«Ցավով եմ հետևում, թե ինչ է կատարվում Հայաստանում, տպավորված եմ Բալիում տեղացիների կարգապահությամբ»․ Նարե Պողոսյան

«Տպավորված եմ Բալիում տեղաբնակների կարգապահությունից և զգուշավորությունից, նույնքան զարմացած եմ՝ հետևելով, թե ինչպես են Հայաստանում մարդիկ կանոններն անտեսում և նպաստում վիրուսի աճին»,- ասում Նարե Պողոսյանը, որը Ինդոնեզիա՝ Բալի կղզի էր մեկնել արձակուրդի նպատակով և արդեն շուրջ 6 ամիս է՝ գտնվում է այնտեղ՝ աշխարհում մեծ տարածում գտած կորոնավիրուսի պատճառով սահմանները փակ լինելու հետևանքով։

Նախատեսվում է, որ սեպտեմբերին Բալին կբացի սահմանները տուրիստների համար։

Բալիում ընդհանուր առմամբ հաստատվել է 2745 դեպք, առողջացել է 1992 մարդ, մահացել է 40 մարդ։

Նարե Պողոսյանը պատմում է, որ կղզում այժմ որոշ սահմանափակումներ վերացել են, բացվել են լողափերը, որոշ սրճարաններ նույնպես գործում են, այդուհանդերձ, բոլորը խստորեն պահպանում են կանոնները։

«Եղել եմ խանութներում, շուկաներում և լողափերին։ Մինչև լողափ մուտք գործելը ջերմաչափում են կատարում, եթե դիմակով ես, թույլ են տալիս մուտք գործել, եթե չէ, պարտադրում են, որ մոտակայքից դիմակ գնես, նոր մտնես։ 

Ամեն տեղ լվացարաններ են պատրաստել, որ մարդիկ ձեռքերը լվանան: Բացի այդ ամենից, խանութներում նույնպես գծանշումներ կան, բոլորն անխտիր սոցիալական հեռավորություն են պահում։ Մեծ սուպերմարկետներ կարող են մտնել 5-6 մարդ՝ հերթով»,- նշում է Նարե Պողոսյանը։



Պողոսյանն ասում է, որ տեղի բնակիչների համար ծանր ժամանակներ են, քանի որ ամբողջ կղզու բնակիչները ֆինանսական եկամուտ էին ստանում տուրիզմի միջոցով, սակայն այժմ իրավիճակի պատճառով տուրիզմ չկա, և մարդիկ առանց աշխատանքի են մնացել։

Կառավարությունը որոշակի աջակցության ծրագրեր է իրականացնում, սնունդ է տրամադրում բնակիչներին՝ բրինձ, ձեթ, բանջարեղեն։

Նարե Պողոսյանը կարողանում է վաստակել՝ մարքեթինգային ծրագրեր գրելով Made-in-China ընկերության համար։

Նշում է, որ չնայած տեղացիները ֆինանսապես ծանր վիճակում են, սակայն շատ բարեհամբույր են, խստորեն հետևում են կառավարության որոշումներին, եթե անհրաժեշտ է՝ տնից դուրս չեն գալիս, էլեկտրաէներգիա են խնայում և այլն։

«Մարդիկ աշխատում էին տուրիզմի բնագավառում, բայց այսօր մեծամասնությունը չի աշխատում, և իրենք սոցիալապես շատ ծանր վիճակում են:

Մարդիկ պարզապես հայթայթում են իրենց ուտելիքը։ Իրենց համար նոր բիզնես են ստեղծել, դիմակներ են սարքում և վաճառում։ Ժամը 21։00-ից հետո փողոց դուրս չեն գալիս, խիստ ռեժիմ էր մինչև 2 շաբաթ առաջ, մարդիկ հիմնականում տանն էին, տնից դուրս չէին գալիս։ 

Այստեղ նաև լռության օր կա, մարդիկ էներգիա չեն օգտագործում, փողոց դուրս չեն գալիս ընդհանրապես, բայց ոչ ոք չբողոքեց ղեկավարությանը, նույնիսկ այսպիսի իրավիճակում մարդիկ շատ բարեհամբույր էին»,- նշում է Պողոսյանը։

Ասում է՝ անգամ այն դեպքում, երբ ֆինանսապես ծանր վիճակում են տեղացիները, եթե որևէ մեկը չպահպանի կանոնները, դիմակ չկրի, ոստիկանները խիստ վերահսկողություն են իրականացնում և տուգանում են։

«Ոչ մեկը ձեռքով չի բարևում, չի գրկախառնվում, տեղացիները շատ զգույշ են, եթե որևէ մեկը դիմակ չի կրում, թեկուզ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ոստիկանությունը կանգնեցնում և տուգանում է»,- պատմում է Պողոսյանը։

Ասում է, որ մեծ ցավով է հետևում Հայաստանում կատարվող իրավիճակին, տեսնելով, որ մարդիկ անտեսում են կանոնները՝ դրանով իսկ վտանգի տակ դնելով իրենց և հարազատների առողջությունը։

«Երբ լսեցի, որ սկզբում Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր կային, մեր ընտանիքը այնքան վստահ էր, որ մարդիկ կպահեին սոցիալական հեռավորություն, դիմակ կկրեին, և Հայաստանում դեպքերը չէին շատանա։ Բայց ցավով եմ հետևում, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Տպավորված եմ Բալիում տեղացիների կարգապահությամբ։ Առողջություն եմ մաղթում հայրենակիցներիս, հույս ունեմ, որ այս ամենը շուտ կավարտվի, մարդիկ շուտ կլավանան, մենք էլ կկարողանանք վերադառնալ հայրենիք»,- նշում է Նարե Պողոսյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am