Անելու եմ առավելագույնը, որպեսզի բացահայտվեն ու պատասխանատավության ենթարկվեն ընտրակեղծարարությանը դույզն ինչ մասնակցություն ունեցած բոլոր ուժերը․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված իրավական գործընթացների վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է, միանշանակ ու ամենևին պայմանավորված չէ ընթացիկ քաղաքական զարգացումներով կամ կոնյուկտուրայով։ Ես իմ ողջ հրապարակային գործունեության ընթացքում՝ թե՛ որպես լրագրող ու խմբագիր, թե՛ որպես ԱԺ պատգամավոր մշտապես ու հետևողականորեն պայքարել եմ Հայաստանում արմատավորված օլիգարխիկ համակարգի վերացման, ոչնչացման համար։

Այդ պայքարը եղել է շատ ծանր, ուղեկցվել է զրկանքներով ու հետապնդումներով։ Նույն օլիգարխիկ շրջանակներն այն ժամանակների իշխանության ամենաբարձր հովանավորությամբ իմ դեմ կազմակերպել են ամենատարբեր բռնաճնշումներ, ընդհուպ ֆիզիկական սպառնալիքի մակարդակի։ Բայց դա ինձ հետ չի պահել օլիգարխիայի դեմ պայքարից, քանի որ ես այն մշտապես համարել եմ մեր երկրում արմատացած ամենամեծ չարիքներից մեկը։ Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում ես դիտարկում եմ հենց այդ՝ օլիգարխիայի դեմ պայքարի լույսի ներքո։ Միևնույն ժամանակ ուզում եմ ընգծել, որ իմ մոտեցումը ամենևին անձնավորված չէ, պայմանավորված չէ այս կամ այն օլիգարխի նկատմամբ ունեցած սուբյեկտիվ վերաբերմունքով։

Ես պայքարել ու պայքարելու եմ օլիգարխիայի՝ որպես երևույթի ու համակարգի դեմ, որը չի կարող տեղ ունենալ իրավական, ժողովրդավարական երկրում։ Օլիգարխիան չարիք է առաջին հերթին ազատ տնտեսական մրցակցության համար, օլիգարխիան խեղում է ցանկացած նորմալ տնտեսական հարաբերություն, հետևաբար այն ուղղակի սպառնալիք է մեր տնտեսության զարգացման համար։ Միանգամայն այլ է օլիգարխիայի քաղաքական նշանակությունը։ Տարիներ, տասնամյակներ շարունակ այն եղել է հանցավոր իշխանության վերարտադրության հիմնական գործիքն ու մեխանիմզը, օլիգարխիայի միջոցով ոտնահարվել, բռնաբարվել է քաղաքացիների ամենաառաջնային իրավունքներից մեկը՝ ընտրական իրավունքը։ Դա արվել է ճնշումների, տարբեր ազդեցությունների և անշուշտ համակարգված ընտրակաշառքի միջոցով, ինչի մասին վկայությունները արդեն այսօր հասու են մեզ։

Ընդ որում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղել է ընտրակեղծարարության ու ընտրակաշառքների համակարգի կարևոր, բայց ամենևին ոչ միակ ներկայացուցիչը։ ԲՀԿ–ն գործել է նախկին իշխանության սահմանած խաղի կանոններով, որոնց շրջանակներում ընտրությունները կեղծվել են դրա մասնակից բոլոր ուժերի՝ ՀՀԿ–ի, ՀՅԴ–ի, «Օրինաց Երկրի» կողմից։
Հետևաբար այսօր ընթացող գործընթացը կարող է ամբողջական ու համակարգային լինել միայն այն դեպքում, երբ բացահայտվեն նախորդ տասնամյակներին ընտրական իրավունքի ոտնահարման միջոցով պետության ու իշխանության զավթմանը մասնակից վերը նշված բոլոր ուժերի հանցագործությունները։ Դրա ամենաարդյունավետ ճանապարհը, ինչպես նշել եմ բազմաթիվ առիթներով, կլինի անցած երկու տասնամյակներին պետության ու իշխանության զավթմանը գործող խորհրդարանի կողմից իրավաքաղաքական գնահատական տալը, որը կունենա նախ քաղաքական, ապա նաև իրավական հետևանքներ։

Իսկ հանրագումարում այս գործընթացի համալիր հետևանքը պետք է լինի պետության ու իշխանության զավթմանը, ընտրակեղծարարությանը մասնակցած բոլոր քաղաքական ուժերի գործունեության դադարեցումն ու արգելումը, ինչի պատմական օրինակներն առկա են։ Քաղաքացու հիմնարար իրավունքի բռնաբարմանը մասնակցած կուսակցությունները, դրանց անվան տակ հանդես եկած հանցավոր խմբակիցները չպետք է իրավունք ունենան մասնակցելու քաղաքականությանը ու առավել ևս հավակնելու իշխանությանը։

Ինքս՝ որպես Ազգային Ժողովի պատգամավոր, հետամուտ եմ լինելու այս գործընթացի շարունակությանը, անելու եմ առավելագույնը, որպեսզի բացահայտվեն ու պատասխանատավության ենթարկվեն ընտրակեղծարարությանը դույզն ինչ մասնակցություն ունեցած բոլոր ուժերը։ Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստանը» որևէ պարագայում չպետք է դառնան քավության նոխազ այդ համակարգային, կազմակերպված ու տասնամյակներ տևած հանցագործությունների բացահայտման գործընթացում։

Պատասխանավտության պետք է ենթարկվեն ընտրակեղծարարությանը մասնակցած բոլոր ուժերն ու օլիգարխները՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Մհեր Սեդրակյանը, Գագիկ Բեգլարյանը և մյուսները։ Դա է անցյալի ամոթալի էջը փակելու և այլևս երբեք ընտրական իրավունքի նկատմամբ ոտնձգություն թույլ չտալու դժվարին ճանապարհը։

Ես ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ու ապագայում անելու եմ ինձանից կախված առավելագունը այդ ճանապարհն անցնելու համար։

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ…

Gepostet von Arman Babajanyan am Donnerstag, 18. Juni 2020