Զգոն եղեք կանխիկ գործարք անելիս, թղթադրամներով խարդախությունները շարունակվում են. ոստիկանություն

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի 36 և 37 տարեկան բնակիչներ խարդախությամբ իրացնում են հուշանվեր-թղթադրամներ: Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզային, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սեբաստիայի փողոցում խարդախություն կատարելու պահին նրանց հայտնաբերեցին ու ձերբակալեցին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց չորսական 100 և 50 հազարանոց, ութ հատ 10 հազար, 18 հատ 20 հազար դրամանոց և մեկ 100 դոլարանոց հուշանվեր-թղթադրամներ:

Հաղորդում է վերցվել նրանց հանցավոր գործունեությունից տուժած մի տղամարդուց: Նա իրավապահներին հայտնել է, որ տղամարդիկ հուշանվեր-թղթադրամներով իրենից գնել են 200 հազար դրամի ավտոպահեստամասեր: Նա նաև նշել է, որ կասկած չառաջացնելու համար տղամարդիկ մոտեցել էին բանկոմատին ու ձևացրել, թե իբր այնտեղից են հանում թղթադրամները:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են:

Հուշանվեր-թղթադրամներով խարդախությունները շարունակվում են. ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է՝ զգոն եղեք կանխիկ գործարք անելիս։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: