«Եզդիների մոտ այդ քարեդարյան ավանդույթը այլևս չի գործում». Եզդիները միակարծիք չեն

«Եզդիների մոտ այդ քարեդարյան ավանդույթը այլևս չի գործում». Եզդիները միակարծիք չեն
«Եզդիների մոտ այդ քարեդարյան ավանդույթը այլևս չի գործում». Եզդիները միակարծիք չեն

Հայաստանի եզդիական համայնքը երկու հակառակ ճամբարների է բաժանվել իգանակ սեռի ամուսնության տարիքի հարցում: Եթե Հայաստանում եզդիների համայնքի ղեկավարը պնդում է, որ եզդի աղջիկների համար 18 տարեկանը ամուսնության տարիք սահմանելը վնասում է իրենց, ապա բազմաթիվ երիտասարդներ, ՀԿ ներկայացուցիչներ պնդում են, որ դա եզդիների շահերից չի բխում:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդառաջելով եզդի համայնքի խնդրանքին, կառավարության առաջիկա նիստերից մեկում վերանայելու է «ՀՀ Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի ամուսնության նվազագույն տարիքը բոլոր սեռերի համար սահմանվել է 18 տարեկանը:

Կառավարությունում օրենքի նախագիծը քննարկելու դեպքում եզդի աղջիկների համար ամուսնականը շեմը պետք է սահմանվի 16-ը, իսկ տղաների համար՝ 17-ը, սակայն, երիտասարդները ու ակտիվ եզդի քաղաքացիները սա հետամնացություն են համարում:

«Ես ամուսնացել եմ 20 տարեկանում եւ չեմ փոշմանել: Մեր եզդիների մեջ շատ կրթված աղջիկներ կան, որոնք ուշ են ամուսնացել եւ լավ ընտանիքներ կազմել»,- ասում է ազգությամբ եզդի 30-ամյա Փերինե Գուդենը:

«Այնքան մանր հարցեր կան մեր ազգում, որ պետք է լուծվի, իսկ մեր նախագահը ընկել ա հետամնաց հարցերի հետեւից»,- հավելում է Գուդենը, ով ավարտել է Բժշկական ուսումնարանը, այնուհետ Գյումրու պետական ինստիտուտի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը:

Դեմ արտահայտվելով Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի կարծիքին՝ թե այս օրենքի ընդունմամբ շատ երիտասարդներ կդժբախտանան, նա պնդում է, որ եզդի ազգն իր նախագահների պատճառով առաջ չի գնում.

«Մենք ապրում ենք 21-րդ դարում, արժի՞ այդպիսի հետամնաց կարծիք առաջ բերել: Որ դուրս ես գալիս Հայաստանից ուրիշ ազգերին տեսնում ես, նոր հասկանում ես, որ մեր նախագահները ինչ-որ երկրորդական բաների հետեւից են ընկել ազգին օգուտ տալու փոխարեն»:

Երիտասարդ կինը միայնակ չէ իր այս դիրքորոշման մեջ: Օրերս Թամոյանի դիրքորոշումն ու պահանջները քննադատող հայտարարությամբ է հանդես եկել նաեւ «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ն.

«Ինչպե՞ս կարելի է տասնութ տարեկան աղջկան իր տարիքի համար վատ աչքով նայել: Մենք հորդորում ենք, որ Ազիզ Թամոյանը իր ընտանիքում հաստատված ավանդույթով չվիրավորի բազմաթիվ եզդի աղջիկների: Դա մեզ համար անթույլատրելի է»:

«Սինջար»-ի հայտարարությունը պնդում է, որ «Թամոյանը հակաազգային գործունեություն է ծավալում»:

«Նպաստել, որպեսզի եզդի աղջիկների մի մասն անկիրթ մնա, անգամ դպրոցը չավարտելով ամուսնանա` սա միանշանակ մեր կողմից կդիտարկվի որպես ազգային խտրականություն»,- նշում է ՀԿ-ն՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով եզդի աղջիկների համար ամուսնության ավելի վաղ տարիք չսահմանել:

«Հավաստիացնելով, որ եզդի համայքնի գոնե մեծամասնության մոտ այդ քարեդարյան ավանդույթը այլևս չի գործում, ՀՀ Կառավարությանը կոչ ենք անում ոչ մի փոփոխություն չկատարել այդ օրենքում»:

Մինչդեռ Թամոյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հավաստիացնում է, որ աղջիկներին վաղ ամուսնացնելը իրենց ադաթն է եւ չի կարող վերանալ.

«Երիտասարդները, որոնք սա համարում են հետամնացություն ոչինչ չգիտեն, նրանք իրականում բարոյապես իրավունք էլ չունեն խաղալ ժողովրդի ճակատագրի հետ ու խոսեն ողջ համայնքի անունից: Սա հետամնացություն չի, սա մեր ավանդույթն ու ադաթն ա, որ եկել ա դարերով ու պետք ա պահպանվի»:

Թամոյանը նշում է, որ դեմ չէ, եթե եզդի աղջիկներ կան, որոնք ուսում են ստանում, բուհ են ընդունվում եւ որոշում են 20 կամ 25 տարեկանում ամուսնանալ.

«Դա իրենց որոշումն է, մենք ոչ մեկի չենք ստիպում: Բայց եզդի աղջիկների 95 տոկոսը չի սովորում, նրանք 5-րդ, 6-րդ դասարանից թողնում են ուսումը, ծնողներն էլ չեն տալիս կրթության, եւ այդ աղջիկները, ըստ մեր ավանդույթի, շուտ են ամուսնանում: Այդ իսկ պատճառով մենք շատ շնորհակալ ենք, որ վարչապետը որոշեց ընդառաջել եւ եզդի համայնքի համար ամուսնության նվազագույն տարիքը աղջիկների համար սահմանել 16-ը»,- հավելում է Թամոյանը:

Իսկ «Սինջար»-ի հայտարարությունը, հակադարձելով Թամոյանին, Հայաստանի իշխանություններին կոչ է անում եզդիների համար ավելի կարեւոր խնդիրների վրա.

«Պարոն Վարչապետ, գնացեք և տեսեք՝ ինչ վիճակում են եզդիական գյուղերը, տեսեք, թե ինչ մակարդակի կրթություն են ստանում եզդի երեխաները եզդիական գյուղերում: Եվ եթե դուք Ազիզ Թամոյանի նման անձնավորության կարծիքը համարում եք եզդի ազգի կարծիքը, ապա մենք կհամոզվենք, որ եզդի երիտասարդների և առաջին հերթին աղջիների անկիրթ լինելը ձեռնտու է հենց Հայաստանի Հանրապետության իշխանություններին և սա պետական քաղաքականություն է»:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am