«Պետք է շրջանառության մեջ ավելացնել դրամի քանակը, ոչ թե կրճատել, որ դրամը չարժեզրկվի». Արմեն Եղիազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը

– Երեկվանից Ռուսաստանից մեծ ներհոսք է սկսվել դեպի Հայաստան: Մենք գիտենք, որ ամիսներ շարունակ եվրոն ու դոլարը մեծ անկում էին գրանցել, սակայն վերջին օրերին նրանք արժևորվում են: Արդյոք հիմա Ռուսաստանից հսկայական գումարների ներհո՞սք կլինի Հայաստան, և այս առումով նորից տատանումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ:

– Դա կախված է նրանից, թե ինչքան փող է մտնելու Հայաստան: Պարզ է, որ մարդիկ Ռուսաստանում հայտարարված զորահավաքից են փախչում: Մոտակա ժամանակներում ակնկալվում է, որ Ռուսաստանում խստացումներ կլինեն, և այս հոսքը կպակասի: Իրենց նոր օրենսդրությամբ արգելվում է 18-65 տարեկան տղամարդկանց երկիրը լքել:

– Այսինքն՝ անկախ նրանից, թե որքան գումար կհոսի Հայաստան, դա ուղիղ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

– Այդ հոսքը մեզ համար դրական է: Որքան շատ դոլար է մտնում մեր երկիր, այնքան դոլարը կիջնի, դրամը կբարձրանա: Եթե մերոնք խելք ունենան, չեն վախենա այդքան գնաճից: Բայց կրկնեմ՝ չեմ կարծում այդ հոսքը շարունակվի, որովհետև տղամարդկանց արտահոսքը կամ արդեն փակվել է, կամ կփակվի:

– Ենթադրվում է, որ հիմնականում ոչ թե դոլար է մտնում Հայաստան, այլ ռուսական ռուբլի:

– Ի՞նչ տարբերություն՝ ռուբլի, թե դոլար, մեկ է՝ ռուբլով կարողանում են ներմուծումը փակել: Ըստ էության, չաշխատած փող է գալիս, այդ փողը ազդում է ձեր դրամի փոխարժեքի վրա: Մարդիկ գալիս են այստեղ ապրելու կամ տրանզիտի, փող են բերում, հազար պատճառ ունեն: Թուրքերն էլ են սկսել փակել «Միր» համակարգը, մեզ մոտ դեռ աշխատում է: Իսկ ռուբլով դու կարողանում ես Ռուսաստանից գազ գնել, ցորեն գնել: Դրա համար պետք է ավելացնել դրամի քանակը շրջանառության մեջ, ոչ թե կրճատել, որ դրամը չարժեզրկվի:

– Այս ամբողջ ընթացքում իշխանությունը հիմնավորում էր, որ իրենք կարողանում են որոշ չափով գնաճը զսպել: Հիմա ի՞նչ է սպասվում:

– Ոչ մի գնաճ էլ չեն կարողանում զսպել: Ինչպես աշխարհում է միջին գնաճը, այնպես էլ մեզ մոտ է: Իրենք զսպում են ներքին գնաճը, բայց առևտրային շոկերով պայմանավորված ներմուծվող գնաճը չեն կարող զսպել: Նավթի գների աճը ո՞նց են զսպելու, իհարկե չեն կարող: Դոլարով որ հաշվես, նավթը թանկանում է, իսկ դոլարով արտաքին շրջանառությունը քո ՀՆԱ-ի կեսի չափ է, այսինքն՝ 50 տոկոսով ազդեցություն ունի: Հայաստանը չի կարող դրսի գների փոփոխությունը չեզոքացնել իր ներքին դրամական քաղաքականությամբ, դրանք հեքիաթներ են:

– Ներկա պայմաններում, երբ արտաքին մարտահրավերներ են, պատերազմի սպառնալիք, մյուս կողմից՝ հայտարարում էին, թե ներդրումային դաշտն է բարելավվել, կարո՞ղ ենք ասել, որ առժամանակ էլի պետք է մոռանանք, որ այս իրավիճակում կգան ու ներդրումներ կանեն:

– Դժվար է ասել, կախված է նրանից, թե այս հրադադարը ինչքան կտևի, ինչ փորձեր կարվեն, ոնց կարող ենք մենք դա օգտագործել, որ բացառենք կամ նվազագույնի հասցնենք հետագա հարձակումները: Դա հազարավոր գործոններից է կախված, բայց մի պլյուս կա, որ այս զարգացումների ֆոնին մենք արտահանման ներուժի աճ ունենք, որ կարող ենք դրսին ինչ-որ բան մատակարարել, որոնք իրենք չեն կարողանում արտադրել:

Դա տնտեսության համար լավ է: Մյուս կողմից, այո՛, եթե վտանգը շարունակվի, ներդրումները կպակասեն, ո՞վ է կռիվ անող երկրում ներդրում անում: Այսինքն՝ բազմագործոնային խնդիր է այստեղ. մի գործոնն աշխատում է հօգուտ, մյուսը՝ ի վնաս: Որը գերակայի, այնպես էլ զարգացումները կգնան:

– Այսինքն՝ շատ բան կախված է ձեր նշած գործոնների՞ց:

– Այո՛, բազմաթիվ գործոնների կոնֆիգուրացիայից է կախված, թե որը կգերակայի: Եթե կարողանանք խելամտորեն հարձակման վտանգները նվազեցնել, ներդրումները կավելանան, եթե չկարողանանք՝ չեն ավելանա:

– Այս իրավիճակում դժվա՞ր է կանխատեսել, թե ինչ է սպասում Հայաստանում եվրոյի ու դոլարի փոխարժեքին:

– Եթե մեր իշխանություններն ուզում են փոխարժեքի հաշվին արտաքին ինֆլյացիոն շոկերը լուծել, դա երկրի մրցակցայնությունը գցում է: Դրամը որ թանկանում է, մեր արտահանումն էլ է թանկանում: Հիմա պետք է նայեն, թե ինչն է իրենց համար ավելի գերակայելի՝ գների մակարդա՞կը, թե՞ երկրի զարգացման հեռանկարները: Ըստ դրա ինչ որոշեն, դա էլ կանեն:

Մենք տեսնում ենք, որ ընթացիկ գնաճային խնդիրներն իրենց համար ավելի կարևոր են: Իսկ ես կարծում եմ, որ երկրի ապագան ավելի կարևոր է, դրա համար պետք է երկրի մրցունակության աստիճանը չիջեցնել: Իրենք ուրիշ ձևով են մտածում: Եթե այսպես անես՝ մի դաշտում կշահես, մյուս դաշտում խնդիր կունենաս:

Եթե այնպես անես, խնդիր կունենաս գնաճի, դոլարային վարկերի վերադարձի հետ: Եթե այսպես անես՝ մրցունակությունդ կնվազի, քիչ կծախսես, զարգացումդ կպակասի: Հիմա ո՞րն է ճիշտ: Պետք է հասկանանք՝ ժողովուրդն ինչ է ուզում, ըստ դրա էլ վարվենք: Պետք է բացատրել ժողովրդին, որ այս դեպքում այսպես կլինի, այն դեպքում՝ այնպես: Դա չի արվում:

Մանե Հարությունյան

MediaLab.am