Մոսկվայում անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Հակաօդային պաշտպանության համակարգը Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ոչնչացրել է անօդաչու թռչող սարք, որի բեկորներն ընկել են Կարամիշևսկայա առափնյակի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում։

«Մեկ անօդաչու թռչող սարքով փորձ է արվել թռչել քաղաքի վրայով: ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում այն ​​ոչնչացվել է: Կարամիշևսկայա առափնյակի տարածքում բեկորներ ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել», – գրել է նա։

Քաղաքապետը հավելել է, որ միջադեպը լուրջ վնասների չի հանգեցրել, տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին պարզաբանել է, որ Կիևի վարչակարգը փորձել է ԱԹՍ-ով հարվածել Մոսկվայի տարածքում գտնվող օբյեկտի։ Ըստ գերատեսչության՝ անօդաչու թռչող սարքը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, այն ընկել է անտառում։

Ըստ «РИА Новости» գործակալության՝ ավելի վաղ ականատեսները հայտնել էին, որ Կարամիշևսկայա առափնյակի տարածքում պայթյուն է որոտացել։ Նրանք նշել են, որ տներում ցնցվել են ապակիները, մեքենաների ազդանշանները միացել են։