Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում Հայաստանի սահմանների վերաբերյալ ձեռք բերված փոխզիջումը, որի մասին խոսել էր Ղազախստանի նախագահը, այնքան ամոթալի ու ստվերային է, որ կողմերից որևէ մեկը չի ցանկանում անդրադառնալ դրան: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կոնտրոնի» տնօրեն, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
«Թերևս ոչ միայն ամոթալի է այդ պայմանավորվածությունը, այլև ոչ իրավաչափ»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԵՏՄ պայամանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ հաջողվել է փոխզիջման հասնել սահմաներին առնչվող հարցում, որոնց շրջանակներում Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը: Մինչ այդ Ղազախստանը պարբերաբար հանդես էր եկել հայտարարություններով այն մասին, թե Հայաստանն առանց Ղարաբաղի պետք է միանա ԵՏՄ-ին: Թեև հայտարարվեց փոխզիջումների մասին, սակայն հանրության համար անհասկանալի է, թե ինչ փոխզիջումների մասին է խոսում Նազարբաևը, իսկ հայկական կողմն այդ մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի անում:
Արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը միայն հայտարարել է, որ այդ փոխզիջումը ձեռնտու է Հայաստանին:
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պնդում է, որ Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել: Ըստ նրա՝ ԵՏՄ պայմանագրում դրա մասին որևէ բան չկա:
«Այնտեղ ընդամենը նշվում է տրամաբանական ձևակերպում այն մասին, որ պետությունների մաքսային տարածքը դա իրենց տարածքն է: Ընտրովի մոտեցում Հայաստանի նկատմամբ, բնական է, չէր կարող լինել»,- ասել էր Շավարշ Քոչարյանը՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչ փոխզիջման մասին է խոսում Ղազախստանի նախագահը:
Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ հարցի վերաբերյալ տարբեր ենթադրություններ կան:
«Առաջինն այն է, որ ոչինչ, թող Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ լինի, բայց ձևական լինի: Առաջին վարկածը դա է, որ հավանական է, այսինքն՝ համաձայնել են, որ մաքսակետը ձևական լինի և որևէ կերպ չազդի Հայաստանի ու Արցախի հարաբերությունների ներկայիս վիճակի վրա: Երկրորդ վարկածը, որի մասին խոսում են, դա ըստ էության այն է, որ եթե պետք է մաքսակետ լինի, ապա այդ մաքսակետը պիտի լինի բոլոր երկրների տարածքներում: Այդ դեպքում առաջ է գալիս Ղրիմի խնդիրը, որովհետև Ղազախաստանը որքան որ պետք է համառորեն պնդի Ղարաբաղի սահմանին մաքսակետ տեղադրելու մասին, նաև համառորեն պիտի պնդի նաև Ղրիմի սահմանին մաքսակետ տեղադրելու մասին, որովհետև ոչ միայն միջազգային հանրությունը, անգամ նույնիսկ Նազարբաևը և Լուկաշենկոն չեն ճանաչել Ղրիմի անեքսիան»,- նշում է Սաֆարյանը:
Ըստ նրա, եթե թղթի վրա գրված է, թե պետք է տեղադրվի ձևական մաքսակետ, ամեն պահ այդ ձևական մաքսակետը կարող է վերածվել իրական մաքսակետի: Այդտեղ է խնդիրը, դա ռիսկային հարց է, այդ պատճառով էլ որևէ մեկը չի խոսում այդ մասին:
Անվտանգության տեսանկյունից, նրա խոսքով, վտանգն այն կարող է լինել, որ չճանաչված պետության հետ Հայաստանի հարաբերություններն այլ վերահսկողներ կան:
«Ստացվում է, որ Հայաստանի և Արցախի միջև ազատ տեղաշարժը այլ վերահսկողներ կան, դա այնքան էլ ցանկալի չէ»,- ասում է վերլուծաբանը:
«Քաղաքական և միջազգային հարաբերությունների hայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը նկատում է, որ ըստ հրապարակված փաստաթղթերի՝ լուրջ վտանգ կա, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ է տեղադրվելու:
«Կարծում եմ, որ միայն մաքսակետ չի տեղադրվի, ես կարծում եմ, որ առիթը կօգտագործվի և այնտեղ զորախումբ կմտցվի, իհարկե, ռուսական զորախումբ»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:
Նրա խոսքով, թե բանավոր ինչ պայմանավորվածություններ են եղել կողմերի միջև, դա էական չէ, որովհետև այդ պայմանավորվածությունները ցանկացած պահի կարող են դրժվել:
«Այդ բանավոր պայմանավորվածությունները փաստաղթղթային տեսք չունեն, շատ լուրջ վտանգ է սա: Սա բացարձակ ոչ հայանպաստ լուծում է»,- ասում է քաղաքագետը:
Եթե մի կողմ թողնենք տնտեսական խնդիրները, Ենոքյանի խոսքով, սա լուրջ վտանգ է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը:
«Փաստորեն այդ սահմանի վրա կա ռուսական զորախումբ մտցնելու վտանգ, ինչից հետո Ռուսաստանը Ղարաբաղի հետ կվարվի ըստ իր հայեցողության: Այսինքն՝ կուզի կթողնի, որ պահպանվի այսօրվա ստատուս-քվոն, կուզի կտա Ադրբեջանին, կուզի ինչ-որ երկկողմանի վերահսկողության մեխանիզմենր կստեղծի: Դրանից մեծ վտանգ ես չեմ կարող պատկերացնել: Այս ռեգիոնում լրացուցիչ ռուսական զորքն արդեն իսկ վտանգ է»,- նշում է Աղասի Ենոքյանը:
Մարի Ներսեսյան
© Medialab.am