«21-րդ դարն է, ի՞նչ ջրի կորուստ, ո՞նց կարող է ջրի կեսից ավելին կորի». ինչո՞ւ Հայաստանում ջուրը թանկացավ

Լուսանկարը՝ համացանցից

 Հայաստանում ջրի սակագնի բարձրացման որոշումը, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի դիտարկմամբ, հերթական մահակն է քաղաքացիների գլխին:

«Եթե նկատել եք, ամեն տարի թանկացումներ են՝ էլեկտրաէներգիա, ջուր, էլ չեմ խոսում առաջնային պարենամթերքի երկնիշ թանկացումների մասին»,-«Մեդիալաբին» ասում է Պողոսյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիշեցնենք, երեկ հաստատել էր որոշման նախագիծ, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա շուրջ 8,5 դրամով` 200 դրամից դառնալով 208,415 դրամ։ Հանձնաժողովը այդպիսով բավարարել էր «Վեոլիա ջուր» ընկերության հայտը շատ չնչին տարբերությամբ. «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ էր ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել և պատրաստել որոշման նախագիծ, ըստ որի՝ սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա նույնը՝ 180 դրամ, իսկ մնացած սովորական սպառողների համար սակագինը 200 դրամից կդառնա 208,5 դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր հերթին հայտարարել էր, որ սահմանվող սակագինը Կառավարությունը սուբսիդավորելու է մեկ տարով, այսինքն՝ սպառողի համար սակագնի որևէ փոփոխություն չի լինի:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը թանկացումը մեկ տարով սուբսիդավորելու մասին որոշումը իմիտացիա է համարում՝ նշելով, որ այդպիսով կառավարությունը փորձում է քողարկել քաղաքացու վրա ուղղակի ծանրությունը:

«Թանկացում առաջին հայացքից չի նկատվում, այսինքն՝ սուբսիդավորվում է, և մարդիկ իրականությունը գնահատում են այնպես, որ ոչ մի բան չի եղել: Մինչդեռ բյուջեն քաղաքացիների համար է, և բյուջեից փոխհատուցում տալը նշանակում է ինչ-որ բանից կտրել քաղաքացուն: Ստացվում է՝ ՀՀ քաղաքացին մի գրպանից չի վճարում, մյուս գրպանից վճարում է թանկացման համար»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ընդգծում է Պիպոյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «Վեոլիա ջուր» ընկերության հայտի ուսումնասիրությունը, ըստ Պիպոյանի, ձևական բնույթ էր կրում, քանզի ի սկզբանե որոշված էր՝ սակագինը կբարձրանա: Հետևաբար նա պնդում է՝ ջրի սակագնի բարձրացման մասին որոշումը քաղաքական էր. «Ցավոք, մեր իրականությունում հանրային ծառայությունների ոլորտում գների հայտերի ուսումնասիրությունը ընդամենը փաթեթավորման գործընթացն է էն ամենի, ինչը որոշված է: Պետությունը չի կիրառում գործիքակազմ՝ մոնիթորինգների շրջանակում հետևելու հանրային ծառայություն մատուցող ընկերության պլանավորած ու կատարած աշխատանքներին, հետևաբար կառույցը, այս դեպքում՝ հանձնաժողովը, ոչ թե իրականում գինն է փորձում հասկանալ և ոլորտն է փորձում կարգավորել, այլ պարզապես փաթեթավորում է քաղաքական որոշումը»:

Մասնագետները չորս գործոն են մատնանշում, որի հիման վրա ջրի սակագնի բարձրացում կարող է լինել՝ մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը՝ կանխատեսված բազիսային ծավալի նկատմամբ, սղաճը, ընկերությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը և ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելը, այսինքն՝ ջրի կորուստը: Արմեն Պողոսյանի դիտարկմամբ՝ նշված չորս գործոններից առավել ազդեցիկը այս դեպքում եղել է սղաճը կամ ինֆլյացիան, սակայն պակաս կարևոր չէ ջրի կորուստների հարցը:

«Մեր մոնիթորինգի արդյունքում Երևանում ուսումնասիրած 400 կետերից 300-ում հայտնաբերել էինք այս կամ այն շեղումներ: Ստացվում է՝ 70 տոկոս դեպքում եղել են խնդիրներ, որոնց թվում են նաև ջրի գողություն, կորուստ: Սա 21-րդ դարն է, ի՞նչ ջրի կորուստ, ո՞նց կարող է ջրի կեսից ավելին կորի, ուրեմն վատ են աշխատում բոլորը՝ վերահսկողները, իրականացնողները, պետական հանձնաժողովը, քանի որ այս հանձնաժողովն իրավունք ունի ընդհուպ լիցենզիան հետ վերցնելու»,- նշում է Պողոսյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am