«Այն փողը, որով պետք է զենք գնվեր, զինվորի կյանք փրկվեր, այդ փողը հիմա գնացել է Պանամա». Աղասի Ենոքյան

«Այն փողը, որով պետք է զենք գնվեր, զինվորի կյանք փրկվեր, այդ փողը հիմա գնացել է Պանամա». Աղասի Ենոքյան
«Այն փողը, որով պետք է զենք գնվեր, զինվորի կյանք փրկվեր, այդ փողը հիմա գնացել է Պանամա». Աղասի Ենոքյան

Վերջին օրերին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցել է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:

-Պարոն Ենոքյան, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին: Այսինքն, չնայած հայկական կողմը դժգոհությանը, Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին, ի՞նչ է կատարվում:

-Այսինքն, սրանով Ռուսաստանը հայտարարում է, որ շարունակելու է փորձել կառավարել ղարաբաղյան կոնֆլիկտը: Զենք մատակարարելով՝ այդ երկիրը փորձում է մեկ մի կողմին ուժեղացնել, մեկ՝ մյուս: Այսինքն՝ իր այս կոշտ գործիքով նա կառավարում է այդ կոնֆլիկտը:

-Մյուս կողմից հայտնի դարձավ, որ Հայաստանի զենքը, որը պետք է մատակարարվեր 200 մլն դոլար վարկային համաձայնագրի շրջանակներում, Ռուսաստանը չի մատակարարել: Ստացվում է, որ միայն Ադրբեջանին է զենք մատակարարվել:

-Ես սա ուզում եմ դիտարկել այն համատեքստում, որ կարծես թե փորձ է արվում, որպեսզի  զինադադարի նոր համաձայնագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի: Այսինքն, Հայաստանն ի վերջո ընկնելու է այնպիսի հումանիտար կատաստրոֆայի մեջ, որ չունենալով զենք, չկարողանալով պատերազմել, ստիպված խնդրելու է ռուս խաղաղապահներին մտնել այդ տարածք: Ուշադրություն դարձրեք, որ եթե Ղարաբաղը կնքեր այդ պայմանագիրն Ադրբեջանի հետ, ապա նման իրավունք չէր ունենա, քանի որ չճանաչված երկիր է: Այսինքն, Ռուսաստանը շարունակում է զինելով, զենքի կառավարումով իր զորքը տարածաշրջան բերելու քաղաքականությունը:

-Ի դեպ, վերջին օրերին դարձյալ ակտիվացել է խաղաղապահների թեման, և ՀՀԿ-ական գործիչները հայտարարում են, որ նման առաջարկներ կան, որպեսզի Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայվեն: Դա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար:

-Դեռ կարծես թե չեն խոսում ռուս խաղաղապահների մասին, խոսում են ընդհանրապես խաղաղապահների մասին: Դա կհանգեցնի նրան, որ ի վերջո մեզ կստիպեն այդ տարածքում տեղակայել ռուսական զորքեր: Իսկ ռուսական զորքերի՝ այդտեղ տեղակայումը նշանակում է հայկական զորքերի  դուրս բերում: Հայկական զորքերի դուրս բերումը նշանակում է, որ դրանից հետո ռուսներն արդեն տարբեր քաղաքական, նույնիսկ ֆինանսական գործիքների դիմաց այդ տարածքները կհանձնեն Ադրբեջանին:

-Նախկինում Ադրբեջանը դեմ էր խաղաղապահների տեղակայմանը, բայց այսօր կարծես դեմ հայտարարություններ չեն հնչում:

-Հիմա Ադրբեջանին դա ձեռնտու է: Ուշադրություն դարձրեք, այդ երկիրը դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը 2014 թվականից՝ վերջին երկու տարիներին: Այսինքն, երբ որ Ալիևի համար ակնհայտ դարձավ ղրիմյան ավատյուրան: Եվ որ ամենակարևորն է, նավթի գների անկումից հետո, երբ Ալիևի համար ակնհայտ դարձավ, որ պուտինյան ռեժիմը կործանվելու է, նա արդեն դեմ չէ այդ խաղաղապահներին: Այդ խաղաղապահները մշտապես այնտեղ չեն կարող մնալ, Պուտինի գնալու հետ խաղաղապահները նույնպես դուրս կգան, բայց նրանք լուծած կլինեն իրենց խնդիրը՝ տարածքը հայազրկած ու Ադրբեջանին հանձնած կլինեն:

8

-Սերժ Սարգսյանը Բեռլինում հայտարարեց, որ 1980-ականների զենքով է կռվում հայկական բանակը: Մենք իմացել ենք, որ տարիներ շարունակ բանակը սպառազինություններով համալրելուն հսկայական միջոցներ են հատկացվել, ի՞նչ եղան այդ միջոցները, ինչո՞ւ է նման հայտարարություն արվում:

-Տեսեք ինչ է տեղի ունեցել. այստեղ խնդիր կա, որ Ադրբեջանն այնպիսի պատերազմ պետք է սկսի, որ մենք ստիպված լինենք ռուս խաղաղապահներ կանչել: Իսկ դրա համար պետք է Ադրբեջանին տալ զենք, իսկ մեզ պետք է տալ զենքի իմիտացիա, որ մեզ թվա, թե մենք էլ զենք ունենք: Ադրբեջանը ստանում է նորագույն զենք, իսկ մենք՝ հին սովետական: Ես չգիտեմ՝ ինչ եղավ զենքի գումարը: Հայաստանի պաշտոնյաների հայտնվելն այս պանամական օֆշորի սկանդալում պատահական չէ: Չեմ կարող ասել՝ ինչ եղան բյուջեի փողերը, բայց վախենամ, որ գնացել են Պանամա: Այն փողը, որով պետք է զենք գնվեր, պետք է զինվորի կյանք փրկվեր, այդ փողը հիմա գնացել է Պանամա:

-Ինչո՞ւ այսօր ստեղծվեց այս իրավիճակը, ի՞նչը հանգեցրեց սրան: Մի կողմից արտաքին աշխարհը հավասարության նշան է դնում Հայաստանի ու Ադրբեջանի գործողությունների միջև, մյուս կողմից Հայաստանի ղեկավարությունը չի կարողանում պաշտպանել իր շահը:

-Դրա պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունն ընտրված չէ իր ժողովրդի կողմից: Հայաստանի իշխանությունը նշանակված է Կրեմլից և ցանկանում է շարունակել պահել իր իշխանությունը, լծակները, այդ պատճառով էլ ստիպված է հպատակվել Կրեմլի ասածներին: Նա պետք է ծառայի Կրեմլի շահերին, որովհետև Կրեմլի նշանակածն է:

-Միևնույն ժամանակ ականատես ենք լինում, որ Սերժ Սարգսյանը դժգոհում է ռուսական քաղաքականությունից. ՌԴ վարչպետի հետ հանդիպմանը նա Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով դժգոհություն հայտնեց: Սա քաղաքականության փոփոխություն կարո՞ղ է նշանակել:

-Մի փոքր ատամիկ է ցույց տալիս, դա չի կարելի համարել ագրեսիվ քաղաքականություն: Ագրեսիվություն կլիներ, եթե նա հայտարարեր ու դուրս գար Եվրասիական տնտեսական միությունից, դուրս գար ՀԱՊԿ-ից, ռուսական զորքը Հայաստանից հաներ, Գազպրոմի ձեռքից խլեր այդ համակարգը: Պետք է ճիշտ որոշումներ ընդունել: Միգուցե այնտեղ կան նյուանսներ, որոնց մենք չենք տիրապետում, բայց անընդհատ ասելով, որ կան նյուանսներ, որոնց չենք տիրապետում, հայտնվեցինք այս իրավիճակում:

-Ի՞նչ քայլ պետք է անի Հայաստանը՝ այս ծանր վիճակից դուրս գալու համար:

-Հայաստանին հիմա պետք են Ռուսաստանի հանդեպ ավելի հստակ քայլեր: Պետք է նախ և առաջ միջազգային հանրությունից հստակ երաշխքիներ ստանալ, որ այս զինադադարը կպահպանվի: Այս օրերին, երբ ամեն վայրկյան դիվանագիտական ճակատում կարելի է հարց լուծել, Հայաստանի արտաքին գործերի նախարարը գնում ու մասնակցում է ինչ-որ մշակութային միջոցառումների: Սա ծաղր է: Այս իշխանությունները ապրում են իրենց վիրտուալ կյանքով: Մենք հայտնվեցինք այս իրավիճակում, քանի որ մեր իշխանությունները ժողովրդի կողմից ընտրված չեն և չեն ներկայացնում ժողովրդի կարիքներն ու շահերը:

Էմմա Մանուկյան

© Medialab.am