Լուրջ մտահոգություն են առաջացնում նաև ԶԼՄ-ներին վերաբերող մի շարք այլ նախաձեռնություններ՝ մշակած իշխանական տարբեր ատյաններում․ զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցը

2021թ․ երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար լարված  ժամանակաշրջան էր՝ կապված թե՛ շարունակվող հետպատերազմյան, թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրությունների և հետընտրական գործընթացների հետ։

Հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք, իսկ հունիսի 7-18-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, գրանցվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 փաստ։

Երկրորդ եռամսյակի ընթացքում կտրուկ ավելացել են քաղաքական գործիչների, պաշտոնյաների, ինչպես նաև՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման, լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը։ Նախորդ եռամսյակի 8-ի դիմաց՝ գրանցվել է 20 այդպիսի դեպք։ Դրանց առնչությամբ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ 5 հայտարարությամբ է հանդես եկել, որոնք նաև իրավապահների ուշադրությանն են արժանացել։

Հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ դրանց մասնակիցները հաճախ թիրախավորել են այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ասոցացվել են հակադիր ճամբարի քաղաքական ուժի հետ։ Սա մեդիայի ծայրահեղ բևեռվածության, հասարակության պառակտվածության և փոխադարձ անհանդուրժողականության արդյունք է։

 Ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել է նաև ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի քանակը․ վարույթ է ընդունվել 23 նոր հայց, ինչը գրեթե կրկնակի ավելի է տարվա առաջին եռամսյակի համեմատ։

Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է  ֆիզիկական բռնության 8 միջադեպ, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 15 դեպք։

2021թ խախտումների եռամսյակային տվյալներ

Խախտումների տեսակները2021 թ. 1-ին եռամսյակ2021 թ. 2-րդ եռամսյակԸնդհանուր
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ7
(8 տուժող)
8
(9 տուժող)
15
(17 տուժող)
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ204363
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ151530

2020 և 2021 թվականների 2-րդ եռամսյակներին գրանցված
խախտումների քանակը

Խախտումների տեսակները2020 թ. 2-րդ եռամսյակ2021 թ. 2-րդ եռամսյակ
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ28
(9 տուժող)
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ3443
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ2615

2021թ ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերն ըստ եռամսյակների

Դատական գործերի տեսակները2021թ. 1-ին եռամսյակ2021թ. 2-րդ եռամսյակԸնդհանուր
Վիրավորանքի և զրպարտության հիմքով102333
Տնտեսական կամ այլ վեճեր202

Նախընտրական շրջանից սկսած՝ տեղեկատվական դաշտն առողջացնող մի ծրագրով հանդես եկավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ վերհանելով ԶԼՄ-ների հրապարակումներում տեղ գտած կեղծ լուրերն ու ապատեղեկատվությունը, ինչի արդյունքում Ֆեյսբուքն ու Ինստագրամն արգելափակում են այդ նյութերի հասանելիությունը։ Տասնյակ լրատվամիջոցներ հանդես եկան հայտարարությամբ այս գործընթացի դեմ՝ այն անվանելով գրաքննություն։
Իսկ իրավիճակը շտկելու համար իշխանությունների ձեռնարկված քայլերն էլ առայժմ անարդյունավետ են․ դրանց մեծ մասը ավելի շատ սպառնում է խոսքի ազատությանը, քան հնարավորություն է ստեղծում լուծելու չարաշահումների խնդիրը։ Ավելին՝ դրանք հակասում է միջազգային նորմերին և հարիր չեն ժողովրդավարական հասարակությանը։ Այդ պատճառով, օրինակ, ՀՀ նախագահը լրագրողական ՀԿ-ների հետ խորհրդակցելուց հետո չստորագրեց ԱԺ ընդունած օրենքը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը պետք է եռապատկվեր, և ապրիլի 15-ին այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ որոշելու համար փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Լուրջ մտահոգություն են առաջացնում նաև ԶԼՄ-ներին վերաբերող մի շարք այլ նախաձեռնություններ՝ մշակած իշխանական տարբեր ատյաններում։
Դիտարկվող ժամանակահատվածում հրապարակվեցին միջազգային կազմակերպությունների զեկույցներ։ Ըստ «Freedom House»-ի՝ մամուլի ազատության ցուցիչով Հայաստանը դիրքերը պահպանել է։ «Բազմազան, բայց ոչ անկախ», – սա էլ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ ապրիլի 20-ին հրապարակված տարեկան զեկույցի գնահատականն է, համաձայն որի՝ մամուլի ազատության մակարդակով Հայաստանը 2 նիշով հետընթաց է գրանցել՝ այժմ աշխարհի 180 երկրների թվում 63-րդն է։