«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը
– Պարո՛ն Նորիկյան, հունվարի 28-ին նշվում է Հայոց բանակի կազմավորման օրը, օրվա խորհրդի վերաբերյալ եմ ձեր դիտարկումները խնդրում, ի՞նչ ունենք այսօր:
– Օրվա խորհուրդն ինձ համար անփոփոխ է. Հայոց բանակն ինձ համար անքննարկելի արժեք է իր ամբողջ թերություններով, ձախողումներով, սայթաքումներով ու վրիպումներով, այս ամենով հանդերձ բանակն իմ հպարտության առարկան է: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր գիտակից մարդու համար բանակը մեր պաշտպանական համակարգի կորիզն է, առանցքային հիմքն է, որի վրա խարսխվում է մեր պաշտպանական ողջ համակարգը:
Այսօր մեր բանակը, օբյեկտիվ և սուբյեկտի պատճառներով, չի ապրում իր լավագույն օրերը, ու մենք իսկապես գտնվում ենք հետպատերազմական ճգնաժամից վերականգնվելու փուլում, բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ բանակի առջև դրվող խնդիրները պետք է իրատեսական լինեն, բանակը պետք է իր երազանքներն ու նպատակներն ունենա, այն պետք է օրինակելի հերոսներով զարգանալու հնարավորություն ունենա: Յուրաքանչյուր սպայի համար պետք է տեսանելի լինի, թե ինքը ո՛ր զորավարի, հրամանատարի օրինակով պետք է առաջնորդվի ու իր ծառայությունն իրականացնի: Յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է տեսանելի ու ընկալելի լինի, թե ո՛վ է իր հերոս զինվորն ու հերոս սպան, նրանց այդ օրինակները պետք է մեզ համար տեսանելի լինեն:
Մենք պետք է ունենանք բանակի զարգացման մոդելը, այն հայեցակարգը, թե 5-10, 15 տարի հետո մենք ինչպիսի՛ սպայական էլիտա ենք ունենալու, ինչպիսի՛ համազգեստավոր քաղաքացիներ ենք ունենալու, բանակում ծառայած ու զորացրված քաղաքացին ինչպիսի՛ ընկալումներով ու կրթական մակարդակով է վերադառնալու ընտանիք: Ովքե՛ր են ցանկանում ծառայել զինված ուժերում, ու Հայաստանն ինչպիսի բարենպաստ պայմաններ է ստեղծում մեր երիտասարդների համար, որոնց համար ռազմաուսումնական հաստատություններում սովորելը գրավիչ ու նպատակային կլինի:
Ուզում եմ հասկանալ՝ արդյոք մեր պետությունը վարո՞ւմ է այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կտա ստեղծելու իսկական ռազմակրթական համակարգ, որովհետև Հայաստանի բարձրաստիճան զինվորականները տարիներ շարունակ սովորել են տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատություններում՝ դրանցով պայմանավորված բոլոր լավ ու վատ հետևանքներով հանդերձ: Ես ուզում եմ մենք դնենք մեր ռազմական համակարգի այդ կորիզը, հայեցի դաստիարակությունը, մեր ազգային արժեքների հիման վրա խարսխված ռազմական գիտելիքները: Այս ամենը պետք է արվի, որպեսզի մենք վերջնարդյունքում ունենանք պրոֆեսիոնալ բանակ:
Հատկապես ուզում եմ ընդգծել հետևյալ երկու հանգամանքը. մեր ապագան պրոֆեսիոնալ բանակի կայացումն է, ու մենք պետք է երկու մոդելի բանակ կառուցենք՝ մեկը պետք է լինի պրոֆեսիոնալ բանակը, որը պետք է խարսխված լինի բարձրագույն, քաղաքակիրթ, բարեկիրթ, պրոֆեսիոնալ, մասնագիտական կարողություններով օժտված անձնակազմի վրա, որն ունակ պետք է լինի կատարել իր առաջ դրված մարտական ամենաբարդ խնդիրն ու անհրաժեշտության դեպքում պարզապես ջարդել թշնամու բանակը, մեզ այդպիսի որձ բանակ է պետք ստեղծել:
Երկրորդը պահեստազորային բանակն է, մեր պահեստազորային բանակը, այսինքն՝ զորացրված ու պահեստազոր արձակված զորակազմը օբյեկտիվորեն մշտապես ավելի շատ է, քան պրոֆեսիոնալ կամ այս պահին գործող բանակի կազմը: Հետևաբար պահեստազորային բանակին ժամանակ առ ժամանակ ուսուցանելը, վարժական հավաքներին ներգրավելը, մասնագիտական գիտելիքների ստուգումն ու թարմացումը հնարավորություն կտա Հայաստանում ձևավորել այնպիսի բարոյահոգեբանական իրավիճակ, որն առաջին հերթին կանխարգելիչ նշանակություն կունենա թշնամու համար, որպեսզի նա մտքով չանցկացնի հարձակվել Հայաստանի վրա:
– Այդ ամենն արվո՞ւմ է, օրինակ՝ գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ բանակում բարեփոխումներ են իրականացնում, նկատո՞ւմ եք այդ ամենը:
– Եթե ես ասում եմ, որ պետք է արվի, ապա ձեր հարցին իմ պատասխանը դրա մեջ է, երկրորդ՝ հասարակության յուրաքանչյուր անդամ տեսնում է, թե ինչ է կատարվում բանակում: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ամենակենցաղային հանգամանքներն է հրապարակում իր սոցիալական էջերում, հավաստիացնում եմ ձեզ, եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ ստրատեգիական կամ իմ մատնանշած որևէ փոփոխություն կատարած լիներ, նա չէր հապաղի դրանք ցույց տալ, օրը չորս անգամ դա կաներ:
Հռետորական հարց եմ տալիս՝ Նիկոլ Փաշինյանը ե՞րբ է վերջին անգամ զորամաս այցելել, ե՞րբ է շփվել Հայոց բանակի զինվորների հետ, ե՞րբ է խորամուխ եղել խնդիրների լուծմանը, ե՞րբ է անմիջապես ծանոթացել հայ սպաների խնդիրներին: 2021-ից հետո ես չեմ հիշում նման բան:
Սա այն բացառիկ տոներից մեկն է, որը պետք է նշենք ողջ ազգով, որն իսկապես պետք է վերածվի տոնակատարության: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում մեր բանակը զորահանդեսի երբեք չի մասնակցել, մեր բանակը երբեք առաջին պլան չի բերվել, սա հոգեբանական տեսանկյունից իր բացասական ազդեցությունն է ունենում:
Բանակի խնդիրներն այնքան շատ են, որ ես չեմ ուզենա այս օրով դրանց մասին խոսել, յուրաքանչյուրս պետք է նկատի ունենանք, որ բանակը մեր բոլորի զավակն է, հետևաբար, յուրաքանչյուրիս խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի առկա թերությունները վերանան:
– «Այսօր ՀՀ բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը` Բանակը լինի։ Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից»,- պարո՛ն Նորիկյան, համակարծի՞ք եք Նիկոլ Փաշինյանի այս մտքին:
– Այնպես չէ, որ բանակի խնդիրները տարանջատված են, բայց, խնդրում եմ՝ նկատի ունեցեք, որ բանակը հասարակությունից տարանջատվում է այն հանգամանքով, որ զինվորական ծառայությունը հատուկ ծառայության տեսակ է, որտեղ հարաբերությունները կարգավորվում են հիերարխիկ բնույթով, այսինքն՝ ստորադաս ու վերադաս հարաբերություններով, ու այդտեղ հրամանատարության առաքելությունն է թույլ չտալ, որ նույնիսկ հասարակությունից թափանցած ոչ ֆորմալ բարքերը խորանան բանակում, նրանք պարտավոր են կիրառել իրավական ամբողջ գործիքակազմը այդ համակարգում, սահմանափակ տարածքում այդ բարքերի իրագործումն անհնար դարձնելու համար:
Չի կարելի ասել, որ բանակում այսօր չեն ծնվում այն նեգատիվ երևույթները, որոնք այսօր խնդիրներ են առաջացնում հասարակության մեջ: Ո՞ւմ է հետաքրքիր, թե որտեղից է թարմանում խնդիրը, բանակի ղեկավարության, պետության սուրբ առաքելությունն է այդ խնդիրները չեզոքացնել ու լուծել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















