Մենք պարտք ունենք հանդիսատեսի առաջ, անվտանգության կանոնները պահելով` պետք է կարողանանք փոքրածավալ ներկայացումներ բեմադրել. Լյուդվիգ Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, ծանր շրջան է թատրոնի համար, համավարակով պայմանավորված՝ ներկայացումները թույլատրված չեն։ Ի՞նչ վնասներ է կրում թատրոնն այս փուլում։

– Այն իրավիճակը, որն ստեղծվել է, իհարկե, բոլորիս համար շատ վատ է։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի վերջին ներկայացումը եղել է մարտի 12-ին։ Դրանից հետո մինչև այսօր մենք ներկայացում չենք ունեցել։ Բայց դրան զուգահեռ թատրոնի ներքին աշխատանքները ոչ մի պահ չեն դադարել։ 

Սկզբում թատրոնն օնլայն տիրույթում սկսեց ներկայացումներ ցուցադրել, հետո, երբ արդեն պարետատնից համախապատասխան թույլտվություն եղավ, որ թատրոնում կարելի է սահմանափակ թվով մարդկանցով աշխատանք կատարել, մեր թատրոնի գեղարվեստական խորհուրդը որոշեց, որ թատրոնը չի կարող պարապուրդի մատնվել։

Եվ որոշեցինք ոչ խոցելի խմբի՝ հիմնականում երիտասարդների հետ սկսել նոր ներկայացումներ բեմադրել, որոնցում ընդգրկված կլինի ընդամենը 3-4 դերասան։

Այսօր թատրոն աշխատանքի է գալիս ընդամենը 10 դերասան։ Հույս ունենք՝ այս ամենը շուտով կվերջանա, և մեր թատրոնը երեք նոր պրեմիերաներով կներկայանա հանրությանը։ 

Ի վերջո մենք պետք է հասկանանք մի կարևոր բան՝ ճիշտ է, հիմա համաճարակ է, թատրոնը չի աշխատում, բայց ունենք նաև աբոնեմենտային ներկայացումներ, որոնց տոմսերն այս պահին հանդիսատեսի ձեռքին են, և մենք պարտք ունենք հանդիսատեսի առաջ։

Պահպանելով անվտանգության բոլոր կանոնները՝ այս ընթացքում պետք է կարողանանք փոքրածավալ ներկայացումներ բեմադրել։ 

Եվս մեկ անգամ նշեմ՝ այս ներկայացումներում հիմնականում ընդգրկված են թատրոնի երիտասարդները՝ 3-4 հոգանոց խմբեր, խոցելի խմբի անձինք աշխատանքի չեն գալիս։ Այսինքն՝ հիմա թատրոնում ներկայացում չենք խաղում, բայց պատրաստում ենք ներկայացումներ։

– Ֆինանսական ի՞նչ խնդիրներ են ծագել այս ամենի հետևանքով։

– Գիտեք, որ յուրաքանչյուր թատրոն պետական բյուջեից է ֆինանսավորվում, մշակույթի նախարարությանն ենք ենթարկվում։ Բայց թատրոնն ունի այլ ծախսեր, խնդիրներ, որոնք պետք է կարողանա նաև իր արտաբյուջեի միջոցով լուծել։ 

Մինչ այս պահը մեր թատրոնում պարապուրդի չենք մատնվել, ոչ մի աշխատակցի աշխատանքից չենք ազատել։ Եվ կարծում եմ, այս վիճակը ժամանակավոր է, այս վիճակը կհաղթահարենք։

Բայց եթե այսպես շարունակվի, միանշանակ ֆինանսական խնդիրներ կունենանք։ Ճիշտ է, պետությունը գումարը տալիս է, բայց դու էլ պիտի աշխատես, ի վերջո, թատրոնը մի մեծ համակարգ է, որի հարցերն ինքը պետք է ինքնուրույն լուծի։ 

Հուրախություն մեզ, և՛մեր արտաբյուջեի միջոցներով, և՛ նախարարության աջակցությամբ կարողացել ենք մինչ այս պահը բոլոր խնդիրները լուծել։

Մենք հաճախ ենք հավաքվում թատրոնների գեղարվեստական ղեկավարներով, բոլորի մտահոգությունն էլ նույնն է, բոլոր թատրոններն էլ աշխատանք են իրականացնում այս ընթացքում։

Այս վիճակը նաև մեզ հնարավորություն տվեց փորձել ֆորսմաժորային իրավիճակներում ելքեր գտնել՝ նորովի ներկայանալու։

Մենք նաև հեքիաթների մասով ենք աշխատանք տանում, կարծում եմ՝ օգոստոսին կունենանք արդեն հեքիաթների շարք, որոնք նկարված կլինեն։ Նախարարության աջակցությամբ պատրաստվում ենք մոտ 20 հեքիաթ հեռարձակել, որոնք կնկարահանվեն։ 

Գիտենք, որ համավարակով պայմանավորված իրավիճակում մարդկանց սոցիալական խնդիրներն են սրվել։ Հատկապես Գյումրին խոցելի է այդ առումով, ի՞նչ միտումներ են նկատվում վերջին ամիսներին։

– Ամեն ինչ փոխկապակցված է։ Ես եթերով լսում եմ, որ ասում են՝ մարդիկ անլուրջ են վերաբերվում այս իրավիճակին։ Բայց ես խոսում եմ Գյումրիի մասին՝ մարդիկ անլուրջ չեն վերաբերվում, բավական էլ լուրջ են։ 

Եվ անգամ ինձ մեկ անգամ տուգանել են դիմակ չունենալու համար։ Ես դա նորմալ եմ գնահատում։ Կարծիքներ կան, որ մարզերում չեն հետևում անվտանգության կանոններին, բայց ես քաղաքում տեսնում եմ, որ բոլորն էլ ամենայն պատասխանատվությամբ հետևում են կանոններին, որովհետև հասկանում են մի բան՝ այս ամենն է՛լ ավելի կարող է խորանալ ու բարդանալ։

Երբեք Գյումրին սոցիալապես ապահով չի եղել, որովհետև մենք չունենք գյուղատնտեսություն, գործարաններ։ Քաղաքի ժողովուրդը հիմնականում արտագնա աշխատանքով էր ապրում, և հիմա այդ արտագնա աշխատանքն էլ չկա։ 

Աշխատանքի բերումով ես շփվում եմ նաև ուսանողների հետ, նրանց ծնողները մեկնում էին արտագնա աշխատանքի, բայց իրավիճակը բացասական է ազդել նրանց աշխատանքի վրա։

Բոլորի մտահոգությունը մեծ է, բայց այդ մտահոգության հետ միասին կա լավատեսություն, որ մենք այս ամենը կկարողանանք հաղթահարել։ Մեր ժողովուրդը ցույց է տվել, որ կարողանում է դժվարությունները հաղթահարել։

Ես կարծում եմ, որ հիմնականում նվազել են այն մարդկանց եկամուտները, որոնք արտագնա աշխատանքի էին մեկնում կամ մասնավոր ոլորտում են աշխատում։ Նրանք, որոնք պետական կառույցներում են աշխատում, այս փուլում այդ մարդկանց կարողանում են աշխատավարձով ապահովել։

Դժվար է այն մարդկանց համար, որոնք պետական աշխատանք չունեն։ Այս հարցն էլ երևի կմնա մասնավոր ոլորտի ղեկավարների խղճին, որ կարողանան աջակցել այդ մարդկանց, որ մարդիկ այս դժվարությունները հաղթահարեն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am