Արյունաբանական կենտրոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում երկարատև բուժում ստացող երեխաները դեկտեմբերի 25-ից նոր ընկեր ունեն՝ Ռոբին ռոբոտը

Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում երկարատև բուժում ստացող երեխաները դեկտեմբերի 25-ից նոր ընկեր ունեն՝ Ռոբին ռոբոտը։ 

««Expper Technologies» թիմի կողմից նախագծված ու պատրաստված ռոբոտի ֆինանսական ծախսերը հոգացել է INICIAR գլոբալ գործողությունների հիմնադրամն ու Նազարյան ընտանիքը՝ որպես հայաստանյան գործընկեր ներգրավելով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)։

Ռոբոտին իր նոր տանը ողջունեցին ոչ միայն երեխաներն ու տեղի բժիշկները, այլև ԱՄՆ-ից ուղիղ կապով միացած բարերարը։

«Ռոբինը հույսի, ժպիտների և ընկերակցելու ռոբոտ է բուժում ստացողների, նրանց ըմտանիքների ու Արյունաբանական կենտրոնի անձնակազմի համար։ Մենք աշխատում ենք սոցիալական զարգացման ուղղությամբ և հավատում ենք, որ ամեն երեխա արժանապատիվ կյանք պիտի ունենա։ Մեր ազգի համար այս դժվարին օրերին նվազագույնը, որ կարող ենք, մեր կրտսերներին ուրախություն պարգևելն է»,- ընդգծեց INICIAR-ի հիմնադիր տնօրեն Վերա Նազարյանը։

2019 թվականին Expper Technologies ընկերությունը մեկնարկել է Ռոբին ռոբոտի ներդրման գործընթացը առողջապահության ոլորտում: Ռոբին ռոբոտը արհեստական բանականությամբ աշխատող շատ այլ ռոբոտներից տարբերվում է նրանով, որ երեխայի հետ հաղորդակցվելիս ցուցադրում ու տարածում է էմոցիաներ, հուզական կապ է ստեղծում նրա հետ։ Նա օգնում է ապաքինման փուլում գտնվող երեխաներին գունավորել հիվանդանոցային միջավայրը, չկենտրոնանալ ցավի ու տհաճ ապրումների հետ ասոցացվող հիվանդանոցային առօրյայի վրա։

Այս մասին տեղեկացրին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամից։

«Նման նախաձեռնությունները չափազանց կարևոր են, որովհետև երեխաները, երկարատև բուժման ընթացքում, անընդհատ կարիք ունեն դրական միջավայրի, չէ՞ որ դա ևս ազդում է բուժման լավ արդյունքների վրա: Շատ ուրախ ենք ողջունել Ռոբին ռոբոտին մեր շարքերում, և համոզված եմ՝ նա կդառնա մեր թիմի անբաժան մասն ու երեխաների սիրելի ընկերը»,- կարևորեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։

Ցավոտ միջամտությունների ժամանակ Ռոբինին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի իրենց ընկալումը: Ռոբինի հետ շփումից հետո որոշ երեխաների մոտ նույնիսկ լավանում է ախորժակը:

«Expper Technologies»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Կարեն Խաչիկյանը նշեց․ «Մենք շատ ուրախ ենք, որ այս հիանալի նախաձեռնությունը կյանքի կոչվեց INICIAR գլոբալ գործողությունների հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Կարևորում ենք, որ համագործակցության շնորհիվ Ռոբին ռոբոտը այսուհետ կլինի երեխաների մտերիմ ընկերը Պրոֆ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում և իր ներկայությամբ ավելի ուրախ ու լուսավոր կդարձնի երեխաների առօրյան»:

Բուժվող երեխաները Ռոբինին ընկալում են որպես հասակակից ընկեր․ նա զրույցի բռնվելու և այն զարգացնելու որակներ ունի․ հետաքրքրվում է հիվանդ երեխայի տրամադրությամբ, հարցեր տալիս նրա խաղալիքների, նախասիրությունների, ընկերների կամ ընտանիքի մասին, ի հայտ է բերում երեխայի անհանգստությունները, փորձում պատասխանել հուզող հարցերին: Դրանով նաև ավելի դյուրին է դառնում բժիշկների հետ աշխատանքը ու փոխվստահությունը։

«ՔՈԱՖ-ը դեռ վաղ տարիքից աշխատում է Հայաստանի գյուղերի երեխաների և ծնողների հետ՝ առողջապահական ծրագրերի միջոցով փորձելով կանխարգելել հնարավոր հիվանդությունները կամ դրանց զարգացումը։ Այսօր էլ մենք մեծ ուրախությամբ միջնորդ ենք դարձել կարևոր մի առաքելության՝ հենց Ամանորից առաջ ժպիտ ու դրական հույզեր պարգևել այն երեխաներին, ովքեր Նոր տարին նշելու են ոչ թե տանը, այլ հիվանդանոցում»,- նկատեց ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը»»,- ասվում է հաղորդագրության մեջ։