ԵՏՄ-ն արհամարհում է Հայաստանին

ԵՏՄ-ն արհամարհում է Հայաստանին
ԵՏՄ-ն արհամարհում է Հայաստանին

Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը Այսօր հանդիպելու են ԵՏՄ անդամ  3 երկրների նախագահները, որին չի մասնակցելու ՀՀ նախագահը։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ Հայաստանին դուրս են թողնում գործընթացներից կամ խնդիրները քննարկում ու լուծում են առանց ՀՀ-ի։ Նայած ինչ հարցեր են իրենք քննարկում։ Որքան հասկանում եմ՝ գլխավոր հարցը Ուկրաինան […]

Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

Այսօր հանդիպելու են ԵՏՄ անդամ  3 երկրների նախագահները, որին չի մասնակցելու ՀՀ նախագահը։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ Հայաստանին դուրս են թողնում գործընթացներից կամ խնդիրները քննարկում ու լուծում են առանց ՀՀ-ի։

Նայած ինչ հարցեր են իրենք քննարկում։ Որքան հասկանում եմ՝ գլխավոր հարցը Ուկրաինան է, և այդ տեսակետից Ռուսաստանը համարում է, որ Հայաստանն այդ հարցում չի կարող դերակատարություն ունենալ, դրա համար էլ չեն հրավիրում։ Երկրորդ, մեծ գաղտնիք չէ, որ մենք ԵՏՄ-ում հավասար պետություն չենք։ Մենք մտանք ԵՏՄ ոչ թե որպես հավասար պետություն, այլ որպես կցորդ, որովհետև հասկանալի է՝ այդ երեք պետությունները մեծ պետություններ են՝ մեծ տարածքով, մեծ տնտեսությամբ, մեծ բյուջեով։ ԵՏՄ-ն տնտեսական միություն է և բոլորիս համար էլ պարզ էր, որ այդ տեսանկյունից մենք մեծ արժեք չունենք այդ երկրների համար։ Դա է նաև պատճառը, որ այնքան էլ հետաքրքիր չէ մեզ հետ հանդիպել։ Այո, տրամաբանությունը հուշում է, որ նաև Հայաստանը մասնակցեր նման հանդիպումներին, բայց քանի որ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին հավասարը հավասարի չէր, և ՌԴ վերաբերմունքը մեր նկատմամբ այնուամենայնիվ այն չէ, որ պետք է լինի, այդ բոլոր գործոնների ազդեցությամբ մեզ չհրավիրեցին։

Այս տարվա հունվարից սկսած Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներն զգալիորեն կրճատվել են ։ Այսինքն մենք այս միությունում և ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելով տանո՞ւլ ենք տալիս, հաշվի առնելով, որ ԵՏՄ-ի հետ կապված իշխանությունների խոստումները, թե դա դրական կազդի երկրի տնտեսության վրա, չեն արդարանում։

Այսօր կարելի է փաստել, որ գոնե առաջին երկու ամիսներին որևէ արդյունք չտվեցին, բացի բացասականից։ Բայց ես չեմ ուզում անպայման բոլոր բացասական երևույթները կապել միայն ԵՏՄ անդամակցության հետ։ Օրինակ՝ Ռուսաստանը գտնվում է պատժամիջոցների տակ, Հայաստանը դրա հետ կապ չունի, պատժամիջոցների պատճառով Ռուսաստանում և ֆինանսական, և տնտեսական ճգնաժամ է։ Դա նշանակում է, որ տուժում են նաև հայերը, որոնք այնտեղ ապրում են, փող են վաստակում և ուղարկում Հայաստան։ Ուրեմն, Ռուսաստանի ճգնաժամն ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա։ Բայց անպայման չէ, որ սա կապենք ԵՏՄ-ի հետ։ ԵՏՄ-ի հետ պետք է կապել ուրիշ հարցեր. Օրինակ այն, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հունվար-փետրվար ամիսներին և առևտրաշրջանառությունը, և արտահանումն ու ներմուծումը նվազեց։ Մինչև ԵՏՄ մտնելը Հայաստանն իր առևտրի 75 տոկոսը ծավալում էր Եվրոպայի, Վրաստանի, Չինաստանի, Իրանի, Ուկրաինայի հետ, ու հիմա այդ բոլոր ապրանքներն այստեղ բերելը դարձավ ոչ շահավետ։ Մյուս կողմից, մենք ընդհանուր սահման չունենք ԵՏՄ անդամ երկրների հետ, և այն դրականը, որը պետք է լիներ անդամակցության դեպքում, չկա, քանի որ դու Վրաստանով պետք է տանես քո ապրանքները դեպի Ռուսաստան։ Սպասված դրականը ավելի քիչ է, քան բացասականը, որ դեռ շարունակվում է։

Այսպիսով՝ մի կողմից Ռուսաստանում ճգնաժամ է, այդ երկիրը պատժամիջոցների տակ է, որը որևէ կապ չունի ԵՏՄ-ի հետ, բայց դրա հետևանքով կրճատվում են տրանսֆերտները։ Մյուս կողմից, կա բացասական ազդեցություն ԵՏՄ-ի հետ կապված. դա այն է, որ մեր առևտրաշրջանառության 75 տոկոսը Ռուսաստանից դուրս էր գնում, ու հիմա այդ առևտուրը տուժում է, քանի որ այդ ապրանքն օտար ապրանք է, մտնում է Ռուսաստան հավելյալ հարկով, մաքսատուրքերով, պարզ է որ այն թանկանում է: Արդյունքում ավելի քիչ են բերում այդ ապրանքը: ԵՏՄ անդամակցությունից դրական ակնկալիքն այն էր, որ մեր ապրանքն ավելի հեշտ կարող ենք տանել Ռուսաստան, բայց այդ դրականը չի երևում, քանի որ մենք սահման չունենք Ռուսաստանի հետ: Բացի այդ, եթե Ռուսաստանում ճգնաժամ է, շուկան նրանց վատ վիճակում է, հետևաբար մեր ապրանքները դժվար կծախվեն այնտեղ։ Պարզ երևում է, որ այդ անդամակցությունը դեռ սպասված դրականը չի տալիս, փոխարենը բացասականն ակնհայտ է: Մենք դրա մասին զգուշացրել ենք, որ դա որևէ բան մեզ չի տա: Մեզ ասում էին դուք չեք հասկանում, փոխարենը կապահովվի մեր անվտանգությունը: Բայց եթե ընդհանուր քաղաքական անվտանգության առումով դա մեզ ուժեղացնում է, հիմա գոնե Աստանա մեզ պետք է կանչեին, չարհամարհեին։ Անվտանգությունն այն չէ, թե դու ում զենքով ում ես պաշտպանում, անվտանգությունն այն է, որ մեզ հրավիրեին բոլոր միջոցառումներին, որ մենք վաղն ասեինք այո, մենք թուլացրինք կապը Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, բայց տեսաք մեզ այստեղ մարդահաշիվ են անում։ Բայց այստեղ մեզ նույնիսկ չեն կանչում քննարկման, որն Ուկրաինային է վերաբերվում, բայց պարզ է, որ այնտեղ կքննարկվեն նաև տնտեսական հարցեր։ Եթե չեն հրավիրում, նշանակում է մենք այնտեղ լիարժեք անդամ չենք։ Թող բացատրեն ինչի հետ է կապված, որ մենք չենք մասնակցում այդ նիստին, և բնավ նշանակություն չունի՝ այդ նիստը ԵՏՄ շրջանակներում է, թե այլ շրջանակներում, քանի որ Հայաստանը ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ է և որ ձևաչափով էլ նրանց հավաքվեցին, մենք պետք է լինեինք:

Այսօր խոսվում է Եվրոպական միության հետ նոր, ավելի թույլ համագործակցություն ենթադրող պայմանագիր ստորագրելու մասին։ Կարծում եք՝ հնարավոր կլինի՞ դա ստորագրել, թե դա նույնպես կշարժի Մոսկվայի խանդը, և մեզ կարգելեն որևէ փաստաթուղթ ստորագրել։

Դժվար է ասել, թե որքանով Ռուսաստանը կխանդի, քանի որ գլխավոր պրոցեսը Ռուսաստանը կարողացավ խափանել՝ Հայաստանը չստորագրեց ասոցացման պայմանագիրը։ Ռուսաստանը հասավ իր ուզածին, Հայաստանը հրաժարվեց ստորագրել ասոցացման համաձայնագիրը, որտեղ կարևոր մաս կար ազատ առևտրի հետ կապված: Դրանից հետո չեմ տեսնում խնդիր, որ նորից խանգարեն։ Հիմա թե ինչ կարող է լինի Եվրոպայի և Հայաստանի միջև, դժվար է ասել, քանի որ Եվրոպան էլ մեզ կոնկրետ առաջարկ չունի: Եվրոպայում էլ հիմա քննարկումներ են գնում, տարաձայնություններ կան, օրինակ՝ Ավստրիայի ԱԳ նախարարը երկու օր առաջ հայտարարեց, որ Արևելյան գործընկերության հարևանության ծրագիրը պետք է վերանայել։ Թե ինչ նկատի ուներ, դժվար է ասել, բայց այնտեղ հետևյալ միտքը կար, որ այս վեց երկրների համագործակցությունը չպետք է անտեսի նաև այլ երկրների շահերը։ Կարծում եմ՝ ինքը նկատի ուներ Ռուսաստանը։ Այսինքն՝ նույնիսկ Եվրոպայում միանշանակ դիրքորոշում չկա, այո, իրենք ուզում են քննարկել, վերանայել, իմաստավորել։ Հիմա Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի առումով, որոնք ստորագրեցին ասոցացման պայմանագիրը, հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, իրենք ստորագրեցին, հիմա խոսքն այն մասին է, թե ինչպես անեն, որ Ռուսաստանը չխանդի, դաժան ձևով չհարվածի, բայց պարզ չի, թե ինչ պետք է լինի այն երկրների նկատմամբ, որոնք դարձան ԵՏՄ անդամ։ Կարող եմ իմ առաջարկն ասել, որ ասոցացման պայմանագրի քաղաքական մասը կարելի է վերանայել, վերաթարմացնել և ստորագրել մինչև Ռիգայի վեհաժողովը։ Այնտեղ խոսվում էր իրավական, տեղական ինքնակառավարման համակարգերում, գիտության, կրթության ոլորտում բարեփոխումների մասին: Այդ մասով Հայաստանը հետ չի կանգնում, Երևանը պաշտոնապես ասում է, որ պատրաստ է շարունակել այդ աշխատանքները: Բացի այդ, մարդու իրավունքների ոլորտը, հասարակության հետ համագործակցությունը ևս կարևոր ոլորտներ են, որոնք պետք է մտցնել այդ քաղաքական ծրագրի մեջ և հռչակել, որ մենք պատրաստ ենք այդ ուղղություններով համագործակցել ԵՄ-ի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/111577