«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվել է

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա նաև Չարչյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է որակել։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է ձայնագրություն, որում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը պարտադրում է մասնակցել կիրակի օրը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

 Նա սպառնում է աշխատակիցներին՝ ասելով, թե ինքը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, և եթե որևէ մեկը չկատարի իր «խնդրանքն ու պահանջը» և չմասնակցի ընտրություններին, ապա կարժանանա «շատ կոշտ վերաբերմունքի և համարժեք պատասխան կստանա»։

«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները և տեսնելու եմ՝ ով է գնացել ընտրության և ով չի գնացել»,- հրապարակված ձայնագրությունում ասում է Արմեն Չարչյանը։