Միֆեր եւ իրականություն՝ պատվաստումների մասին. Ըստ մասնագետների, բացասական վերաբերմունքի հիմնական պատճառը բուժաշխատողներն են

Միֆեր եւ իրականություն՝ պատվաստումների մասին. Ըստ մասնագետների, բացասական վերաբերմունքի հիմնական պատճառը բուժաշխատողներն են
Միֆեր եւ իրականություն՝ պատվաստումների մասին. Ըստ մասնագետների, բացասական վերաբերմունքի հիմնական պատճառը բուժաշխատողներն են

Հայաստանում ազգաբնակչության որոշ շերտի մոտ պատվաստումների վերաբերյալ բացասական վերաբերմունքը հիմնականում ձևավորվում է բուժաշխատողների կարծիքի հիման վրա։ Եթե բուժաշխատողը բացասական է վերաբերվում պատվաստումներին, ապա մեծ է հավանականությունը, որ նրան դիմած ծնողը չի պատվաստի իր երեխային։ Ըստ ՀՀ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի՝ այս պատկերն են ստացել Հայաստանում իրականացված հետազոտությունների արդյունքում։ 

Ըստ հետազոտությունների՝ բուժաշխատողների 78 տոկոսը նշել է, որ պատվաստումների հարցում շատ մեծ է բուժաշխատողների դերը։ Հարցված ծնողների 98 տոկոսը նշել է, որ անվերապահ վստահում է բուժաշխատողներին։ 

«Սա նշանակում է, որ այդ ծնողները բուժաշխատողների խորհրդով կա՛մ կպատվաստեն իրենց երեխաներին, կա՛մ չեն պատվաստի։ Ծնողները, ցավալի է՝ նաև բուժաշխատողները, վախենում են պատվաստումից, իսկ այդ ամենի հետևանքով տուժում են երեխաները»,- ասում է Գայանե Սահակյանը։

Եթե բուժաշխատողը վստահ չէ, որ պատասվատումներն օգուտ կբերեն, անգամ համոզված ծնողը, ընկնելով այդ բուժաշխատողի մոտ, կհրաժարվի պատվաստումից, հավելում է Սահակյանը:

Այն, որ պատվաստումները բացասական հետևանքներ են ունենում, ըստ մասնագետի, սուտ է։ Բայց այդօրինակ ստեր տարածող բուժաշխատողներին օրենքով չեն կարողանում պատժել։ Գայանե Սահակյանը հիշեցնում է, որ 2015 թվականից հետո սուտ տեղեկատվություն տարածելն ապաքրեականացվել է։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասում է, որ չեն ուզում օրենսդրական կարգավորումներով ստիպել ազգաբնակչությանը պարտադիր պատվաստումներ իրականացնել։ Ըստ նրա՝ եթե, Աստված չանի, համաճարակային իրավիճակ լինի, ստիպված են օրենքի ուժով հարցը կարգավորել։

«Բայց հիմա չենք ուզում գնալ դրան, որովհետև ուզում ենք, որ հասարակությունը գիտակցված գնա դրան։ Կա ճնշման գործիք, բայց դրանից զերծ ենք մնում»,- ասում է նախարարը։

Պատվաստանյութերի մասին տարածված ապատեղեկատվությունը բազմազան է։ Որոշ ծնողներ հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստել՝ հենվելով հենց ապատեղեկատվության վրա։

«Վարդանանք» նորարարական բժշկական կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանն ասում է, որ տարածված ապատեղեկատվություններից մեկն այն է, թե իբր պատվաստումները երեխաների մոտ աուտիզմ են առաջացնում։

«Ծնողների մեծ մասը, անգամ որոշ բուժաշխատողներ հավատում են այս միֆին։ Բայց պատվաստումների որևէ գործոն չի առաջացնում աուտիզմ»,- ասում է Լիլիթ Մարությանը։

Մյուս ապատեղեկատվությունն այն է, թե պատվաստանյութերի հետ երեխաների օրգանիզմ ծանր մետաղներ են ներարկվում։ Մասնագետներն այս վարկածը ևս հերքում են՝ հենվելով մասնագիտական փաստերի վրա։

Հատկապես վերջին տարիներին Հայաստանում տարածված է այն տեսակետը, թե երկիր ներկրվող պատվաստանյութերի միջոցով «Հայաստանի վրա փորձարկում են կատարում»։ 

Մասնագետները հիշեցնում են, որ մեկ պատվաստանյութը լիցենզավորում ստանալու համար երկար փուլ է անցնում՝ 15-20 տարի։ 

«Հայաստանը փոքր շուկա է, որևէ ընկերություն չի համարձակվի այստեղ փորձարկում իրականացնել։ Փորձերն արվում են նախքան այդ պատվաստանյութի լիցենզիա ստանալը։ Հայաստան պատվաստանյութերը ներկրվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով, դա ամենաանվտանգ ուղին է»,- ասում է Գայանե Սահակյանը։

Հաջորդ ապատեղեկատվությունն այն է, որ պատվաստանյութերը հակացուցված են հղիներին։ Մասնագետները բացատրում են, որ որոշ պատվաստանյութեր, ինչպես, օրինակ՝ գրիպի, կապույտ հազի դեմ պատվաստանյութերը ցուցված են հղիներին։ 

Ըստ Լիլիթ Մարությանի՝ աշխարհում արդեն 45 տարի հղիները պատվաստվում են այս հիվանդությունների դեմ, Հայաստանում դա նոր են սկսել կիրառել։

Մասնագետները նաև միֆ են որակում այն կարծիքները, թե քրոնիկական հիվանդներին հակացուցված են պատվաստանյութերը։ Այդ հիվանդներին մասնագետներն առաջին հերթին են խորհուրդ տալիս պատվաստվել։

Մասնագետները հատկապես կարևորում են կանանց ու աղջիկների համար պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները։ 

«Արգանդի պարանոցի քաղցկեղի համար պապիլոմավիրուսը համարվում է անհրաժեշտ պատճառ։ Այսինքն՝ չկա այդ պատճառը, չկա նաև այդ հիվանդությունը»,- ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը։

Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների գործընթացում ևս հետաքրքիր պատկեր է ստացվել։ Այն թաղամասերում, որտեղ առաջնային օղակի բժիշկները կարևորել են այս պատվաստումը, մինչև 100-տոկոսանոց պատվաստումներ են գրանցվել։ Բայց եղել են նաև պոլիկլինիկաներ, որտեղ մեկ պատվաստում անգամ չի եղել, այդտեղ բուժաշխատողների հետ բացատրական աշխատանք է կատարվել։

Հայաստանյան որոշ բժշկական կենտրոնների ու առողջության առաջնային պահպանման օղակների 30 բուժաշխատողի շրջանում անցկացվել են հետազոտություններ՝ պարզելու, թե ինչո՞ւ են նրանք դեմ պատվաստումներին։

Բացահայտվել է, որ որոշ նեղ մասնագետներ, որոնք ներգրավված չեն պատվաստումների գործընթացում, օրինակ՝ մանկաբարձ-գինեկոլոգները, նյարդաբանները, ատամնաբույժները, մարդկանց խորհուրդ են տալիս չպատվաստվել։

«Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի ավագ մասնագետ Սիրանուշ Զաքարյանի տեղեկացմամբ՝ հետազոտության շրջանակներում փորձել են նաև պարզել, թե ինչո՞ւ է որոշ բուժաշխատողների շրջանում պատվաստումների մասին բացասական կարծիք ձևավորվել։ Պարզվել է, որ այն բուժաշխատողները, ովքեր ներգրավված չեն պատվաստումների գործընթացում, շատ ցածր բազային գիտելիքներ ունեն պատվաստումների մասին։

«Հատկապես նեոնատոլոգների ու գինեկոլոգների շրջանում է բացասական կարծիք պատվաստանյութերի մասին։ Նրանք ունենք բազային գիտելիքի պակաս, պետք է նախ կրթել, հետո իրազեկել բուժաշխատողներին»,- ասում է Սիրանուշ Զաքարյանը։

Բուժաշխատողների կրթության ու իրազեկման հարցը կարևորում է նաև իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Ես միանշանակ կողմ եմ կրթմանը, պարտադրող այլ գործողության ես դեմ եմ։ Մեր հիմնական խոցելի խումբը նեղ մասնագետներն են ու այն մասնագիտությունները, որոնք ընդհանրապես կապ չունեն պատվաստումների գործընթացի հետ։ Առաջնահերթ, որպեսզի իրավիճակը փոքր-ինչ մեղմենք, պետք է կարճաժամկետ դասընթացներում փորձենք իմունիզացիայի բաղադրիչը ներառել։ Դրա հետ մեկտեղ հեռանկարային բազային գիտելիքների բարելավում պետք է լինի։ Այսինքն՝ եթե ատամնաբույժի մասնագիտությունն ընտրած ուսանողն ընդունվեց բժշկական բուհ, նա այդ մասին նվազագույն բազային գիտելիք պետք է ստանա»,- «Մեդիալաբին» ասում է Գայանե Սահակյանը։

Մասնագետի խոսքով՝ նաև հասարակությանը պետք է կրթել։ Այդ կրթման գործընթացը պետք է սկսել հենց դպրոցից։ Երեխան հենց դպրոցից պետք է հասկանա՝ ինչ է մանրէն, ինչպես կարելի է դրա դեմ պայքարել, ինչ է իմունային համակարգը և այլն։ Դրա հետ մեկտեղ նաև հասարակությանը մշտապես պետք է իրազեկել, մարդիկ այսօր իրազեկման կարոտ են, ասում է Գայանե Սահակյանը։ 

Նրա խոսքով՝ շատ կարևոր է նաև ծնողների ու բժիշկների միջև հաղորդակցությունը։ Բուժաշխատողները մարդկանց պետք է մատչելի տեղեկատվություն տրամադրեն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am