«Անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս պիտի Հայաստանն ու Թուրքիան բացեն ցամաքային անցակետերը՝ առանց դիվանագիտական հարաբերությունների». Անդրիաս Ղուկասյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում հետագա ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ նկատի ունենալով հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։

 – Ձեռք բերված պայմանավորվածությունները նշանակում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացն ունի հստակ օրակարգ և ժամկետներ, ու այսպես ասած առաջին քայլը, որը մատուցվեց, դեռ հարց է, թե ի՛նչ է տալու Հայաստանին։ Ի՞նչ է շահելու Հայաստանը նրանից, որ երրորդ երկրի քաղաքացիները կարող են Հայաստան գալ Թուրքիայից կամ հակառակը։ Այս հարցի պատասխանը պետք է իշխող ուժը տա։

Ինձ համար անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս պիտի Հայաստանն ու Թուրքիան բացեն ցամաքային անցակետերը՝ առանց դիվանագիտական հարաբերություններ ունենալու, և ինչպե՞ս պետք է մաքսային ու այլ կարգավորումները համաձայնեցնեն՝ առանց փոխադարձ պայմանագրային հարաբերությունների։ Տեսանելի է, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ բոլոր կարգավորումները, որոնց մասին խոսում է այսօրվա իշխող ուժը, հայտարարությունների մակարդակում է, ոչ մի իրավական, պայմանագրային բնույթ ունեցող փաստաթուղթ չենք տեսնում։

– Ձեռք բերված այս պայմանավորվածություննե՞րն էլ են մնալու հայտարարությունների մակարդակում։

– Ձեռք բերված պայմանավորվածությունը խոսում է ինչ-որ երրորդ պետության շահերի մասին, որը հետաքրքրված է Հայաստանի տարածքով Թուրքիա մուտք գործելով կամ հակառակը։ Ովքե՞ր են այդ երրորդ պետությունները, որոնք հետաքրքրված են դրանով. տեսականորեն՝ դա կարող է Ադրբեջանը լինել, Ռուսաստանը, Վրաստանը լինել, բայց եթե խոսքն Ադրբեջանի մասին է, հարց է առաջանում՝ Հայաստանի ձեռքբերումը ո՞րն է։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին, եթե այդ երրորդ պետությունը Ռուսաստանն է։ Այս ամենն անորոշ է մնում, պարզ է մի բան, որ պարզ և հասարակ գործընթացը՝ սահմանների բացում, Հայաստանին ու Թուրքիային անհասանելի է։

Ըստ էության, կարող էր լինել պարզ և հասարակ որոշում, չէ՞, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել ցամաքային-սահմանային անցակետեր, բայց դրա փոխարեն ինչ-որ կվազի որոշումներ են, որոնց շահառուն՝ ակնհայտ է, ինչ-որ երրորդ պետություններ են, իսկ Հայաստանի՞ շահն ինչ պետք է լինի, պետք է լսենք իշխող ուժի առաջնորդներին։

– Իսկ ինչո՞ւ կողմերը միանգամից չեն գնում ձեր ասած՝ պարզ ու հասարակ որոշմանը, պարո՛ն Ղուկասյան։

– Իրավիճակն այնքան հակասական է, որ եթե որպես ելակետ ընդունենք Նիկոլ Փաշինյանի ելույթները, ապա այստեղ ամեն ինչ կա․ սկսած նրանից, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ այդ դեպքում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական սահմանի բացումն անհնար է, որովհետև եթե Ադրբեջանը պատերազմի մտադրություն ունի, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապա սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող։

Իսկ եթե ենթադրենք, որ դրա հետ մեկտեղ կան Ռուսաստանի Դաշնության շահերը, որը Հայաստանի տարածքով ինչ-որ ծրագրեր է փորձում իրականացնել՝ Թուրքիայի հետ համատեղ, կարելի է միայն ենթադրություններ անել, որ դա հնարավոր կլինի, բայց պետք է հասկանալ՝ ո՞րն է Հայաստանի շահը, ի՞նչ ստացանք նրանից, որ սահմանների բացման փոխարեն ունենք այն, որ Հայաստանի տարածքով երրորդ երկրի քաղաքացիները կարող են Թուրքիա գնալ-գալ։

– Այսպիսի քայլերը կտանե՞ն սահմանների լիարժեք բացման, ու որքանո՞վ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն։

– Համոզված եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է լինի 1915-21 թթ․ Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից։ Առանց սրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կեղծ գործընթաց է։ Մնացած ամեն բան ես համարում եմ կվազի քայլեր, որոնց նպատակն է ոչ թե լուծել խնդիրը, այլ քողարկել ու ստեղծել ինչ-որ կեղծ իրավիճակ, որում Հայաստանը, ըստ էության, պետք է հաստատի, որ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը, դրան հետևած մյուս գործողությունները, էթնիկ զտումները եղել են օրինական ու տրամաբանված, ասի՝ լավ եք արել, որ մեզ կոտորել եք, ու մենք պատրաստ ենք հիմա ձեզ հետ հարաբերություններ կարգավորել։

Որևէ պետություն չի կարող խաղաղության պայմանագիր կնքել այն պետության հետ, որն իրականացնում է իրեն ոչնչացնելու քաղաքականություն, իսկ Ադրբեջանն իրականացնում է հայերին ոչնչացնելու քաղաքականություն։ Այս պայմաններում բացառվում է խաղաղություն հաստատել։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, հետևաբար մինչև Արցախի հարցի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի կամ, եթե Ադրբեջանը հրաժարվում է՝ Հայաստանի ու միջազգային հանրության համատեղ որոշումը չլինի, չպետք է որևէ դրական փոփոխություն ակնկալել։ Խաբեություն է, թե հնարավոր է խաղաղություն հաստատել նրա հետ, ով քեզ ոչնչացնում է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am