Ինչո՞ւ ԱԺ-ից հետ կանչվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը․ Hcav.am

2021 թ․ հունվարի 29-ին ՀՀ Կառավարությունը Ազգային ժողովից հետ է կանչել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Արձանագրությունը վավերացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կճանաչեր  ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը` ստանալ և քննարկել իր իրավասության շրջանակում գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից ներկայացվող հաղորդումները` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների խախտման դեպքերով:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո միայն հնարավոր կլինի լիարժեք ապահովել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները, ուստի՝ նպատակահարմար է համարվել նախագիծը ժամանակավորապես հանել շրջանառությունից և դրան անդրադառնալ վերոնշյալ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո։

Ներկա փուլում Նախարարության նման հիմնավորումն անհասկանալի է՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությունը, ըստ որի՝ Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արձանագրության վավերացումը պայմանավորում թվարկված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ, եթե ՀՀ արդարադատության նախարարությունը նման անհրաժեշտություն չի տեսնում։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ