«Մարդը հարսանիք է կազմակերպում ու չի կարող հրավիրյալներին պարտադրել, որ եռակի-քառակի ավելի ծախս անեն». սպասարկման ոլորտում չգիտեն՝ ինչպես են աշխատելու հունվարի 15-ից հետո

2022 թվականի հունվարի 15-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը, որի համաձայն կորոնավիրուսային հիվանդության դեմ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատի ներկայացումը հանրային սննդի կամ ժամանցի վայրեր հաճախելիս պարտադիր է։

Նախատեսվում էր, որ այս որոշումն ուժի մեջ պետք է մտներ սույն թվականի հունվարի 1-ից, բայց ինչպես լրագրողների հետ զրույցում նշել էր նախարար Ավանեսյանը․ «Պետք է ժամանակ տանք, որ մեր քաղաքացիները հասցնեն պատվաստվել»։

Թե որքանո՛վ է քաղաքացիներին օգնել հավելյալ ժամանակը պատվաստման համար՝ պարզ չէ, բայց որ այդ ժամանակը չի օգնել հանրային սննդի կետերի ներկայացուցիչներին նոր սահմանափակմանը պատրաստվել, ակնհայտ է, ավելին՝ նրանցից ոմանք տեղյակ էլ չեն, որ հունվարի 15-ից նման սահմանափակում է գործելու։

«Ծանուցում չենք ստացել, որ նման սահմանափակում է գործելու, և ոչ էլ կազմակերպչական տեսանկյունից ենք պատկերացնում, թե ինչպե՛ս է հնարավոր լինելու իրականացնել այդ ստուգումը»,- «Մեդիալաբին» ասում է Cafe solo սրճարանի մենեջեր Անի Վարդանյանը։

Սրճարանի մենեջերը նշում է, որ ինչքան էլ դեմ լինեն այս որոշմանը, այնուամենայնիվ, խուսափելու տարբերակ չունեն, որովհետև, նրա խոսքով՝ գործում են այնպիսի տուգանքներ, որի պարագայում անհնար է հրաժարվել այդ որոշման կատարումից։

Tairov Pandok-ում ևս տեղյակ չեն նոր սահմանափակումից և այն համարում են աննպատակահարմար որոշում։

«Չեմ կարող ասել, թե 15-ից սկսած ինչպես ենք կազմակերպելու մեր աշխատանքները, թող 15-ը գա, կտեսնենք, ոնց մյուսները կանեն, այնպես էլ՝ մենք, ո՛չ բոյկոտելու հավես ունենք, ո՛չ տրամադրություն»,- «Մեդիալաբին» ասում են Tairov Pandok-ից։

«Ռենեսանս» ռեստորանային համալիրի մենեջեր Հարություն Ծատուրյանը վստահ է, որ այս սահմանափակումը նոր ու հավելյալ դժվարություններ է ստեղծելու իրենց համար ու վնասելու է իրենց գործունեությանը։

«Թե ի՛նչ մեխանիզմներով ենք իրականացնելու այդ ստուգումը՝ ես չեմ կարող ասել, պատկան մարմիններից էլ ո՛չ ծանուցում, ո՛չ էլ տեխնիկական հարցերի վերաբերյալ որևէ բան չենք ստացել»,- «Մեդիալաբին» ասում է Հարություն Ծատուրյանը։

Մենեջերի խոսքով՝ պատվիրատուներն էլ են հետաքրքրվում այս սահմանափակման մասին, սակայն իրենք չեն կարողանում որևէ բանով փարատել հաճախորդների անհանգստությունը։

«Բոլորը շատ հեշտ են պատկերացնում այս ամենը, բայց շատ խնդիրների առաջ ենք կանգնելու։ Մարդը հարսանիք է կազմակերպում ու չի կարող հրավիրյալներին պարտադրել, որ եռակի-քառակի ավելի ծախս անեն»,- ասում է Հարություն Ծատուրյանը։

Հունվարի 15-ից հետո կայանալիք միջոցառումների պատվերների հետ ի՞նչ են անելու՝ մենեջերը չգիտի։

«Դեռ նախարարությունից ծանուցում չեմ ստացել, որ պատվիրատուն գա, ներկայացնեմ համապատասխան ծանուցումն ու ասեմ՝ դուք որոշեք։ Չգիտեմ՝ ինչ է լինելու, բայց վստահեցնում եմ, որ դժգոհությունները շատ են լինելու, որովհետև ոլորտի ներկայացուցիչներից բոլորի հետ էլ շփումներ ունենք, ու բոլորն էլ ասում են, որ սա միանշանակ վնասելու է մեզ, ուզում են, որ ռեստորանները փակենք»,- ասում է Ծատուրյանը։

Եթե ոլորտի ներկայացուցիչները որոշեն ԱՆ-ի որոշումը բոյկոտել, ապա մեր զրուցակիցները ևս կմիանան այդ բոյկոտին, որովհետև հարցը իրենց ապրուստի միջոցին է վերաբերում, և, ինչպես ասում են մեր զրուցակիցները, հակառակ պարագայում ավելի լավ է աշխատանքը փոխեն։

«Մեդիալաբը» փորձեց առողջապահության նախարարությունից տեղեկություններ ստանալ սահմանափակման գործնական կիրառման մեխանիզմների, դրա վերահսկման և այլ հարցերի վերաբերյալ, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել գերատեսչության պատասխանատու անձանց հետ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am