, և խանձարուրային վիճակում է դեռ, չգիտենք՝ այն կգործի, թե՞ ոչ:

Նոր առաջարկը՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, տրամաբանված հարթակ է, և բավականին հավակնոտ հարթակ կարող է լինել, եթե այդ հարթակը առաջ քաշի տրամաբանված և օբյեկտիվ օրակարգ, առաջ քաշի երեք երկրների փոխշահավետ հետագա համագործակցության օրակարգ, եթե այդ հարթակը ցույց տա, որ ընդգրկված պետությունները միմյանց նկատմամբ ոչ թե ագրեսիվ, ոչ թե տարածքային հավակնությունների, ոչ թե թշնամական, ժողովուրդներին ոչնչացնող կոչերով ու հայտարարություններով վարքագիծ են դրսևորում, այլ փոխշահավետ, բարիդրացիական հարաբերություններ կառուցելու միտում ունեն:

Նման հարթակը մեզ համար ընդունելի է, բայց մենք պետք է նախ հասկանանք, թե այդ հարթակն ի՛նչ օրակարգով հանդես կգա, ի՛նչ նախաձեռնություններ կցուցաբերվեն: Եթե հարաբերությունները տրամաբանված և փոխշահավետ լինեն, այն կարող է դառնալ շատ հետաքրքիր հարթակ:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Վրաստան հարաբերությունները: Խոսում ենք Վրաստան-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունների մասին, իսկ ի՞նչ է արել Հայաստանը Վրաստանի հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ:

– Շատ բան է արվել: Հայաստան-Վրաստան հարաբերությունները շատ բարդ կարող էին լինել՝ ելնելով Վրաստանում Թուրքիայի և Ադրբեջանի ունեցած ազդեցությունից: Օրինակ՝ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին իրապես Հայաստան-Վրաստան հարաբերությունները բավական բարդ էին, և հայկական գործոնը Վրաստանի քաղաքականության մեջ գրեթե գոյություն չուներ: Այսօր, ելնելով այն հանգամանքից, որ Թուրքիան և Ադրբեջանը բավականաչափ մեծ ազդեցություն ունեն Վրաստանում, բավականաչափ օբյեկտիվ և արդյունավետ հարաբերություններ են ձևավորվել:

Դուք հիշեցիք Վրաստան-Ադրբեջան հանդիպումների մասին, բայց ես ասեմ, որ Ալիևը վերջին 7 տարում առաջին անգամ է այցելել Վրաստան: Իսկ Հայաստանի և Վրաստանի վարչապետները վերջին 3-4 տարիների ընթացքում բազմաթիվ փոխայցելություններ են ունեցել՝ պաշտոնական, աշխատանքային, ոչ պաշտոնական:

Այդ շփումներն անընդհատ աչքի են ընկել և՛ մարդկային, և՛ միջպետական բարձր մակարդակով, հարաբերությունների ջերմությամբ: Քանի որ իսկապես տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունների հետևանքով կարող ենք ինչ-որ պահի անգամ լուսանցքում հայտնվել, ամեն դեպքում այդպիսին է Ադրբեջանի ձգտումը, Վրաստանի հետ կարողացել ենք պահպանել բնականոն, փոխշահավետ  հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Այս առումով մենք բավականին լավ դիրքերում ենք:

– Վերադառնալով Ալիևի Վրաստան կատարած այցին, ամեն դեպքում Հայաստանը որևէ կերպ չպե՞տք է արձագանքեր տեղի ունեցած ցուցադրությանը, հնչած հայտարարություններին:

– Նախ՝ Ադրբեջանը խեղաթյուրել է այդ ցուցադրության բովանդակությունը, էությունը, վերնագիրը: Այն, ինչ արվել է Վրաստանում, ճիշտ է, մեզ համար ևս առանձնապես ընդունելի չէ, բայց Ադրբեջանը խեղաթյուրել է:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից արձագանքին, այս հարցազրույցով մենք հիմա արձագանքում ենք տեղի ունեցածին: Ես Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավոր եմ: Այս առումով, ընդունենք, որ արձագանքում եմ, որպես պատգամավոր ձայն եմ բարձրացնում, բողոքում եմ Ադրբեջանի, ինչպես միշտ, պատմության, իրականության խեղաթյուրման քաղաքականության դեմ:

Այս առումով շատ տխուր է, որ այդ ամենը տեղի է ունեցել Վրաստանում: Մյուս կողմից՝ շատ բաներ, հնարավոր է՝ տեղի են ունենում դիվանագիտական խողովակներում, ոչ ցուցադրաբար: Ես չգիտեմ՝ նման բան եղել է, թե՞ ոչ, բայց ենթադրում եմ, որ եղել է:

Մանե Հարությունյան

MediaLab.am