Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը` Yerkir.am-ին. «Որոտան»-ի վաճառք, «կարմիր գծեր»…

Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը` Yerkir.am-ին. «Որոտան»-ի վաճառք, «կարմիր գծեր»…
Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը` Yerkir.am-ին. «Որոտան»-ի վաճառք, «կարմիր գծեր»…

Yerkir.am. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Yerkir.am-ի՝ օրերս ուղարկած գրավոր հարցերին:

-Պարո’ն Քոչարյան, մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Կարծում ենք՝ ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսին Դուք այս կամ այն կերպ արդեն անդրադարձել եք: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին: Թերեւս սկսենք «Որոտան» ՀԷԿՀ-ի սեփականաշնորհումից: Այս «գործարքի» վերաբերյալ բաց հարցերն այնքան շատ են, (նաեւ Yerkir.am-ի բացահայտումները), որ դժվար է սկսել կոնկրետ ինչ-որ հարցից, ուստի կխնդրեմ Ձեր ընդհանուր գնահատականն այս ամենին:

-Այդ գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ էներգետիկայում ամերիկյան ընկերության նեգրավումն է: Մնացածը որևէ կերպ չի տեղավորվում սթափ մտածողության սահմաններում: Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները /շրջանցելով խորհրդարանը/:

Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով: Այնպես, ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը: Ընդ որում` առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, անտեսում է ՀՀ շահերը և չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում: Ակնհայտ է նաև, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների /կամ անկշտության/ դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը:

Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը համաձայնագրի մշակմանը առհասարակ չի մասնակցել, կամ էլ ընթացել է համաձայնեցված խաղ մեկ /հայկական/ դարպասի ուղղությամբ: Քանի դեռ ուշ չէ, հարկ է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել վաճառքից:   Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է: Գնորդի համար էլ սա չափազանց կասկածելի /գնման ձևի իմաստով/ ձեռքբերում է:

-Վերջին շրջանում հասարակության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ նաեւ տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերի կապակցությամբ: Քառյակի պահանջներից մեկն է՝ վերանայել գործող համակարգերը: Ինչպիսի՞ն է այդ համակարգերի վերաբերյալ Ձեր կարծիքը:

-Այս գործունեության «հայկական տարբերակի» նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում: Այս թեմայի շուրջ եղան բավականին փաստարկված բազմաթիվ հայտարարություններ ու հրապարակումներ, այդ պատճառով, չմտնելով մանրամասների մեջ, կանգ կառնեմ երեք անընդունելի կետի վրա:  

1. Տուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին: Օրինակ` բարեկեցիկ Գերմանիայում սահմանված` արագության զգալի գերեզանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի ընդամենը 2,5-3 տոկոսը: Հաշվեք, թե նվազագույն աշխատավարձի որքան տոկոսից է զրկվում մեր վարորդը նույն խախտման համար: Առհասարակ, գրեթե ամբողջ Եվրոպայում գործում է հետևյալ սկզբունքը` տուգանել ՃԵԿ խախտողին զանցանքի համար, այլ ոչ թե զրկել նրան գոյատևման միջոցներից, ինչպես դա արվում է Հայաստանում: Ավելին` սկզբնաղբյուրում: