«Ալիևի պատկերացրած պայմանագիրը հայկական պետականության անկման մասին թուղթ է, ո՞վ է ստորագրելու դա». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու հարցը։ Սրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ «Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներ են, և մենք միջազգային ոչ մի կենտրոնի հետ չենք քննարկելու, թե ինչպես կազմակերպել նրանց կյանքը»։ Ստացվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարն ու նախագահը տարբե՞ր դիրքորոշում ունեն։

Իրականում ոչ, ես կարծում եմ՝ բոլորն էլ նույն գծի մեջ են, ուղղակի տարբեր կերպ են մանևրում․ արտգործնախարարը միշտ էլ փորձել է ավելի թվացյալ կառուցողական դիրքերից հանդես գալ, քան Իլհամ Ալիևը։ Ալիևն ավելի կոշտ հռետորաբանության կրող է ու իր այս ելույթում մի քանի շեշտադրումներ էր անում, որոնք ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանն ընդհանրապես շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։

Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, որ «եթե Հայաստանը չստորագրի իրենց պայմաններով խաղաղության պայմանագիր, ապա խաղաղություն ընդհանրապես չի լինելու»։ Իսկ թե ի՛նչ է հասկանում Ադրբեջանը այդ պայմանագրի ներքո, ու ի՛նչ հետևանքներ կարող է դա ունենալ հայկական պետության համար, բազմիցս ենք խոսել այդ մասին։

– Չնայած հասցեական հայտարարություններին՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալ ու իր պահանջները թելադրել Հայաստանին։ Միջազգային հանրությունը ի՞նչ միջոցներով կարող է զսպել Ադրբեջանին։

– Ամենամեծ անելիքը նախևառաջ մերն է, որովհետև մեր դեմ են պատերազմում, մեր պետությանն են ուղղված այդ սպառնալիքները, բայց, միաժամանակ, միջազգային առումով իհարկե կան Ադրբեջանին զսպելու գործիքակազմեր։ Այդ դիմակայության համար ժամանակ է պետք, ռեսուրսների կենտրոնացում, որպեսզի փորձեն հասնել որոշակի պատժամիջոցների կամ ձևակերպումների նույն ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի մակարդակով, այսինքն՝ եթե մենք կարողանանք միջազգայնորեն ապացուցել Ադրբեջան պետության ռասիստական լինելը՝ բնականաբար, նույն Լեռնային Ղարաբաղի հարցում, հստակ է, որ մեր հայրենակիցները չեն կարող որևէ երաշխիքների դիմաց անվտանգ լինել Ադրբեջանի կազմում, ցանկացած կարգավիճակով։

Նաև այնպես չէ, որ այդ հասցեական հայտարարությունները չեն ազդում, այսօրվա հրադադարը նաև որոշակիորեն այդ հայտարարությունների միջոցով է պահպանվում, բայց ավելի երկարաժամկետ կտրվածքով այդ ամենը բավարար չեն, բայց, կրկնում եմ, որ գլխավոր անելիքները մերն են բոլոր առումներով։

– Իսկ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությունը հնարավոր համարո՞ւմ եք այս պայմաններում, տիկի՛ն Հայրապետյան։

– Անկեղծ ասած, ինձ թվում է, որ այդ երկխոսության որոշակի խողովակներ արդեն աշխատում են, և նույն այս տարվա օգոստոսի 3-ի այդ զարգացումները՝ Բերձորի նկատմամբ հարձակումը, դրան հաջորդած գործողությունները, այդ են վկայում, ուրիշ բան, թե ի՛նչ կարգավիճակով ու ձևով է դա ընթանում։ Բնականաբար, ամենաբարձր մակարդակով չէ, բայց որոշակի խողովակներ աշխատում են, ուղղակի խնդիրն այստեղ երկխոսությունը կամ դրա բացակայությունը չէ, խնդիրն այստեղ Ադրբեջանի դիրքորոշումն ու անզիջում պահվածքն են ու դրան զուգահեռ քարոզվող հայատյացությունը։

Ադրբեջանն ինչ էլ խոսի, Ալիևն ինչ բառեր էլ օգտագործի, փաստացի մենք գործ ունենք ռասիստական պետության հետ, որտեղ քնած հային կացնահարելը համարվում է հերոսություն, իսկ մենք դա չպետք է մոռանանք։

– Վաղը Պրահայում նախատեսվում է Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի առաջին դեմ առ դեմ հանդիպումը։ Նկատի ունենալով Թուրքիայից եկող հայտարարությունները, նրանց անվերապահ աջակցությունն Ադրբեջանին՝ ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից։

– Եթե Թուրքիայի օրակարգերը քիչ թե շատ պարզ ու հրապարակային են, ապա Հայաստանի օրակարգն է մնում խնդրահարույց՝ ի՞նչ օրակարգով է Հայաստանի վարչապետը հանդիպում Թուրքիայի նախագահի հետ ու ի՞նչ նպատակներով, որովհետև վերջին հայտարարություններից ակնհայտ էր, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք ընդհանրապես չեն պահպանվել, ու հետո Թուրքիան իր նախապայմաններն է առաջադրել և՛ «միջանցքի», և՛ «խաղաղության պայմանագրի» հետ կապված, ու այս իրավիճակում՝ չգիտեմ ինչ պետք է ակնկալել այդ հանդիպումից։

Մեծագույն խնդիրը մնում է Հայաստանի կողմից բովանդակային օրակարգերի բացակայությունը, որը խնդիրներ է ստեղծում և՛ դաշնակիցների, և՛ հակառակորդների հետ հարաբերություններում։

Տիկի՛ն Հայրապետյան, հայկական կողմի հավաստմամբ՝ Ադրբեջանը սահմանազատման ու սահմանագծման համար 1919-1920 թվականների քարտեզներն է առաջարկում։ Ադրբեջանական կողմում այս մասին հստակ դիրքորոշում կա՞։

– Խնդիրն այն է, որ ոչ թե քարտեզներ կան ֆիքսված, այլ այն, թե յուրաքանչյուր կողմը ինչպիսի քարտեզ է ներկայացրել՝ իր պատկերացրած պետության համար։ Ժամանակ առ ժամանակ հաղորդումներ են պատրաստվում, ու ներկայացվում է, թե ինչ են իրենք պատկերացնում, բայց պետական մակարդակով Ադրբեջանը հստակ քարտեզներ չի ներկայացրել, այլ Ալիևն ասում է, որ «ամբողջ Հայաստանի տարածքը հին ադրբեջանական հող է»։

– Ալիևն այս հայտարարություններով ու գործողություններով փորձում է արագացնե՞լ այդ պայմանագրի ստորագրումը։

– Ալիևի պատկերացրած պայմանագիրը հայկական պետականության անկման մասին թուղթ է, ո՞վ է ստորագրելու դա։

– Իսկ այս բանակցությունները կօգնե՞ն կողմերին գալ այնպիսի բովանդակությամբ տեքստի, որն ընդունելի կլինի երկուսի համար էլ, տիկի՛ն Հայրապետյան։

– Կարծում եմ՝ չէ՛, որովհետև Ադրբեջանի համար սա հնարավորությունների պահ է, ու այսօրվա ելույթում էլ Ալիևը շեշտեց, որ իրենք զենքով են խնդիրներ լուծում, իսկ ռասիզմ քարոզող պայմաններում ոչ մի իրական ձեռքբերում խաղաղության վերաբերյալ չի կարող լինել։

Իմ դիտարկմամբ՝ այս ամբողջն ընդամենը Ադրբեջանի կողմից ժամանակ շահելու միջոց է իր հետագա խնդիրները լուծելու համար։ Եթե այս պահին միջազգային գործընկերների կողմից արվող հայտարարություններ, կոչեր կան, Ադրբեջանը կսպասի ավելի հարմար առիթի՝ իր գործողությունները շարունակելու համար։ Եթե մենք չենք ֆիքսում, որ Ադրբեջանը պատրաստվում է մեր դեմ պատերազմի, ու համարժեք չենք պատրաստվում դրան, ապա խաղաղության որևէ հնարավորության մասին խոսելն անիմաստ է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am